«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2012-04-13 | #68, 2012-04-14 | #69, 2012-04-17


ՀԱՅԿԱԿԱՆ ԵԹԵՐՈՒՄՙ ԲԱՑԱՌԻԿ

«Վէմ» ռադիոկայանի գործունեությունը ոչ թե այլընտրանք, այլ ինչ-որ տեղ ընդվզում է ներկայիս եթերային ( եւ ոչ միայն) տիրապետող արժեքների եւ մտայնության դեմ: Դա համոզմունք էՙ գիտակցված եւ նպատակաուղղված առ այն, որ «հասարակական կյանքի բարեփոխումներն սկսվում են մարդու ներաշխարհի վերափոխումից»: Դա դիրքորոշում էՙ ի պաշտպանություն եւ ի տարածումն համամարդկային այն արժեքների, որոնց ճշմարտացիությունը հաստատված է վաղուցՙ ժամանակի անբեկանելի «ձեռամբ». դրանք մարդկային քաղաքակրթության թանկ ձեռքբերումներն ենՙ հոգեւոր-մշակութային եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Եվ նրանք, ովքեր շարունակում են ապրել այս սկզբունքով եւ կամ հոգեկերտվածքով այս դաշտին են պատկանում, «Վէմ» ռադիոկայանի մշտական ունկնդիրն են, բարեկամն ու աջակիցը, եւ որովհետեւՙ այդ բոլորի համար «Վէմ»-ը հիրավի դարձել է հոգեւոր յուրատեսակ ապաստան, նեցուկ, խորհրդատու-ուղեցույց ժամանակի` կուրորեն գահավիժող հորձանուտներում: Հանրային այս լսարանն իսկապես բարեկրթող, ուսուցանող, ինքնամտորման մղող, երաժշտական ճաշակ, բարիք ու բարոյականություն դաստիարակող դպրոց է:

«Վէմ» ռադիոկայանը 24 ժամ մեզ հետ է, այսինքնՙ անդադար, եւ որեւէ պահի երբ փորձես միանալ ռադիոեթերին, հուսախաբ չես լինի, հոգեկից կգտնեսՙ թե՛ երաժշտական հաղորդումներում, թե՛ հոգեւոր, թե՛ մշակութային-գաղափարական զրույցներում: Արդեն 10 տարի «Վէմ» ռադիոկայանը եթերի այս ճանապարհին էՙ ունկնդրին հավատարիմ ծառայությամբ: Իրենց իսկ բնութագրմամբՙ ռադիոկայանի եթերը հաղորդակցման արվեստի է վերածվել. «հնչած երաժշտությունը վեհացնում է հոգին, հաղորդումները հարստացնում ներաշխարհը, եւ զրույցները լուսավորում ճանապարհը»:

Այս տարիների ընթացքում «ՎԷՄ»-ը պատրաստել եւ հեռարձակել է սեփական արդադրության 40 անուն հաղորդաշար, 17.000 հեղինակային հաղորդում, որոնց մասնակից է արել հայ ժամանակակից մտավորականության լավագույն ներկայացուցիչներին: Հայկական եթերում «Վէմ»-ը միակն է, որ բացառապես հեռարձակում է դասական երաժշտությունՙ ձայնադարանում ունենալով համաշխարհային դասական երաժշտության լավագույն կատարումների ավելի քան 30.000 երաժշտական միավոր:

«Վէմ Մեդիա արուեստներ»-ի թողարկած հեռուստատեսային 5 հաղորդաշարերը ուղղված են աշխարհաճանաչողության եւ ինքնաճանաչողության բացահայտմանը, բարձրորակ մշակույթի, արվեստի հետ հաղորդակցությանը: Ստուդիայի նկարահանած տասնյակից ավելի ֆիլմերըՙ էկոլոգիական, բարոյական, առողջապահականՙ մեր օրերի ամենաթեժ, խնդրահարույց թեմաների անդրադարձեր ենՙ («Շիկահող, «Ագահության մոլուցք», «Հույսի թելեր» եւ այլն), հատկապես հաջողություն է արձանագրել 2010-ին նկարահանված «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմըՙ Սուրբ երկրում հայերի դարավոր ներկայության մասին պատմող, որը միջազգային 3 փառատոներում արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին:

«Վէմ»-ն իր ստուդիաներում, հայկական եկեղեցիներում ու վանքերում կատարել է մի շարք ձայնագրություններ, ինչպեսՙ Սաղմոսավանքում հայկական հոգեւոր երաժշտության ընտրանինՙ «Հիլիարդ» անսամբլի կատարմամբ: Առաջին լազերային սկավառակըՙ The Way` Կոմիտասի մշակմամբ հայկական շարականներ են, «Հովեր» երգչախմբի կատարմամբ, հաջորդըՙ Komitas Quarter ձայնասկավառակըՙ XX դարի հայ կոմպոզիտորների մի շարք գործերն ամփոփող: Այս շարքում հետաքրքրական են Հովհ. Թումանյանի հեքիաթների եւ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակի ձայնասկավառակները:

«Վէմ»-ը «Գանձասար» կենտրոնի հետ հրատարակել է շուրջ 80 գիրք, կես միլիոն տպաքանակով. կարեւոր ձեռնարկ է նախադպրոցական տարիքի երեխաներին հասցեագրված «Իմ առաջին գիրքը» խորագրով շարքը: 2009-ից www.vem.am էլ. հասցեով գործում է ռադիոկայանի եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) կայքը:

«Վէմ»-ի տասնամյա գործունեությանը նվիրված հանդիսությունը կայացավ նույն վայրումՙ Կամերային երաժշտության տանը, որտեղ եւ 2002-ի ապրիլի 7-ին հանդիսավոր բացումն էր կայացել: Հանդիսության ելույթային մասը զուսպ էր, հակիրճ, հիմնականը համերգային ծրագիրն էր:

«Վէմ»-ի գործունեության կարեւոր դրվագներն ամփոփող էկրանին ցուցադրված կադրերից, լուսապատկերներից հետո ռադիոկայանի գործունեությունը, նպատակն ու գաղափարախոսությունը ներկայացրեց հիմնադիր-նախագահ Մեսրոպ քհն. Արամյանըՙ շնորհակալությամբ բոլոր հովանավորներին, աջակիցներին, «Վէմ» ակումբի անդամներին: «Վէմ» ռադիոկայանը ստանձնել է հայ մարդու հոգեւոր պաշտպանության, ազգային արժեքների պահպանման, բարձրարժեք մշակութային քարոզչության կենսական սպասավորությունը հայկական եթերում: Իր բովանդակությամբ եւ հեռարձակման որակով դարձել է չափանիշ, սեփական ինքնության փնտրտուքների եւ խորքային բացահայտումների աղբյուրՙ խոսքի մատուցումը հասցնելով արվեստի մակարդակի», ասաց նա:

Հանդիսությանը ընթերցվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնանքն ու բարեմաղթանքը: Համերգային ծրագրում ելույթ ունեցան «Հովեր» պետական կամերային երգչախումբըՙ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, «Արամ Խաչատրյան տրիոն», Արս Լունգա գործիքային դուետը, Գեղարդավանքի «Երգեցիկ» համույթը (խմբավարՙ Անահիտ Պապայան), բլուլահար Նորայր Քարդաշյանը, «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլը (գեղարվեստական ղեկավարՙ Սեդրակ Երկանյան), Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, կամերային կազմով, ղեկավարությամբՙ հրավիրյալ դիրիժոր, շվեյցարահայ Լյուք Բաղդասարյանի:

«Վէմ» ռադիոկայանի եթերն անհնար է պատկերացնել առանց Սարգիս Նաջարյանի եւ Աիդա Ներսիսյանիՙ ձայնային հարուստ, բազմերանգ ընթերցումների եւ հաղորդավարման: Այդ օրը Կամերային տան երեկոյի հանդիսավարըՙ Սարգիս Նաջարյանը, ինչպես եւ բնութագրվեցՙ «Վէմ»-ի խորհրդանիշը, ունկնդրին 2 ժամ հաճելիորեն «պահեց» FM 101.6 ռադիոալիքի հարազատ եթերում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4