Անթալիայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումների վերջին օրը մրցահարթակ դուրս եկան գերծանրքաշայինները: Հայաստանը ներկայացնող 22-ամյա Հայկ Հակոբյանը վստահ հանդես եկավ պոկում վարժությունումՙ 195 կգ արդյունքով դառնալով արծաթե մեդալակիր: Ընդ որում Հայկը միայն անձնական ավելի ծանր քաշի պատճառով ոսկե մեդալը զիջեց նույնպիսի արդյունքի հասած վրացի Իրակլի Թուրմանիձեին:
Ցավոք հրում վարժությունում մեր դյուցազնը չկարողացավ պայքարել մրցանակային տեղերի համար: Նա վարժությունը սկսեց 215 կգ-ից, ապա հաջողությամբ հաղթահարեց 220 կգ-անոց ծանրաձողը: Սակայն 3-րդ մոտեցմամբ նա չկարողացավ գլխավերեւում պահել 225 կգ-անոց ծանրաձողը: Արդյունքում Հակոբյանը երկամարտի 415 կգ (195+220) ցուցանիշով գրավեց 6-րդ տեղը 22 մասնակիցների մեջ: Ինչ խոսք, երիտասարդ ծանրորդի համար այս ցուցանիշը նորմալ կարելի է համարել:
Չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Ռուսլան Ալբեգովը, որը երկամարտում ցույց տվեց 429 կգ (191+238) արդյունք: Ընդ որում պոկում վարժությունում նա միայն 4-րդն էր: Սակայն ռուս ծանրորդը շատ վստահ ելույթ ունեցավ հրում վարժությունումՙ նվաճելով փոքր ոսկե մեդալ ու ապահովելով ընդհանուր հաղթանակը երկամարտում:
Արծաթե մրցանակակիր դարձավ գերմանացի Մաթիաս Շտայները, որը ցույց տվեց 424 կգ (190+234) արդյունք: Հետաքրքրական է, որ նա պոկում վարժությունում 5-րդ արդյունքն էր ցույց տվել, իսկ հրումում զբաղեցրել էր 4-րդ տեղը: Բրոնզե մեդալը նվաճեց վրացի Իրակլի Թուրմանիձենՙ 423 կգ (195+228):
Եվ այսպես, Եվրոպայի առաջնությանը մասնակցած հայ 3 ծանրորդները միասին ընդամենը մեկ արծաթե մեդալ նվաճեցին: Հիշեցնենք, որ մինչեւ 69 կգ քաշային կարգում Վանիկ Ավետիսյանը գրավել էր 4-րդ տեղը, իսկ Սամվել Գրիգորյանը 10-րդն էր:
Անթալիայում բոլորից հաջող հանդես եկան ռուսաստանցի ծանրորդները, որոնք երկամարտում նվաճեցին 5 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ: 2-րդ տեղում Ադրբեջանի հավաքականն էՙ 3 ոսկե, 1 բրոնզե մեդալ: Ընդ որում թիմին մեդալներ պարգեւողները հիմնականում բուլղարացի ծանրորդներն էին, որ հանդես եկան Ադրբեջանի դրոշի ներքո: Լավագույն եռյակը եզրափակեց Թուրքիայի ընտրանինՙ 2 ոսկե, 3-ական արծաթե եւ բրոնզե մեդալ: