2012-ի վերջին կթողարկվեն Diners Club International-ի հայաստանյան պլաստիկ քարտերը
«Արարատբանկի» շնորհիվ Հայաստան մուտք կգործի համաշխարհային ճանաչում ունեցող եւս մեկ վճարահաշվային համակարգՙ DINERS CLUB-ը: Երեկ բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը եւ DINERS CLUB-ի միջազգային կապերի գծով տնօրեն Ժան Ֆրանսուան պայմանագիր ստորագրեցին համագործակցության մեկնարկի մասին:
Աշոտ Օսիպյանն իր ելույթում նշեց, որ արդեն ավանդույթ է դարձել, որ «Արարատբանկը» յուրաքանչյուր տարի ներկայացնում է նոր քարտ: 2010-ին դա «Կլասիկ M» մետոյի դուալ քարտն էր, 2011-ին` VISA ավտոքարտը, իսկ ահա 2012-ին` Diners Club International պլաստիկ քարտերը կլինեն: Ներկայումս ընթանում են այդ քարտի հայաստանյան տարբերակի դիզայնի մշակման աշխատանքերը եւ մինչեւ տարեվերջ կթողարկվի: Աշոտ Օսիպյանը տեղեկացրեց, որ նոր քարտը թողարկելիս հաշվի են առնվելու Հայաստանի հաճախորդների հնարավորությունները: Ըստ «Արարատբանկի» վարչության նախագահի, առաջին տարում բանկը կթողարկի Diners Club International 5 հազար քարտ, իսկ երեք տարիների ընթացքում այդ թիվը կհասցնի 20 հազարի: Նա ընդգծեց, որ այս քարտերը շատ կարեւոր են հատկապես նրանց համար, ովքեր ունեն բարձր եկամուտներ, շատ ճամփորդում են, օգտվում օդանավակայաններից, հյուրանոցային եւ ռեստորանային ծառայություններից: Թեեւ այն նախատեսված է բոլոր շերտերի համար` ուսանողներ, թոշակառուներ եւ այլն:
DINERS CLUB-ի պատմությունը ներկայացրեց Ժան Ֆրանսուան : Նա մասնավորապես նշեց, որ այն հիմնել է Ֆրանկ Մակնամարան: Սկզբնական շրջանում դա ակումբ էր, որ մարդկանց համախմբում էր ընթրիքի շուրջը: Հետագայում դարձավ համաշխարհային ճանաչում ունեցող վճարահաշվային համակարգ: Ներկայումս Diners Club Internatiօnal-ի քարտերն ընդունվում են աշխարհի 185 երկրներում, դրանց քարտապանները ունեն զգալի առավելություններ` կոնսիերժ ծառայություններից մինչեւ աշխարհի 450 օդանավակայանների սրահներ մուտք գործելու հնարավորություն: Ժան Ֆրանսուան նաեւ հայտնեց, որ իրենք DINERS CLUB են բացել վերջերս Վրաստանում, այժմ Հայաստանում, մի քանի ամիս հետո` մեր «հարեւան երկրում»:
«Արարատբանկի» նոր նախաձեռնությունը ողջունեց ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը : Նա պատահական չհամարեց, որ համաշխարհային ճանաչում ունեցող բրենդը Հայաստան է ներմուծել «Արարատբանկը», քանի որ հետեւողական քաղաքականություն է տանում նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: ԿԲ ներկայացուցիչը նշեց, որ DINERS CLUB-ը բոլոր քարտերի նախահայրն է: Այն դեռեւս 1972-ին կիրառվել է նաեւ մեր երկրում` «Ինտուրիստ» համակարգի միջոցով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ