Ըստ ձեւավորված ավանդույթի, Գյումրու «Վերածնունդ» չորրորդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ապրիլի 15-ից ընթանում է հերթական եռօրյա գիտաժողովը: «Մշակույթների երկխոսություն. համաշխարհային մշակույթը եւ Հայաստանը» ընդհանուր խորագրով ամենամյա այս գիտական նստաշրջանին Հայաստանի տարբեր մշակութային եւ այլ հաստատություններից բացի մասնակցում են մասնագետներ Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Հունաստանից:
Գիտաժողովի առաջին օրն այստեղ կերպարվեստի գործերի երկու ոչ մեծ ցուցադրություն էր կազմակերպված: Մեկը «Երվանդ Քոչար» թանգարանի ներկայացրած` Քոչարի գրաֆիկ աշխատանքների շարքն էր (վերատպություններ)` «Սասունցի Դավիթ» էպոսի թեմաներով, որտեղ Վարպետը կարողացել է, ինչպես հյուրերի համար մեկնաբանեց թանգարանի գլխավոր ֆոնդապահ Քնարիկ Շահխաթունին, 7 նկարազարդումներով էպոսի չորս ճյուղերն էլ ներկայացնել: Ցուցադրված էին նաեւ գյումրեցի նկարիչ Վահան Թոփչյանի մեկ տասնյակ գործեր:
Գիտական այս նստաշրջանում ներկայացված ավելի քան չորս տասնյակ զեկուցումներում արծարծված են մշակույթի եւ արվեստի տարբեր ուղղություններին, ժողովուրդների ստեղծագործական փոխառնչություններին ու մշակութային երկխոսությանը, մեծ անհատների ստեղծագործության տարբեր կողմերին վերաբերող եւ այլ հարցեր: Գիտաժողովը նաեւ ներկայանալու ու մասնագիտական հասունացման լավ հնարավորություն է երիտասարդ ուսումնասիրողների համար: Զեկուցողների թվում կան նաեւ ասպիրանտներ ու անգամ մագիստրոսներ մեր հանրապետության բուհերից ու մշակութային օջախներից:
Գ. Մ.