Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արաբական գարնան ներկայիս վերլուծությունները առավելապես առաջ են քաշում էներգակիրների ու դրանց տեղափոխման երթուղիների շուրջը զարգացումների հետ «հեղափոխությունների» սերտ կապը այն դեպքում, երբ նույն էներգակիրները որեւէ կերպ չեն կարող բացառվել Պարսից ծոցում ու աշխարհագրական այդ տարածքից այլ վայրեր երթուղիների շրջակայքում հրահրված բոլոր ռազմական գործողությունների պարագայում:
Իրանը բացառություն չէ, թեեւ Ծոցի եւ Կասպից ծովի պաշարների առնչությամբ խոսակցությունները մշտապես քողարկվում են ժողովրդավարության կողմնակիցներ ներկայանալու մեկնաբանություններով, վերջին շրջանում էլ` Իրանի միջուկային խնդրով: Եվ այն, որ Իրանի շուրջը լրջագույն ամպեր են կուտակվում, նախ եւ առաջ բխում է Սիրիայի իրավիճակի լարվածությունից:
Ամեն դեպքում, այս ոլորապտույտում Իրան-Ադրբեջան հարաբերությունները եւ դրանց վատթարացումը կարող են որպես ցուցանիշ ծառայել ենթադրությունների, թե որքանով են մոտ իրականացմանը Իրանի վրա հնարավոր հարձակման պլանները կամ ինչ արդյունքի կարող են հասցնել այդ երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները` չմոռանալով, որ Իրանում որեւէ գործողություն կարող է տակնուվրա անել ողջ տարածաշրջանը` բառի ամենաընդգրկուն մասշտաբներում:
Իրանական լրատվամիջոցները մեկը մյուսի հետեւից հրապարակումներ են անում Իրանի դեմ Ադրբեջանի քայլերի ներկայացմամբ, միջազգային մամուլն էլ առանձնակի հետ չի մնում նմանօրինակ պահվածքի դրսեւորումից: Երեկ իրանական մամուլն արդեն տեղեկացնում էր, թե Իրան-Ադրբեջան սահմանին 30 տանկ է տեղակայվել ադրբեջանական կողմից, ընդ որում` իրանական կողմի տեղեկություններով` տանկերը իսրայելական արտադրության են:
Մյուս կողմից, Իսլամական կոնֆերանսի երկրների ուշադրությունն է Իրանը հրավիրում Ադրբեջանի այնպիսի հայտարարությունների վրա, ըստ որոնց այդ երկիրն իսլամական չէ կամ ամբողջողվին չէ այդպիսին: Ակնհայտորեն, տվյալ դեպքում Ադրբեջանն ի ցույց է դնում իր քամելեոնային հատկությունները, ըստ հարմարության ներկայանալով ինչպես իսլամական, այնպես էլ ոչ այդպիսին, մշտապես հաշվարկելով, որ նույն Իսլամական կոնֆերանսի երկրների ձայներն են «կանաչ լույս» վառում, օրինակ, ՄԱԿ-ում Ադրբեջանի` ղարաբաղյան թեմայով նախաձեռնած բանաձեւերին:
Միեւնույն ժամանակ գնահատականներ են հնչում, թե Ադրբեջանը ոչ միայն օժանդակում է Իրանի դեմ գործողություններին, ինչի համար էլ արժանանում է Իրանի քննադատությանն ու նոտաներին, այլեւ փորձում է նախապատրաստել հարձակում Արցախի վրա, որի համար նպաստավոր իրավիճակ կստեղծվի Իրանի վրա հարձակման պարագայում: Ամեն դեպքում, Ադրբեջանի նախագահի` կառավարության նիստում վերջին ելույթն էլ այնպիսի առատությամբ էր մեջբերումներ ներկայացնում երկրի ռազմական բյուջեի մեծացման, նոր սպառազինությունների ձեռքբերման ու «օկուպացվածը զենքով հետ բերելու» մասին, որ տարածաշրջանի թեժանալու հավանականությունը կարելի է մեծ համարել, հատկապես երբ Իսրայելը փորձում է ամեն գնով Իրանի դեմ պատերազմ հրահրել:
Վերջին նպատակին էլ կարող է ծառայել նաեւ այն փաստը, որ թեեւ Ադրբեջանն Իսրայելում դեսպանատուն չունի, սակայն առեւտրային ներկայացուցչություն արդեն բացել է, եւ սա, ի դեպ, Ադրբեջանի մեծ եղբոր` Թուրքիայի հետ Իսրայելի բավականին սառը հարաբերությունների պայմաններում: Այսօրինակ ներկայացուցչությունը, հաշվի առնելով Ադրբեջան-Իսրայել վերջին առեւտրային գործարքը` 1.6 մլրդ դոլարի սպառազինությունների տեսքով, կարող է նպաստել Ադրբեջանի առավել սպառազինմանը, եւ դա այն դեպքում, երբ ամերիկյան փորձագիտական շրջանակները բոլոր հնարավոր տարբերակներով փորձում են տեղ հասցնել, որ Իրանի վրա հարձակվելու Իսրայելի ցանկությունը կարող է կործանել նաեւ Միացյալ Նահանգները:
Ամեն դեպքում, այս ամենում որպես գործիք օգտագործվող Ադրբեջանի ստացած հնարավոր դիվիդենտները կարող են բերել մի իրավիճակի, երբ հարեւանները կզինվեն մինչեւ ատամներն ու հնարավոր կհամարեն Արցախի գրավումը` արդեն անկախ Իրանի շուրջը տիրող իրավիճակից: