«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2012-04-17 | #70, 2012-04-18 | #71, 2012-04-19


ՄԻ՞ԹԵ ՄԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆՔ ՌՈԼԱՆ ԿՈԲԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Օրեր առաջ ԵՄ ներկայացուցիչ Ռոլան Կոբիան ասել էր, որ «Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները հավիտենական չեն»: Այդ գնահատականին անդրադարձել են տարածաշրջանի երկրների, այդ թվում` Հայաստանի փորձագետները եւ վերլուծաբանները: Լռում էր միայն ադրբեջանական կողմը: Հասկանալի է, Բաքուն այնքան համարձակություն չունի, որպեսզի քննադատության թիրախ դարձնի ԵՄ ներկայացուցչին: Բայց լռելն էլ բանի նման չէր: Եվ ահա իշխանությունները ոմն Աքպեր Հասանովի հրահանգավորել են եվրոչինովնիկին մի կողմ թողնել եւ «բզկտել» հայերիս:

Պարզվում է` Հայաստանում «միայն սպասում են, որ Ադրբեջանի հարստությունն սպառվի, բայց դա անիրականանալի երազանք է»: Ո՞վ ասաց, որ մենք քնում եւ արթնանում ենք` սպասելով, թե երբ կավարտվի «ադրբեջանական նավթագազային բումը»: Ինչո՞ւ պիտի մենք դրանով մտահոգված լինենք: Մեր փոխարեն Իլհամ Ալիեւի վարչախումբն է ամեն ինչ անում, որ Ադրբեջանի բնական պաշարները հնարավորինս արագ սպառվեն: Եվ դա ունի շատ պարզ բացատրություն. երբ Ռոլան Կոբիան ասում է, որ Ադրբեջանի «էներգետիկ ռեսուրսները հավիտենական չեն», Իլհամ Ալիեւը հասկանում է թափանցիկ ակնարկը` հավիտենական չէ նաեւ իր իշխանությունը:

Աշխարհում հավիտենական ոչինչ չկա: Մարդու կյանքն էլ ժամանակավոր է: Թերեւս մշտական է Ադրբեջանում կառավարող վարչախմբի մոլեգին կախվածությունը փողից, շքեղությունից եւ «պատմության մեջ հավերժանալու» ձգտումից: Եվ Իլհամ Ալիեւը լավագույնս է օգտագործում հնարավորությունը: Հարստանում է: Աքպեր Հասանովը երեւի ժամանակ է ունենում կարդալու նաեւ ադրբեջանական մամուլը: Ահա, օրերս Contact.az-ը հրապարակել էր Սաբիրաբադի շրջանից մի կնոջ` Իլհամ Ալիեւին հասցեագրած դիմում-նամակը:

«Տունս ջրասույզ է եղել, ամուսինս` մահացել: Կիսավեր շենքում ապրում եմ տղայիս, հարսիս եւ չորս թոռներիս հետ: Խնդրում եմ միջոցներ հատկացնեք, որպեսզի նոր տուն կառուցեմ: Հակառակ դեպքում ստիպված կլինեմ Ադրբեջանից հեռանալ»: Լրատվամիջոցը հնարավորություն էր ընձեռել, որ այցելուներն իրենց տպավորությունները ներկայացնեն: Եվ մի անանուն այցելու գրել էր. «Ինչո՞ւ եք անհանգստացնում մեր բազմազբաղ նախագահին: Առանց այդ էլ նա չափազանց մեծ հոգսեր ունի: Դեռ պիտի հասցնի բոլոր զավակների, ծնված եւ ծնվելիք թոռների համար Դուբայում տներ գնել: Փող նրան որտեղի՞ց, որ ձեզ օգնի»:

Ահա եւ` ադրբեջանական իշխանությունների, անձամբ «նորին բռնապետական մեծության» արդարացի գնահատականը: Դրանում հայկական կողմը մեղք չունի: Ինչպես եւ չարժե Ռոլան Կոբիայի դեմ ատամի տակ կուտակած թույնը շպրտել սխալ հասցեով: Մի՞թե մենք պատասխանատու ենք նրա ասածների եւ հետագա ասելիքի համար:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4