Քլոտրուդիս անկախ ֆիլմերի ընկերության 18-րդ տարեկան մրցանակաբաշխության ժամանակ մարտի 18-ին պատմական Բրատլ թատրոնում (Հարվարդի հրապարակ, Քեմբրիջ, Մասաչուսեթս) «Hall of Fame» մրցանակ է շնորհվել կանադահայ ճանաչված կինոռեժիսոր Ատոմ Էգոյանինՙ կինոարվեստում իր արձանագրած հաջողությունների համար:
«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբ, Քլոտրուդիս ընկերությունը Բոստոնում գործող շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որ անկախ ֆիլմերի ակտիվ դիտումներ եւ քննարկումներ է անցկացնում, համագործակցում տեղի կինոթատրոնների, ռեժիսորների, դերասանների հետ եւ հանրության ուշադրությանն է հանձնում որակավոր ֆիլմեր:
«Մրցանակը, որը մենք հակիրճ ձեւով «Տրուդի» ենք անվանում, ստեղծվել է 18 տարի առաջ Քլոյե եւ Գերտրուդիս երկու անուններով կատուների պատվին», բացատրել է հանդիսության ժամանակ ընկերության նախագահ Մայքլ Կոլֆորդը : Այնուհետեւ նա ներկայացրել է Էգոյանի ստեղծագործական մտքի արդյունքը հանդիսացող ընտանիքի ժառանգության եւ հիշողության հետ կապված ֆիլմերը, որոնք արժանի են արտակարգ ուշադրության:
Ընդունելով «անկեղծ զգացումներով» իրեն շնորհված մրցանակը, Էգոյանը նշել է. «Դուք անհավատալիորեն մեծ գործ եք կատարում հանրությանը ներկայացնելով ընտիր ֆիլմեր, դրանով իսկ դաստիարակելով նոր սերնդի ներկայացուցիչներին եւ հղկելով նրանց ճաշակը»:
Ավելացնենք, որ Էգոյանի կինըՙ Արսինեն 2002 թվին նույնպես արժանացել էր Քլոտրուդիսի հատուկ մրցանակին իր «հմայիչ կարիերայի համար»: Նաեւ այն, որ մարտի 16-ից 18-ը նույն Բրատլ թատրոնում ցուցադրվել են Էգոյանի ֆիլմերը:
Հ. Ծ.