«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2012-04-13 | #68, 2012-04-14 | #69, 2012-04-17


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ապրիլի 16-ին տեղի ունեցավ Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական եւ գործնական հիմնախնդիրներ (փիլիսոփայական եւ հոգեբանական տեսանկյուններ) թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովի հադիսավոր բացումը: Գիտաժողովը կազմակերպել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության եւ փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտը, Փիլիսոփայության միջազգային ակադեմիան եւ Հայոց փիլիսոփայական ակադեմիան:

Հանդիսավոր նիստը բացեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ին առընթեր Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության եւ փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գեւորգ Բրուտյանը :

Ողջունելով ներկաներին Բրուտյանն ասաց. «Մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ հնի եւ նորի պայքարում ստեղծվում է փոխակերպման միտված հասարակություն: Այդ գործընթացում տեղի է ունենում անցյալից մեզ հասած լավի, օգտակարի եւ նորի ծիլերի դեռեւս չկանգնեցված օրգանական զուգակցում: Դա նշանակում է նաեւ, որ հինը ոչ թե դեն է նետվում բոլոր դեպքերում ու պայմաններում, այլ կերպարանափոխվում է նորի ազդեցության տակ եւ նպաստում նորի զարգացմանը: Դա այն է, ինչ մասնագետներն անվանում են փոխակերպվող հասարակություն: Այդ փոխակերպումն իր մեջ ներառում է զարգացման հիմնական շերտերը եւ փուլերը:

Այնուհետեւ գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ քննարկվող թեման խիստ արդիական է ոչ միայն գիտնականների, այլեւ քաղաքական գործիչների համար: «Համոզված եմ, որ այս գիտաժողովը կնպաստի մանկավարժական համալսարանի միջազգային կապերի ամրապնդմանը: Մենք մշակել ենք համալսարանի զարգացման հավակնոտ ծրագիրՙ նրա մակարդակը միջազգային լավագույն համալսարանների չափանիշներին բարձրացնելու համար»,- ասաց Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նկատեց նաեւ, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն առավել սուր ձեւով է ներկայացնում փոխակերպվող հասարակության խնդիրները եւ պահանջում քաղաքական գործիչներից գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ չեն տա, որպեսզի նվազի քաղաքացիների կենսամակարդակը: «Մենք ապրում ենք մի աշխարհում, որի թիվ մեկ բնութագիրն արագ փոփոխություններն են, որոնց արդյունքում էապես ուժգնացել են փոխադարձ ազդեցությունները, եւ աշխարհը դարձել է շատ ավելի բաց: Մեր աչքի առջեւ ձեւավորվում է որակապես նոր տիպիՙ պոստինդուստրիալ հասարակություն, որի հենքային գործընթացը ոչ թե ապրանքների, այլ գիտելիքի արտադրությունն է: Ժամանակակից է համարվում այն հասարակությունը, որն ի վիճակի է արտադրել ժամանակակից գիտելիք»,- ընդգծեց ՀՊՄՀ խորհրդի նախագահը:

Լիագումար նիստում զեկույցով հանդես եկավ փիլիսոփայության դոկտոր, ակադեմիկոս, Աթենքի համալսարանի պատվավոր ռեկտոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Եվանգելոս Մոութսոպոուլոսը :

Ապա փիլիսոփայության պրոֆեսոր, Ինսբրուկի համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Հանս Կոխլերը ներկայացրեց «Արդի բազմամշակութային հասարակությունը եւ միջմշակութային հարաբերությունների հերմենեւտիկան» թեմայով զեկույցը, որում ընդգծեց, որ պետությունների կայունության ապագան կախված կլինի նրանից, թե ինչպես են նրանք վերաբերվում մշակութային բազմազանությանը: Զեկուցման մեջ Կոխլերը ներկայացրեց «քաղաքակրթությունների երկխոսության» ժամանակակից դիսկուրսի համատեքստում միջմշակութային հարաբերությունների դինամիկան` գլոբալ քաղաքակրթական գիտակցության զարգացմանը զուգընթաց:

«Կոսմոպոլիտիզմը մեր ժամանակներում» թեմայով զեկույցի հեղինակը Կոպենհագենի Աարուսի համալսարանի պրոֆեսոր, Կրթության բաժանմունքի էթիկայի եւ իրավունքի կենտրոնի տնօրեն, Փիլիսոփայական ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (FISP) նախագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Պիտեր Կեմպն էր: «Աշխարհի քաղաքացի կամ «կոսմոպոլիտ» լինելն այսօր ենթադրում է ընդունել, որ ընդհանուր կարեւոր խնդիրներ կան, որոնք ոչ մի ազգ` նույնիսկ ամենաուժեղը, չի կարող միայնակ լուծել»,- ասաց նա: Զեկուցողն ընդգծեց, որ աշխարհի քաղաքացին չպետք է դեմ հանդես գա ազգային քաղաքացուն, այլ ընդհանուր մտածողությունն ու գործունեությունը պետք է ուղղված լինեն անհատական, տեղային եւ ազգային կյանքի պահպանմանը:

«Փսիխոպաթիա. առնչությունները փոխակերպվող հասարակության հետ» թեմայով զեկույցով հանդես եկավ Գլազգոյի շոտլանդական համալսարանի դատակլինիկական հոգեբանության պրոֆեսոր, Հոգեբանության եւ իրավունքի եվրոպական ընկերակցության նախագահ Դեյվիդ Կուկը : Նա անդրադարձավ, որ դեռեւս Աստվածաշնչում կարելի է հանդիպել փսիխոպաթիայի նկարագրությունների: Նա մանրամասն երկայացրեց այն բոլոր վարքագծային խանգարումները, որոնք հանդիպում են փսիխոպաթիայի ժամանակ:

Հանդիսավոր նիստի ավարտին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ Գեորգ Բրուտյանը վարչապետին շնորհեց Փլիսոփայության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում: Տիգրան Սարգսյանն այն համարեց պարտավորեցնող եւ շնորհակալություն հայտնել բարձր գնահատանքի համար: Գիտաժողովը շարունակվում է փիլիսոփայության եւ տրամաբանության ոլորտի հինգ մասնաճյուղերի զուգահեռ աշխատանքներով, որտեղ ելույթներով հանդես կգան խոշոր գիտնականներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Դանիայից, Բելգիայից, Ֆինլանդիայից, Չեխիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանից եւ ԼՂՀ-ից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4