Մինչեւ 2013-ը բնակարան կունենան բոլոր 7000 անօթեւանները
Աղետի գոտում դեռեւս անօթեւան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակ ունի 2008-2012-ի պետական աջակցությամբ իրականացվող ծրագիրը: Դրանով պետությունը պարտավորվել է աղետի գոտու բնակավայրերում, համայնքների ղեկավարների կողմից հաստատված ցուցակներում հաշվառված մոտ 7000 ընտանիքների բնակարանային խնդիրները լուծել մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը:
Թե ինչպե՞ս է ընթանում այդ ծրագիրը եւ ի՞նչ աշխատանքներ են սպասվում այս տարվա ընթացքում, ներկայացվեց կառավարության վերջին նիստերից մեկում: Նկատի ունենալով, որ այս հարցն առնչվում է հազարավոր մարդկանց ամենակենսական խնդիրներից մեկին` բնակարան ունենալուն, անդրադառնանք վերոնշյալ ծրագրի հիմնական մանրամասներին:
Նշենք, որ աղետի գոտում բնակարանաշինության նպատակով կառավարությունը հատկացրել է Ռուսաստանի Դաշնությունից ստացված վարկային միջոցների մի մասը` 250 մլն դոլար կամ 92,5 մլրդ դրամ: 2012 -ի տարեվերջին ծրագրի իրականացման համար հատկացված ընդհանուր գումարը կկազմի ավելի քան 84 մլրդ դրամ, իսկ կառուցված բնակարանների (բնակելի տների) ընդհանուր թիվը` 4617:
Բնակարանային շինարարության ծրագրի իրականացման համար 2008-ին հայտարարվեցին մրցույթներ: Մրցութային փաթեթներում որպես հիմնական պահանջ էր նախատեսված, որ մրցույթում հաղթող ճանաչվող շինարարական կազմակերպությունը աշխատանքները պետք է իրականացնի սեփական միջոցների հաշվին, ինչի դիմաց վճարումները (մինչեւ 2018 թվականը) կկատարվեն պետական վարկային միջոցների հաշվին: Այդ պայմաններով հայտարարված մրցույթին մասնակցության համար հայտ էր ներկայացրել միայն «Գլենդել Հիլզ» ընկերությունը, որի հետ էլ կնքվեցին պայմանագրեր:
Բնակարանային շինարարության ծրագիրը սկսվեց 2009 թվականին: Անցած երեք տարիների ընթացքում «Գլենդել Հիլզ» ընկերությունը (որն ունի մոտ 80 մլրդ դրամի պայմանագրեր) պետության հատկացրած 78,8 մլրդ դրամով Շիրակի եւ Լոռու մարզերում (Գյումրի, Սպիտակ, Լոռու մարզի 14 գյուղական համայնքներ) արդեն կառուցել է 1747 բնակարան` 363531 քմ ընդհանուր մակերեսով: Միաժամանակ, կառուցման փուլում է 2290 բնակարան (բնակելի տուն)` 224999 քմ ընդհանուր մակերեսով Գյումրիում, Ախուրյանում, Լոռու մարզի գյուղական համայնքներում:
Բացի դրանից, 2012-ին Շիրակի եւ Լոռու մարզերի գյուղական բնակավայրերում 39139 քմ ընդհանուր մակերեսով ընկերությունը պետք է կառուցվի եւս 423 բնակարան (բնակելի տուն):
1,2 մլրդ դրամ միջոցներով Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում 2010-ին շահագործման են հանձնվել 4 բազմաբնակարան շենքեր` 56 բնակարանների կառուցման, իսկ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 40 բնակարաններից բաղկացած 1 բազմաբնակարան շենքի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի: 3,6 մլրդ դրամ էլ կառավարությունը հատկացրել է ԲԳՎ (բնակարանների գնման վկայագրերի) ծրագրի համար:
Փաստորեն, պետական աջակցությամբ բնակարաններով ապահովման ծրագրի շահառու հանդիսացող 6583 ընտանիքներից 1796 ընտանիքների բնակարանային խնդիրն արդեն իսկ լուծվել է, 2759 ընտանիքներինը կլուծվի 2012-ին, իսկ 1020 ընտանիքներ տարբեր պատճառներով (ծրագրի չափանիշներին չհամապատասխանելու, մահվան կամ ամբողջ կազմով հանրապետությունից երկարատեւ բացակայելու կապակցությամբ) չեն ճանաչվել կամ չեն ճանաչվի ծրագրի շահառու:
Ծրագրի իրականացումից հետո, սակայն, դեռես 1008 ընտանիքների բնակարանային խնդիրները կմնան չլուծված: Դրան մի մասի` Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի գյուղական համայնքներում մեկսենյականոցի հավակնող 400 ընտանիքի բնակարանի խնդիրը կառավարությունը նախատեսում է լուծել ԲԳՎ ծրագրի միջոցով: Բանն այն է, որ մեկսենյականոց բնակելի տները կառուցումը տնտեսապես արդյունավետ չէ, հետեւաբար դրանք ստանալու հավակնություն ունեցողների խնդիրը նպատակահարմար է լուծել ԲԳՎ-ի միջոցով, այսինքն ֆինանսական աջակցության տրամադրմամբ: Իսկ մնացած 608 ընտանիքի խնդիրը կլուծվի բնակարանային շինարարության ծրագրով, ինչը եւ տնտեսապես է նպատակահարմար, եւ շահառուներին է շահավետ: Այդ նպատակով լրացուցիչ 1,5 մլրդ դրամի անհրաժեշտություն է առաջացել, ինչի արդյունքում ծրագրի ամբողջական արժեքը կկազմի 85,5 մլրդ դրամ:
Աղետի գոտու բնակավայրերում շինարարական աշխատանքների իրականացմանն ուղղված միջոցների հաշվին ակնկալվում է մինչեւ 2013 թվականը ավարտել 403570 քմ մակերեսով 4460 բնակարանների (բնակելի տների) շինարարական աշխատանքները, ինչը պակաս է կնքված պայմանագրերով ամրագրված շինարարության ընդհանուր մակերեսից 49365 քառ. մետրով եւ 943 բնակարաններով:
Խոսելով աղետի գոտում պետական միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների մասին, հարկ է ընդգծել ոչ միայն դրանց կարեւորությունը Հայաստանի այս տարածքի` ավելի քան 20 տարի անօթեւան մնացած բնակիչների համար, այլ նաեւ դրանց մեծ ծավալները, որոնք աննախադեպ են մեր երկրի հետխորհրդային ժամանակաշրջանի համար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ