«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2012-04-17 | #70, 2012-04-18 | #71, 2012-04-19


ՄԱՅԻՍԻ 6-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԹԵՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Եվրոխորհրդարանը կոչ է արել ԵՄ երկրներին` «չզինել» Հայաստանն ու Ադրբեջանը

Եվրոխորհրդարանը երեկ Ստրասբուրգում իր հերթական նիստում քննարկել եւ ընդունել է բանաձեւ ԵՄ-Հայաստան ասոցացման պայմանագրի առնչությամբ, միեւնույն ժամանակ մեկ այլ բանաձեւով անդրադառնալով նաեւ Ադրբեջանի հետ նույն փաստաթղթի բանակցությունների ընթացքին:

ԵԽ հաղորդագրության համաձայն, բանաձեւերում նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ԵՄ-ի կողմից բանակցվող ասոցացման համաձայնագրերը (Հայաստանի հետ համաձայնեցվել է համաձայնագրի 28 գլխից 24-ը, Ադրբեջանի հետ` 28 գլխից 13-ը) պետք է տարածաշրջանն առավել ապահով դարձնեն` խրախուսելով ինչպես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, այնպես էլ ԵՄ աջակցությունը պայմանավորելով Հայաստանում եւ Ադրբեջանում մարդու իրավունքների պահպանությամբ եւ ժողովրդավարական բարեփոխումներով:

Եվրոխորհրդարանի բանաձեւերը, որ Հայաստանի դեպքում ընդունվել են 508 կողմ, 29 դեմ եւ 27 ձեռնպահ քվեարկությամբ, իսկ Ադրբեջանի դեպքում` համապատասխանաբար 520, 32 եւ 24 ձայների բաշխվածությամբ, Եվրոպայի խորհրդին եւ Եվրոհանձնաժողովին առաջարկություններ են ներկայացնում` հաշվի առնելու համաձայնագրերի բանակցային գործընթացում:

Ադրբեջանի դեպքում բանաձեւը, մասնավորապես, դրական է գնահատում էներգետիկ համագործակցությունը, սակայն նշում է, որ «Եվրոտեսիլի» անցկացումը Բաքվում չպետք է զուգակցվի մարդու իրավունքների խախտումներով, իրավապաշտպանների հետապնդմամբ: Ադրբեջանի հարցով զեկուցող Աննելի Ջաաթինմակին քննարկումների ընթացքում հայտարարել է, որ Եվրոխորհրդարանը պետք է հաշվի առնի Ադրբեջանում մարդու իրավունքների առնչությամբ առկա թերություններն ու բացթողումները: «Մարդիկ են ձերբակալվում, նրանց տները խուզարկվում են», նշել է զեկուցողը:

Հայաստանի առնչությամբ բանաձեւը դրական է գնահատում արդարադատության, ազատության, անվտանգության եւ միգրացիոն հարցերում ԵՄ ստանդարտներին համապատասխանելու Հայաստանի ջանքերը, միեւնույն ժամանակ շեշտադրելով մայիսին կայանալիք ընտրությունների արդար եւ ազատ անցկացման ապահովման կարեւորությունը: Բանաձեւում նաեւ հիշատակում կա 2008-ի մարտյան դեպքերի մասին, հիշեցնելով, որ Հայաստանը դեռեւս պետք է ապահովի մարտիմեկյան իրադարձությունների թափանցիկ եւ անկողմնակալ հետաքննությունը:

Ըստ Հայաստանի հարցով զեկուցող Թոմազ Պյոտր Պորեբայի խոսքերիՙ մայիսի 6-ի ընտրությունները «թեստ կլինեն Հայաստանի համար` ԵՄ հետ լավ հարաբերություններ հաստատելու կողմնորոշման առումով»: «Եթե դրանք լինեն ազատ եւ արդար, եւ կարծում եմ` կլինեն, դա կցուցադրի, որ Հայաստանը լրջորեն հավատարիմ է իր պարտավորություններին», նշել է Պորեբան:

Ղարաբաղյան հարցի առնչությամբ ԵԽ պատգամավորները երկու կողմերին կոչ են արել մեղմել սեփական հայտարարությունների հնչերանգներն ու ճանապարհ հարթել իրական երկխոսության համար, միեւնույն ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւերում դատապարտելով «տարածաշրջանի սպառազինումն ու ռազմական բարձր ծախսերը»: Բանաձեւերը ԵՄ անդամ երկրներին կոչ են անում դադարեցնել զենքի եւ զինամթերքի մատակարարումը երկու երկրներին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4