«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2012-04-17 | #70, 2012-04-18 | #71, 2012-04-19


ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ

Կանաչ տարածքների պահպանման համար մղվող պայքարըՙ թվում է, երբեւէ չի դադարելու: Ի հեճուկս կանաչ տարածքների ոչնչացման հաշվին հարստացողների, մարդիկ շարունակելու են պայքարել հանուն էկոլոգիապես մաքուր միջավայրում ապրելու իրենց իրավունքի:

Ներկայումս վտանգված են նաեւ Դալմայի այգիները, որոնք կազմում են մայրաքաղաքի սակավաթիվ կանաչ կղզյակներից մեկը:

Մի քանի օր առաջ «Ազգը» տեղեկացրել էր, որ Իսակովի պողոտան Լենինգրադյանին կապող հատվածում ճանապարհաշինության քողի տակ ավերվում են Դալմայի այգիները, հատվում են ծառերն ու խաղողի վազերը: «Արմատ» ակումբի բանախոսները երեկ նույնպես փաստեցին լուրը: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանի տվյալներով` այդ տարածքում խոյանալու են առանձնատներ ու զվարճանքի օբյեկտներ:

Իսկ «Դալմա-Սոնա» մշակութային հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանը տեղեկացնում է` դեռ 2009-ի հոկտեմբերին «Դալմա մոլ» կազմակերպությունն արեց շնորհանդեսը Հայաստանի ամենախոշոր զվարճանքի կենտրոնի շինարարության, բնականաբար, ճանապարհը, որի կառուցման մասին խոսվում է, պետք է սպասարկի ամենամեծ զվարճանքի կենտրոնին, որն էլ ներառելու է սրճարաններ, խանութներ, կինոթատրոններ: Եվ ճանապարհի կողքերից կառուցող ընկերությունն առեւտրի կենտրոնների ու խանութների համար ստանալու է հողատարածքներ, որոնք դեռեւս մասն են կազմում Դալմայի այգիների: Բանախոսների ընդհանրական ձեւակերպմամբ` նշված տարածքում կառուցվելու է էլիտար թաղամաս:

Որո՞նք են կառուցապատող ընկերությունները եւ քանի՞սն են դրանք, Ռուզան Ղազարյանը պատասխանում է` դեռեւս մեկի անունն է հայտնի` «Սահակյանշին» կազմակերպությանը, որը շինարարական աշխատանքներ է կատարում ջրանցքի մոտակայքում: Ջրանցքը կառուցվել է մեր թվարկությունից առաջ, սակայն պարզելու համարՙ ունի՞ պատմամշակութային արժեք, ըստ հնագետ Արտավազդ Զաքյանի , պետք է մասնագիտական հետազոտություն արվի: Անկախ մասնագիտական գնահատականից` տիկին Ղազարյանն ընդգծում է` ջրանցքը եւս վտանգված է:

Հիշեցնենք, որ «Սահակյանշին» ընկերությունը շինարարությունը կատարում է առանց շինթույլտվության ու հողահատկացման:

Հետագա զարգացումները ցույց կտան, թե ի՞նչ ճակատագիր է սպասում Դալմայի այգիներին եւ արդյոք կպահպանվե՞ն ներկայիս կանաչ տարածքները: Այնուամենայնիվ շատ բան կախված է եւ լայն հանրության արձագանքից:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4