Տրապիզոնում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում մինչեւ 60 կգ քաշային կարգում հայտնի դարձան ուղեգրերի տերերը: Ցավոք կիսաեզրափակիչ մտած 4 երջանիկ բռնցքամարտիկների թվում չէ Հայաստանի պատվիրակ Վլադիմիր Սարուխանյանը, որը քառորդ եզրափակիչում 9-17 հաշվով պարտվեց շոտլանդացի Ջոշ Թեյլորին: Մինչ այդ Սարուխանյանը հաղթել էր Հունաստանի պատվիրակ Ալեքսանդրոս Ցանիկիդիսինՙ 16-12:
Փոխարենը Լոնդոնում հանդես գալու իրավունք նվաճեց Բելառուսը ներկայացնող Վազգեն Սաֆարյանցը, որ նույն քաշային կարգում 15-7 հաշվով պարտության մատնեց վրացի Կոբար Փխակաձեին ու մտավ կիսաեզրափակիչ: Այդ փուլում Սաֆարյանը մենամարտելու է Ջոշ Թեյլորի հետ:
Հայ բռնցքամարտիկներից անհաջողության մատնվեց նաեւ Եվրոպայի նախկին չեմպիոն Հովհաննես Դանիելյանը (52 կգ)ՙ 9-23 հաշվով զիջելով թուրք Սելջուկ Էկերին: Պայքարից դուրս մնաց նաեւ աշխարհի պատանիների եւ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը (49 կգ): Նա 10-13 հաշվով պարտվեց իտալացի Մանուել Կապային: