Կազմակերպությամբ Գաբրիելա Ուլուհուջյանի, Պողոս Լեւոն Զաքիյանի եւ Վարդան Կարապետյանիՙ վերոնշյալ խորագրի ներքո մինչեւ ապրիլի 10 տպավորիչ ու խիստ ուշագրավ մի ցուցահանդես է գործել Վենետիկի Կոռեր թանգարանումՙ նվիրված հայ գրատպության 500-ամյակին: Դրան անդրադարձել է «Նյու Յորք թայմսի» թղթակից Ռոդերիկ Կոնվեյ Մորիսըՙ նշելով, որ հայկական քաղաքակրթությունը ամենահներից մեկն է, որ մինչեւ օրս շարունակվում է, չնայած երկար ժամանակ հայերը չեն ունեցել պետականություն: «Այս հանգամանքը առավել մեծ նշանակություն է հաղորդել գրի ու գրականության հանդեպ հայերի տածած պաշտամունքին, որի շնորհիվ էլ նրանք պահպանել են իրենց ինքնությունը, ազգային դիմագիծը», գրում է նա, շարունակելով որ նրանք (հայերը) այնքան են կարեւորել գրավոր խոսքը, որ գրիչները հատուկ խորհուրդներ են ամրագրել մատյաններում, թե ինչպես պետք է պահպանել գրքերը եւ փրկել դրանք, «եթե երբեւէ հայտնվեն այլոց սխալ ձեռքերում»:
Հեղինակը չափազանց հետաքրքրական տեղեկություններով է համեմում իր հոդվածը, նշելով այնպիսի մանրամասներ, որ մեզանից շատերին գուցե ծանոթ չեն:
Հատկապես ուշագրավ են հայերի առաջին առնչությունները Վենետիկին, որոնք վերաբերում են քաղաքի ծագման շրջանին, երբ դեռ Բյուզանդիայի հեռավոր արեւմտյան ուղեկալներից մեկն էր: 6-րդ դարում Ռավեննայի առաջին եքսարքոս հայազգի Նարսես Պատրիկին (541-568) է վերագրվում Վենետիկի երկու հռչակավոր եկեղեցիներիՙ Ս. Թեոդորոսի եւ Ս. Գերմինիանոսի ու Ս. Մենայի կառուցումը: Իսկ մեկ դար անց, Տորչելլոյի բազիլիկան կառուցել է մի այլ եքսարքոսՙ Իսահակ Հայկազնը (625-643): Հայ համայնքը Վենետիկում կազմավորվել է 13-րդ դ. սկզբին, երբ աշխույժ ծովային առեւտրական հարաբերություններ են հաստատվել Վենետիկի եւ Կիլիկյան Հայաստանի միջեւ: 13-րդ դ. առաջին կեսին հայերը Վենետիկում ունեցել են «Հայոց Տուն», որը համայնքին նվիրել է Վենետիկի դոժ Մարո Ծիանին: Վենետիկը դարձել է հետագայում հայկական տպագրության կենտրոն: Այդտեղ է 1512-ին լույս տեսել հայերեն առաջին տպագիր գիրքըՙ «Ուրբաթագիրքը»:
Ցուցահանդեսը բացվում է, գրում է հեղինակը, Երեւանի Ազգային պատկերասրահից բերված ու ինքնուրույն մթնոլորտ ստեղծող հայ նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նոյը իջնում է Արարատից» կտավով: «Այս լեռը արտակարգ հետաքրքրություն է ներկայացնում հայերի շրջանակում եւ խորհրդանշում է մարդկության փրկությունը», գրում է նա, ապա անցնում քրիստոնեությունը որպես պետական կրոնի ընդունման եւ հաջորդ անկյունաքարային թվականին, երբ ստեղծվեցին հայոց այբուբենի տառերը, որոնցով էլ սկիզբ դրվեց Սուրբ գրքի եւ հետագայում այլ գրքերի թարգմանություններին: Իր հոդվածում Ռոդերիկ Կոնվեյ Մորիսը նաեւ նշում է հայերեն նկարազարդված ձեռագրերի, Մխիթարյան միաբանության, «Բազմավեպ» հայագիտական հանդեսի եւ վերջապես լորդ Բայրոնի մասին:
Հոդվածն ամբողջությամբ արտատպել է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում, որտեղից էլ քաղել ենք մեր տեղեկությունները:
Հ. Ծ.