Բանաստեղծ եւ գրող Գուրգեն Արզումանյանի թարգամանությամբ Գլենդեյլում (Կալիֆոռնիա) լույս է տեսել իրանահայ Լեոնարդո Ալիշանի «Ազատ անկում» (Free Fall) կարճ պատմվածքների ժողովածուն, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Սփյուռքում երկլեզվից բացի, նոր եռալեզու մշակույթ է ձեւավորվում, գրում է թերթը, օրինակ բերելով Լ. Ալիշանի գիրքը, որը հայկական, իրանական եւ ամերիկյան մշակույթների յուրօրինակ ձուլվածք է: Առաջին պատմվածքում առասպելական թռչունը հեղինակին է հանձնում անհրաժեշտ սերմահատիկները, որով էլ վերջինս կարողանում է հորինել իր պատմվածքները: Վերջին պատմվածքում հեղինակը մերժումներ է ստանում հրատարակչատներից, որովհետեւ նրա եռամշակույթ բանաստեղծությունները ոչ ոքի չեն հետաքրքրում: Միջանկյալ պատմվածքներում տարագրության, վերապրումի ինքնաճանաչման եւ ինքնահաստատման պայքարի շարադրանքն է, որը հասկանալի է լինում «Ծիծեռնակների համայնքին»: Լեոնարդո Ալիշանը յուրահատուկ ձեւով է կարողացել մեկնաբանել սփյուռքահայի հոգեվիճակը, իսկ թարգմանիչ Արզումանյանը, որը 1995-2000 թվերին խմբագրել է «Բաց նամակ» գրական հանդեսը Գլենդեյլում, շնորհակալ գործ է կատարել` գիրքը հայ ընթերցողին ներկայացնելով:
Հատորը, որի արժեքն է 25 դոլար, կարելի է պատվիրելՙ այցելելով azatangum@gmail.com կայքը:
Հ. Ծ.