Իրանում հիմնվել է միջուկային ճգնաժամերի կարգավորման շտաբ
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը բանակի ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելի կառավարությունը ԱՄՆ-ին չի խոստացել չռմբակոծել իրանական միջուկային օբյեկտները Թեհրանի հետ բանակցությունների վարման ժամանակ:
Բարաքը Արեւմուտքի հետ վարվող այդ բանակցություններն անվանել է «թանկարժեք ժամանակի դատարկ վատնում», քանի որ երկխոսությունը չի կարող Իրանի ղեկավարությանը համոզել հրաժարվելու միջուկային զենքի մշակումից:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն եւս դատապարտել էր Արեւմուտք-Իրան բանակցությունները: Նրա խոսքերով, առանց իրանական կողմի զիջումների մայիսի 23-ին Բաղդադում բանակցությունների երկրորդ փուլն անցկացնելու որոշումը նշանակում է, որ Թեհրանը եւս 5 շաբաթ նվեր է ստացել միջուկային ծրագրի շարունակման համար:
Մինչդեռ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ իր երկրի դեմ ուղղված ամեն մի նախահարձակում դատապարտված է ձախողման, եւ նախազգուշացրել է, որ Թեհրանը կհասցնի խորտակիչ հակահարված: Նա հայտարարությամբ հանդես է եկել Իրանի զինված ուժերի օրվա առթիվ:
Երեկ նաեւ հայտնի է դարձել, որ Իրանի իշխանությունները հիմնել են միջուկային ճգնաժամի կարգավորման հատուկ շտաբ: IRNA գործակալությունը հաղորդում է, որ շտաբը կզբաղվի «միջուկային սպառնալիքներով, այդ թվումՙ շրջակա միջավայրի աղտոտման հարցերով»: Նոր շտաբը ստեղծվել է ԱԷԿ-ի էլեկտրականության օգտագործման ընդլայնման շրջանակներում: Կառույցը գլխավորում է Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Աբբասի Դավանին: