«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2012-04-17 | #70, 2012-04-18 | #71, 2012-04-19


ՆԱՅԻՐ ԱՐՄԱՏԻՆ

Ադրբեջանական ֆիլմերի «փառատոնի» մասին մամուլում մի շարք հրապարակումներ եղան: Գրեցին եւ գրում են նաեւ Բաքվի թերթերը, ինտերնետ-ռեսուրսները: «Ինչի՞ն են դեմ ցուցարարները, ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմա՞նը, հայերի եւ ադրբեջանցիների միջեւ նորմալ մարդկային հարաբերությունների հաստատմա՞նը»,- հռետորական հարց էր հնչեցրել, մասնավորապես «Հրապարակ»-ը: Իսկ Բաքվի «Էխոն» այլ հարցով էր վերնագրել սեփական դատողությունները` «ինչո՞վ են հայաստանյան իշխանություններին վախեցրել ադրբեջանական ֆիլմերը»:

Գուցե զուտ պատահականություն է, որ երկու թերթերն էլ հարցադրումներ են արել գրեթե նույն իմաստով: «Հրապարակը» դժգոհում է, թե ինչո՞ւ «փառատոնը» չկայացավ, իսկ «Էխո»-ն` «մեկնաբանում»: Ընդ որում, դա անում է նկատելի հաճույքով: Տպավորությունն այն է, որ եթե Գեորգի Վանյանի նախաձեռնությունը հաջողությամբ պսակվեր, ապա Ադրբեջանում կտխրեին: Բնական է, չէ՞ որ այդ դեպքում «գնդակը կհայտնվեր իրենց դաշտում»: Թերեւս «Հրապարակն» էլ ցանկացել է ասել. «Ինչո՞ւ այնպես չարեցինք, որ ադրբեջանական կողմն ամոթով մնա»:

Առաջին հայացքից ամեն ինչ տրամաբանական է թվում. Հայաստանում կազմակերպվում է ադրբեջանական ֆիլմերի «փառատոն», Ադրբեջանում հայտնվում է իրենց «Գեորգի Վանյանը», ցուցադրվում են հայկական ֆիլմեր, եւ մշակութային երկխոսությունն սկսվում է»: Հովանավորներն էլ «հաշվետվություն են ներկայացնում իրենց կառավարություններին, վերջիններս էլ ավելի մեծ միջոցներ են հատկացնում` ընդլայնելու վստահության մթնոլորտը»:

Արտառոցն այն է, որ երկկողմ, թող որ զուտ մարդկային, շփումներում «արմատական բեկում մտցնելու» գործը հովանավորները վստահել են հայ հասարակությանը գրեթե անծանոթ, երբեք հրապարակային գործունեություն չծավալած մարդու` Գեորգի Վանյանին: Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների միջազգային միջնորդները մեկ անգամ չէ, որ ընդգծել են, թե «կողմերի առաջնորդները պետք է ունենան հասարակության վստահությունը»: Իսկ Գեորգի Վանյանը չպե՞տք է վայելի հասարակության վստահությունը: Գոնե չպե՞տք է աշխատեր, որպեսզի հասարակության որոշակի խավերի վստահությունն ունենար:

Անդրադառնալով Վանյանի նախաձեռնության տապալմանը, քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն ասել է, թե իր բնակարանում կկազմակերպի «հայկական ֆիլմերի ցուցադրում»: Դա հնարավոր է: Բայց դրանից ոչինչ չի փոխվի: Ինչպես ոչինչ չէր փոխվի, եթե Գյումրիի «Ասպարեզ» ակումբում մի քանի հոգի դիտեին Վանյանի ընտրած ադրբեջանական ֆիլմերը: Խնդիր չէ նույնիսկ Երեւանում ցուցադրել ադրբեջանական «Իմ յոթ որդիները», Բաքվում` «Եռանկյունի» ֆիլմը:

Մշակութային երկխոսություն սկսելու համար հարկ է նախաձեռնել կողմերի ստեղծագործական ուժերի համատեղ աշխատանք որեւէ նախագծի շուրջը: Ասենք` ընտրել 1905-06թթ. ժամանակաշրջանը: Հովհաննես Թումանյանի խաղաղարար գործունեությունը Լոռիում եւ Ջաբարլիի «1905 թվականը» պիեսը: Միավորել, գրել միասնական սցենար եւ նկարահանել մի հրաշալի ֆիլմ: Վերջերս «բաց նամակներ» փոխանակեցին Սոս Սարգսյանը եւ Ռուստամ Իբրահիմբեկովը: Ահա, Ռուստամ Իբրահիմբեկովը դրամատուրգ-սցենարիստ է, Սոս Սարգսյանը` դերասան: Եվ թող Թումանյանի անձնական, Ջաբարլիի գեղարվեստական փորձի հիման վրա ստեղծագործական երկխոսություն նախաձեռնեն, հայ-ադրբեջանական «1905-06 թվականներ» ֆիլմ նկարահանելու խնդիր թող քննարկեն: Ոչ ոք դեմ չի լինի: Կարծում եմ` նաեւ Ադրբեջանում:

Իսկ Գեորգի Վանյանը պարզապես հեղինակազրկել է մշակութային երկխոսության գաղափարը: Եվ, թող սատանայություն չթվա, տպավորությունն այն է, որ դա արվել է կանխամտածված: Կամ, առնվազն, ստացվել է այնպես, որ «Էխո»-ի մեկնաբանը գրի, թե «խաղաղարար նախաձեռնությունները որեւէ արժեք չունեն, եթե եվրոչինովնիկները չեն ուզում պարզել, ո՞վ է առաջինը հարձակվել, ո՞ւմ հողերն են օկուպացված»:

Խաղաղության եւ բարիդրացիության հաստատման համար իմաստ չունի «դատական ատյան» հրավիրել: Մանավանդ որ հայկական կողմերն էլ շատ մեծ հաջողությամբ կարող են ապացուցել, թե իրականում ով է առաջինն սկսել պատերազմը, եւ ում պատմական հայրենիքի մեծագույն մասն է գտնվում մյուսի վերահսկողության տակ: Երկխոսությունը չպետք է շփոթել բանավեճի հետ: Հատկապես` արտաքաղաքական հարթությունում: Իսկ մշակույթի քաղաքականացումը պարզապես հիմարություն է:

Վ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4