«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2012-04-17 | #70, 2012-04-18 | #71, 2012-04-19


5 ՇՈՒԿԱՆԵՐԻՑ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՄԻԱՅՆ ԿՈՆՅԱԿԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ ներկայացրել է իր վերլուծությունները 5 ապրանքային շուկաներում կենտրոնացվածության աստիճանի վերաբերյալ: Համաձայն այդ ուսումնասիրության, բարձր կենտրոնացվածություն կա միայն մեկ շուկայում, իսկ մնացած շուկաները մրցակցային են:

«Բնական հյութեր» ապրանքային շուկայում 2011-ին գործունեություն են իրականացրել 56 տնտեսվարողներ, որոնցից իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Ադամյում» ընկերությունը` (21,13 % մասնաբաժին), «Կոկա-կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը` (16,74 % մասնաբաժին) եւ «Սիս Նատուրալը» ` (13,47 % մասնաբաժին): Այստեղ գերիշխող դիրք ունեցողներ չկան:

Երշիկեղենի արտադրության եւ իրացման ոլորտում գործունեություն են իրականացրել 43 տնտեսվարողներ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Մուշ» ընկերությունը` 19,59 % բաժնով, «Աթենք» ընկերությունը` 13,98 % բաժնով, եւ «Բեկոն Պրոդուկտը»` 12,50 % մասնաբաժնով: Հանձնաժողովի դիտարկմամբ, այս շուկայում եւս գերիշխող տնտեսվարողներ չկան, այն ունի կենտրոնացվածության միջին աստիճան:

«Մակարոնեղեն» ապրանքային շուկայի գործում են 95 տնտեսվարողներ: Առավել խոշորներն են «Էյ-էյ-էֆ-փի-սի» ընկերությունը` 15,8 % , «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերությունը` 9,3 % եւ «Թալգրիգ» ընկերությունը` 9,2 % մասնաբաժիններով: Այս ապրանքային շուկան ունի կետրոնացվածության ցածր աստիճան:

«Գինի» ապրանքային շուկայում ուսումնասիրվել է 41 տնտեսվարողների գործունեությունը: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն 3-ը: Դրանք են. «Պռոշյանի կոնյակի գործարանը»` 22,60 % բաժնով, «Վեդի ալկոն»` 16,68 % բաժնով եւ «Հոկտեմբերյանի կոնյակի գործարանը»` 14,22 % մասնաբաժնով: Այստեղ եւս գերիշխող դիրք ունեցողներ չկան:

Ինչ վերաբերում է տեղական կոնյակի արտադրությանը, ապա հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն, այս շուկայում իրացման առավել խոշոր ծավալներ ունեն 3 գերիշխող ընկերություններ` «Երեւանի կոնյակի գործարանը», «Պռոշյանի կոնյակի գործարանը» եւ «Հոկտեմբերյանի կոնյակի գործարանը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4