«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2012-04-17 | #70, 2012-04-18 | #71, 2012-04-19


ՌԵԿՏՈՐՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Այն պահին, երբ կրթության ու գիտության նախարարության դիմաց Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մի քանի հարյուր ուսանողներ ի պաշտպանություն ռեկտոր Սուրեն Զոլյանի բողոքի ակցիա էին անցկացնումՙ հայտարարելովՙ «Չկա Զոլյան, չկա Բրյուսով», պահանջելով, որ նախարարը դուրս գա Facebook-ից եւ իրենց հետ շփվի, նախարարի Facebook-յան էջը Բրյուսովի անվան համալսարանի մասին գրառումներով էր լցվում: ԿԳ նախարարին հիշեցնում էին, թե Զոլյանի օրոք Բրյուսովն ինչ հաջողություններ է գրանցել, նշում, որ նախարարն անհիմն է հեռացրել ռեկտորին եւ պահանջում նրան վերականգնել պաշտոնում:

Համալսարանի շուրջն առաջացած կրքերի օրվա գլխավոր newsmaker-ները կրկին Աշոտյանն ու Զոլյանն էին: Վերջինս Բրյուսովում կայացած ասուլիսի ժամանակ անհիմն որակեց նախարարի երկու նկատողությունները: Նրա մեկնաբանությամբՙ Աշոտյանի ստորագրած ազատման հրամանում կան օրենքի շեղումներ, եւ նախարարը երկիրն անհարմար վիճակի մեջ է դրել եվրոխորհրդարանում: «Առաջին նկատողությունն ինձ տրվեց, որովհետեւ, որպես Եվրոխորհրդի փորձագետ, պարտավոր էի մասնակցել համապատասխան կոմիտեի աշխատանքներին եւ գնացել էի երկրից: Կառավարությունն իրավունք չունի միջամտելու փորձագետի աշխատանքներին: Եվրոխորհրդում քննարկվում է այս դեպքը, որովհետեւ անհասկանալի է, թե ինչպես Եվրոխորհրդի փորձագետին իր աշխատանքը պատշաճ կատարելու համար կարելի է ազատել աշխատանքից: Վստահ եմՙ Եվրոխորհրդարանը խիստ կարձագանքի»:

Զոլյանը հերքեց խոսակցությունները, որ կրթության ոլորտի երկու ներկայացուցիչների մջեւ սեւ կատու է անցել ֆինանսական խնդիրների պատճառով: «Նման բան չկա: Չեմ ուզում անձնավորել, ոչ էլ քաղաքականացնել, բայց այդ նպատակաուղղվածությունը ցույց է տալիս, որ միտումներ կան, թեեւ չեմ ուզում ենթադրություններ անել: Այս գործելաոճով նախարարն աշխատում է իր կուսակցության դեմ, քանի որ վնաս է հասցնում կուսակցությանը հենց նախընտրական շրջանում: Իսկ թե ինչու է շտապում հեռացնել ինձ մինչ ընտրությունները, երեւի վստահ չէ, որ ընտրություններից հետո նույն պաշտոնում կլինի», ասաց Զոլյանըՙ հավելելով, որ Աշոտյանին առաջարկել է դադարեցնել խոսակցությունները մինչեւ ընտրությունների ավարտը, սակայն Աշոտյանը հրաժարվել է:

Թեպետ երեկվանից ուժի մեջ է մտել նախարարի որոշումը, համաձայն որի ԵՊԼՀ ռեկտորն ազատված է պարտականություններից, իսկ պաշտոնակատար նշանակվել է պրոռեկտոր Գաբրիել Բալայանը, Զոլյանը հայտարարեց, որ շարունակում է կատարել ռեկտորի պարտականությունները, քանի որ դրանք դադարեցնելու որոշումը հակաօրինական է եւ հարցը բողոքարկելու է դատարանում: Ի դեպ, Աշոտյանի հետ ունեցած կոնֆլիկտի հետեւանքով ռեկտորը չեղյալ է հայտարարել մասնակցությունը Գերմանիայում «Բազմալեզվությունը հասարակությունում, աշխատաշուկան եւ քաղաքականությունը: Դասավանդման նոր մարտահրավերները բարձրագույն ուսումնական հաստատություններում» խորագրով երկօրյա գիտաժողովին:

«Սուրեն Զոլյանին աշխատանքից հեռացման հարցում միայն իրավական հիմք կա, իսկ այլ տեսակի շահարկումներն անթույլատրելի են»: Սա էլ նախարար Աշոտյանի պատասխանն է: Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են դատարանում ներկայացնել բոլոր հիմնավորումներն ու փաստարակները:

Աշոտյանի գնահատմամբՙ այլ եղանակով որոշումը բեկանելու փորձերը հակաիրավական են, իսկ դասախոսներին եւ ուսանողներին որպես վահան օգտագործելնՙ անազնիվ: «Բացարձակ քաղաքական տրամաբանություն չկա: Եթե լինեին քաղաքական էլեմենտներ, ապա կփորձեի գործընթացը տեղափոխել ընտրություններից հետո», ասաց նախարարը: Կատարվածի առնչությամբ քաղաքական ենթատեքստ չի տեսնում նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա վստահ է, որ Աշոտյանը գործել է օրենքի սահմանում, իսկ եթե ոչՙ հարցը կքննարկվի օրինական դաշտում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4