Շախմատի «Շեյխի գավաթի» մրցաշարում առաջատարների խմբում գտնվող 5 հայ շախմատիստները 3-րդ տուրում առաջին միավորները կորցրին: Վիճակահանության քմահաճույքով Վլադիմիր Հակոբյանն ու Կարեն Գրիգորյանը մրցեցին միմյանց հետ: Գրանցվեց ոչ-ոքի: Առաջին կես միավորը կորցրեց նաեւ Տիգրան Պետրոսյանը, որը սեւերով հաշտություն կնքեց հնդիկ գրոսմայստեր Գոպալի հետ: Զավեն Անդրեասյանն էլ հնդիկ մեկ այլ շախմատիստիՙ Նիկիլ Շուամի հետ մրցավեճում բավարարվեց կես միավորով: Խաղաղասիրաբար էր տրամադրված նաեւ Վրաստանում բնակվող Դավիթ Հարությունյանը, որն առաջին կես միավորը կորցրեց Եվգենի Միրոշնիչենկոյի հետ մրցավեճում:
Վերը նշված մեր 5 շախմատիստները 2,5 միավորով հետապնդում են առաջատարներին: Նրանց թիվը 6-ն է. 3-ական միավորով աղյուսակը գլխավորում են վրացիներ Բայադուր Ջոբավան, Միխեիլ Մչեդլիշվիլին եւ Լեւան Պանցուլայան, չինացի Նի Հուան, ուկրաինացի Մարտին Կրավցիվը եւ հնդիկ Չանդա Սանդիպանը:
2,5 միավոր վաստակեց ու առաջատարներին հետապնդող խմբին միացավ նաեւ Դավիթ Պետրոսյանը, որը սպիտակներով հաղթեց Կոհեստանին: Ավետիք Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց Մաքսաթ Աթաբաեւի հետ ու վաստակեց 2 միավոր: Նույնպիսի արդյունք ունեն նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը, Գեւորգ Հարությունյանն ու Գրիգոր Դիլանյանը, որոնց համար տուրը հաղթական էր: Ռոբերտը հաղթեց Աբդո Սոմոֆին, Գեւորգն առավելության հասավ իր հայրենակից Մարկ Բասենչյանի նկատմամբ, իսկ Գրիգորը պարտության մատնեց Հալիլ Ալ Հոուսային: Վահե Բաղդասարյանը ոչ-ոքի խաղալով Մոմենիի հետ, վաստակեց 1,5 միավոր: Բասենչյանն ունի 1 միավոր: