Անտոնիո Սարաֆյան. Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական բարեգործական ընդհանուր միության վարչության ատենադպիր, 1999-ից Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ եւ Արգենտինայի համակարգող: Մեծ Եղեռնից փրկված Սարաֆյանների երրորդ սերնդի ներկայացուցիչն է: Հայրըՙ Գեւորգ Սարաֆյանը ծնվել է Ուրֆայում 1911-ին եւ ծնողների հետ երկար դեգերումներից հետո հասել են Արգենտինա, ամուսնացել է հայուհի Ռոզայի հետ (որոնց գերդաստանը 1896-ի ջարդերից փախել եւ հաստատվել են Հարավային Ամերիկայում - Մ. Մ.) ունեցել 6 զավակ: Անտոնիոն Սարաֆյանների ամենափոքր զավակն է եւ հիշում է հոր պատմած հուշերը, ժամանակ առ ժամանակ, հայերենով եւ իսպաներենով ընթերցում հայրիկի գրած գրքերըՙ հատկապես ցեղասպանության մասին:
«Ազգը» հյուրընկալեց Անտոնիո Սարաֆյանին եւ հետեւյալ զրույցը ունեցավ.
Բուենոս Այրեսում կա կուռ հայկական գաղութ, մոտ 100.000 անդամով: Գործում է 7 դպրոց, որոնցից մեկը պատկանում է ՀԲԸՄ-ին եւ ունի 400 աշակերտՙ մանկապարտեզից մինչեւ ավարտական դասարաններ: Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմում գործում է 7 եկեղեցի, որոնք թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանի ջանքերի շնորհիվ մեծ դեր ու նշանակություն ունեն համայնքի կրթական, մշակութային եւ հոգեւոր կյանքում:
- Պրն Սարաֆյան, Սփյուռքում փակվում են հայկական դպրոցները, արդյո՞ք ծրագրեր մշակում եք, որ նման բան չլինի ձեզ մոտ:
- Դա, իհարկե, լուրջ խնդիր է եւ մենքՙ Բարեգործականը, եկեղեցին լուրջ ծրագրեր ենք մշակել: Ավարտական դասարանի աշակերտներին ուղարկում ենք Հայաստան, էլ ավելի լավ ճանաչելու Մայր հայրենիքը, մշակույթը եւ ավանդույթները: Արդեն 700 աշակերտ եղել է Հայաստանում: Երկրորդական դասարանի աշակերտները մեկ տարի աշխատում են մեր դպրոցի ուրբաթ օրվա ռեստորանում, որտեղ նրանց մայրերը հայկական ճաշեր են պատրաստում եւ այդ ճաշացանկը հրամցնելով գումար են վաստակում Հայաստան այցելելու նպատակով: Այսօր մենք շատ ենք աշխատում երիտասարդներին հայ պահելու, հայեցի դաստիարակելու հենց դպրոցում, որ նրանց հոգին ամբողջովին լցվի հայրենասիրությամբ: Համահայկական խաղերին մշտապես մասնակցում են մեր մարզիկները եւ այդ ուղեւորությունը տարեց-տարի ավելի է կարեւորվում ու դպրոցներում մարզական խմբերը շատանում են: Երբեմն ընտանիքներում չեն ուզում հայերեն խոսել, Հայաստանի մասին նույնիսկ լսել, բայց երբ գալիս են Հայաստան, համբուրում են հայկական հողը, մի տեսակ փոխված ու վերածնված են վերադառնում, սկսում են էլ ավելի ոգեւորված աշխատել: Այդ ջերմությունը, ոգեւորությունը պահելու գործում հայրենիքն էլ ինչ-որ չափով իր առաքելությունն ունի Սփյուռքի կառույցները ամուր պահելու, հայապահպանությունը ուժեղացնելու խնդրում:
- Ի՞նչ եք ակնկալում հայրենիքից եւ հիմնականում ո՞ր ոլորտներն եք առաջնային համարում:
- Հայրենիքից այսօր երկու բանի կարիք ունենքՙ հայապահպանության խնդրում. մշակութային ոլորտում եւ ուսուցիչների վերապատրաստման հարցում: Այս երկու խնդիրները ամենակարեւորն են, որպեսզի սփյուռքը հայ մնա ու իր զավակներին հայեցի դաստիարակի: Այդ խնդրում, իհարկե, Բարեգործականը շատ մեծ գործունեություն է ծավալում, որպեսզի Սփյուռքի դպրոցները արդիականանան, ուսուցիչները վերապատրաստվեն: Հայրենիքում հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ անցկացվում են եւ դրան մեր դպրոցի ուսուցիչները մասնակցում են, ու արդյունքը շոշափելի է:
- Պրն Սարաֆյան, մշակույթի ոլորտում ի՞նչ ծրագրեր եք իրականացնում եւ եթե չեմ սխալվումՙ 2011-ին Բուենոս Այրես էիք հրավիրել մեր հայտնի երաժիշտ Արա Գեւորգյանին, կմանրամասնե՞ք...
- Անցած տարի մենք տոնեցինք Բուենոս Այրեսում հիմնադրված ՀԲԸՄ-ի 100-ամյակը, որին իր մասնակցությունն էր բերել նաեւ Վեհափառ հայրապետ Գարեգին Բ-ն: 500-հոգանոց մեծ ճաշկերույթ եղավ: Քաղաքապետարանի հետ համաձայնության եկանք ու պատրաստեցինք մշակութային շատ մեծ ձեռնարկ «Պլազա դե մայո» կառավարության տան առջեւ: Հայկական մշակույթի բացօթյա 6 ժամ տեւողությամբ մշակութային փառատոնին, ՀԲԸՄ-ն իր 100-ամյակի եւ Հայաստանի 20-ամյակի առիթներով Հայաստանից հրավիրել էր անվանի երաժիշտ-երգահան Արա Գեւորգյանին, իր խմբով: Փառատոնի վերջին 2 ժամերի ընթացքում նվագում էր Արա Գեւորգյանը Բուենոս Այրեսի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը ղեկավարում էին Լորի Անտունյանը (Կանադա) եւ Սանտյագո Չոտսուրյանը (Բուենոս Այրես): Ելույթներ ունեցան նաեւ մեր քաղաքի հայկական չորս պարախմբերը, հայկական ժողովրդական եւ էստրադային խմբերը, որոնց միացան «Արգենտինյան տանգո» լավագույն խմբերը:
- Ի՞նչ արձագանքներ ունեցավ այդ յուրօրինակ մշակութային փառատոնը:
- Արձագանքները հրաշալի էին: Փառատոնը բացի 15.000 ներկա գտնվողներից 4 հեռուստաեթերներով ուղիղ հեռարձակվեց ու մեծ հետաքրքրություն առաջացրեց: Թերթերը, ամսագրերը շատ հանգամանալից անդրադարձան: Իհարկե, փառատոնի բացումը ազդարարվեց Արգենտինայի եւ Հայաստանի պետական հիմների հնչյուններով: Ներկա էին ու ողջունեցին Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդին, քաղաքապետ Մաուրիսիո Մաքրին: Ի դեպ, ե՛ւ մշակույթի նախարարը, ե՛ւ քաղաքապետը ապրիլի 22-ին պաշտոնական այցով կլինեն Երեւանում եւ ինչպես ՅՈւՆԵՍԿՕ-ն է որոշելՙ «Գրքի մայրաքաղաքի» բանալին Բուենոս Այրեսից կփոխանցվի Երեւանին:
- Պրն Սարաֆյան, ինչո՞ւ այդ փառատոնը որոշվեց փողոցում անցկացնել:
- Այդ որոշումն էլ հատուկ էր ընդունվել, քանի որ նպատակ ունեինք, թե՛ տեղացիներին, եւ թե՛ օտարներին ծանոթացնելու հայկական մշակույթը:
- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
- Այս տարվա հունիսի 1-ին նորից նույն վայրում, քաղաքապետարանի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, կազմակերպելու ենք մեկ այլ խոշորածավալ ձեռնարկՙ նվիրված հայ գրատպության 500-ամյակին եւ արդեն Նյու Յորքից հրավիրել ենք «Շուշի» հայկական պարախմբին: Հայաստանից հատուկ հրավիրել ենք մաեստրո Հովհաննես Չեքիջյանին, ղեկավարելու այստեղի 4 հայկական երգչախմբերի ելույթը: Կլինեն հետաքրքրական համերգային ծրագրեր: Սեպտեմբերի առաջին շաբաթը նվիրելու ենք Սայաթ-Նովայի 300-ամյակին եւ բազմաթիվ ձեռնարկներ են ծրագրված: Հայաստանից հրավիրելու ենք թառահար Նորայր Դավթյանին եւ քյամանչահար Արմեն Եգանյանին, որոնք այդ օրերին ելույթներ կունենան: Իսկ հոկտեմբերին հրավիրել ենք «Գոհար» երգչախմբին ու անհամբեր սպասում ենք նրանց:
- Պրն Սարաֆյան, համայնքի առօրյան ինչպիսի՞ն է, երիտասարդները ի՞նչ հետաքրքրություններ ունեն:
- ՀԲԸՄ տիկնանց հանձնախումբը ոչ միայն ամեն ուրբաթ օրերին դպրոցի ռեստորանում համով-հոտով ճաշեր է պատրաստում եւ հրամցնում այցելուներին, այլեւ հրատարակում է իսպաներեն լեզվով հայկական խոհանոցի գաղտնիքները ու դրանց պատրաստման բաղադրատոմսերըՙ ընդգրկելով Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի բոլոր տարածաշրջանների ճաշատեսակները: Իսկ երիտասարդական միությունը թողարկում է ժամանակակից ամսագիր «Երրորդ սերունդ», որի էջերում տեղ են գտնում աշխարհի տարբեր ծայրերում ապրող ու գործող հայ անվանի մարդկանց մասին նյութերՙ երիտասարդների տեսանկյունից:
- Պրն Սարաֆյան, դուք արդեն քանիցս եղել եք Երեւանում, ի՞նչ փոփոխություններ եք նկատել, ինչպիսի՞ն է Երեւանը ձեր աչքերով:
- Այսօր Երեւանը շատ արդիական, եվրոպական քաղաքի է նման: Սակայն մեր հին շենքերը, մշակութային արժեքները պահպանելու խնդիր ունեն: Քաղաքաշինությունը պետք է բծախնդիր եւ մտածված անել: Երեւանից մի քիչ հեռանում ես, շատ վատ վիճակ ես տեսնում: Անհրաժեշտ է մարզերի զարգացման շուրջը ծրագրեր իրականացնել: Իրականացել է մեր պապերի, հայրերի երազանքըՙ Անկախություն ենք ձեռք բերել ու պետք է ամեն կերպ աշխատենք, որպեսզի մեր հայրենիքը էլ ավելի ծաղկի ու զորանա: Վերջին 6 տարիների ընթացքում հայկական գաղութի կյանքում մեծ դեր է խաղացել Արգենտինայում ՀՀ նախկին դեսպան Վլադիմիր Կարմիրշարյանը: Մենք ապրում եւ շնչում ենք մայր հայրենիքով. որքան նա հզորանա, Սփյուռքն էլ կհզորանա: Եվ այս պաշտոնական այցի առիթը օգտագործելով Բուենոս Այրեսի ամբողջ հայության անունից ուզում եմ «Ազգ» օրաթերթին փոխանցել մեր շնորհակալությունները, քանի որ մենք հենց այդ օրաթերթից ենք առաջինը տեղեկանում մայր հայրենիքի անցուդարձի մասին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ