«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2012-04-19 | #72, 2012-04-20 | #73, 2012-04-21


ԻՍՐԱՅԵԼԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ապրիլի վերջին սպասվում է Իսրայելի արտաքին գերատեսչության ղեկավար Ավիգդոր Լիբերմանի այցելությունը Բաքու, որը վերջին անգամ Ադրբեջանում եղել է դեռեւս 2010-ի փետրվարին: Այս անգամ այցի օրակարգը, սակայն, ամենայն գաղտիությամբ է ծածկված: «The Jerusalem Post»-ն, ըստ ադրբեջանական կայքէջերի, նշելով ԱԳ նախարարի մոտակա այցելության մասին, ընդգծում է, թե Լիբերմանի այցն ինքնին մատնանշում է «Իրանի հետ հարավում սահման ունեցող երկրի հետ ռազմավարական առումով կարեւոր հարաբերությունների ծաղկման մասին»:

«Գաղտնիք չէ, որ Բաքվում կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտներն ու ռազմավարությունը», նշում է իսրայելական պարբերականը, տեղեկացնելով, որ Լիբերմանի այցի առնչությամբ անգամ Թել Ավիվում ամեն ինչ գաղտնի է պահվում:

Իսրայելական պարբերականի դիտարկումը, թե վերջին շրջանում Իսրայելի համար Ադրբեջանը մեծ կարեւորություն է ձեռք բերել, նորությունների շարքից չէ: Սակայն պարբերականի փորձըՙ դեռեւս մարտի վերջին «Foreign policy» պարբերականում լույս տեսած Մարկ Փերրիի հոդվածը բխեցնել հենց այդ հարաբերությունների կարեւորությունից, առանց համապատասխան համատեքստի, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք, որ, ինչպես արդեն ներկայացրել է «Ազգը», խոսքը Ադրբեջանի հարավում Իսրայելին թռիչքուղիներ տրամադրելու մասին էր, որ Մարկ Փերրին մատուցել էր` ելնելով ԱՄՆ ռազմական ու դիվանագիտական բարձրաստիճան աղբյուրների տրամադրած տեղեկություններից:

Բնականաբար, իսրայելական պարբերականը եւս փորձում է հավաստիացնել, թե ասվածը իրականություն չէ, ճիշտ այնպես, ինչպես ադրբեջանական մամուլն ու պաշտոնյաներն են կոկորդ ճղում համոզելու, թե Իսրայելի հետ համագործակցությունը ուղղված չէ Իրանի դեմ: Ամեն դեպքում, «The Jerusalem Post»-ը ներկայացնում է ամերիկյան ռազմական աղբյուրներից տեղեկության արտահոսքի առնչությամբ պաշտոնական Իսրայելի ենթադրությունը, թե Փերրիի տարածած տեղեկությունն ուղղված էր «Իրանի դեմ որեւէ հարձակումը վիժեցնելուն»:

Այսօրինակ դիտարկմամբ իսրայելական պարբերականն ակնհայտորեն վկայում է հենց ամերիկյան մտավախությունների հիմք հանդիսացող ենթադրության ճշմարտացիությունն այն առումով, որ Իսրայելն իսկապես աշխատում է Իրանի վրա հարձակումն իրականություն դարձնելու ուղղությամբ այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները փորձում է Իսրայելին դրանում խոչընդոտել:

«Ամեն դեպքում, հնարավոր չէ չնկատել երկու երկրների մերձեցումը: Ադրբեջանը բավարարում է Իսրայելի նավթային պահանջների մեծ բաժինը, իսկ Իսրայելն էլ, ըստ վերջին հաշվարկների, Ադրբեջանին ապահովում է գերժամանակակից զենքով», նշում է «The Jerusalem Post»-ը, հարաբերությունների «մերձեցումը» փորձելով նաեւ հիմնավորել Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամի կարգավիճակ ունենալու հանգամանքով, ինչն առանձնակի լրջությամբ չի կարող դիտարկվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4