Երեւանցի Արման Երեմյանը հայ թհեքվոնդոյիստներից առաջինն է, որ հանդես է գալու օլիմպիական խաղերում: Նա Լոնդոնի օլիմպիադայի ուղեգիր էր նվաճել հունվարի վերջին Կազանում անցկացված վարկանիշային մրցաշարում:
80 կգ քաշային մարզիկն իր անձնական մարզիչ Արամ Սահակյանի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Վլադիկավկազում: Նա նախապատրաստվում է մայիսի 1-ին Մանչեսթրում կայանալիք թհեքվոնդոյի Եվրոպայի առաջնությանը: Այն մեր մարզիկի համար ուժերի վերջին փորձարկումը կլինի օլիմպիական խաղերից առաջ: Նա հնարավորություն կունենա հետեւելու իր հավանական մրցակիցների մրցելույթներին: Արմանը բավականին լրջորեն է նախապատրաստվում պատասխանատու այդ մրցաշարերինՙ հույս ունենալով դառնալ մրցանակակիր:
Եվրոպայի առաջնությունից հետո Արման Երեմյանը կսկսի անմիջական նախապատրաստությունն օլիմպիական խաղերին: Նա ուսումնամարզական հավաքներ կանցկացնի Ծաղկաձորում, Մոսկվայում, հավանաբար նաեւ Սերբիայում: