ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանից հետաքրքվեցինք` ունի՞ բացատրություն, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը միայնակ, առանց ՀՀԿ հայտնի գործիչների հանդիպում ընտրողների հետ: Ա. Զաքարյանը ուղղեց հարցի շեշտադրումը` քարոզարշավն իրականացվում է կուսակցության նախագահի ղեկավարությամբ, սա նաեւ հասարակության հետ շփվելու լավ առիթ է. նախագահի հետ ուղիղ շփումներով ընտրողն ավելի վստահ եւ ավելի հիմնավորված քվեարկություն կկատարի: Դա նաեւ ընտրողի համար հնարավորություն է` երկրի եւ կուսակցության նախագահի հետ քննարկելու ամենատարբեր տեղական եւ ավելի գլոբալ նշանակության հիմնախնդիրներ: Ըստ Ա. Զաքարյանի` կուսակցության ողջ ակտիվը ներառված է քարոզչական գործընթացում, ձեւավորվել են խմբեր, որոնք լոկալ հանդիպումներում մարդկանց հետ քննարկում են խնդիրները, յուրաքանչյուր ընտրողի հետ առանձին աշխատանք է տարվում այդպիսի խմբերում` ամենափոքր խնդրի վրա անգամ ուշադրություն դարձնելով: Իսկ նախագահի հետ տվյալ մարզի քաղաքական գործիչներն են լինում, մարզի կուսակցական ակտիվը` ի՞նչ իմաստ ունի Երեւանից նույն շքախմբով բոլոր տեղերը գնալ:
Սակայն նույն հարցի վերաբերյալ բոլորովին այլ պատասխան ուներ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, որը նշում է, թե ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ մյուս կուսակցությունների քարոզարշավն այնպես է կազմակերպված, որ, իր խոսքով, «ցցում են լիդերներին»: Միայնակ քարոզարշավ տանում են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը (մեր անհամաձայնությանն ի պատասխան` Կ. Քոչարյանը նշեց «Ժառանգության» հեռուստատեսահոլովակները), Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, որոնց ռեալ քարոզարշավը կառուցվում է մեկ անձի վրա. «Տպավորություն է, որ սա նախագահական ընտրությունների քաստինգ է ավելի շատ, քան Ազգային ժողովի ընտրությունների: Ի տարբերություն Ր. Հովհաննիսյանի, ՍերԺ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Գագիկ Ծառուկյանի դեմքը հետո փոխարինվելու է Վարդան Օսկանյանով (՞), եթե հանկարծ «Բարգավաճը» հավաքի շատ տոկոս եւ չգնա իր իսկ ստորագրությունը պահպանելու ուղիով (նախագահական ընտրություններում չպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը), որի դեպքում «Բարգավաճի» թեկնածուն լինելու է Վարդան Օսկանյանը, ոչ թե Գագիկ Ծառուկյանը», համոզված էր Կ. Քոչարյանը:
Մ. Խ.