Երբ 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհուրդը գումարեց արտահերթ նստաշրջան եւ պատմական կարեւորագույն որոշում ընդունեց, հետեւեց Աղդամից «երթը» դեպի Ասկերան: Մի քանի հազար հոգանոց ամբոխը ճանապարհին ավերեց հայկական գյուղերի այգիները, հրկիզեց Խրամորթի ալրաղացը: Վայրենացածներին հաջողվեց կանգնեցնել Ասկերան քաղաքի մատույցներում:
Օրերս «Երիտասարդական ցանցի նախաձեռնություն» անվամբ ադրբեջանական «հասարակական կազմակերպությունը» հաղորդագրություն է տարածել, որ մայիսի 5-ից «եռօրյա երթ է կազմակերպում դեպի Աղդամ»: Այն կսկսվի Զարդաբ քաղաքում, վերջնագիծը կհատվի Հուսանլի գյուղում: Երթի նպատակն է «հասարակության ուշադրությունը դարձնել ղարաբաղյան խնդրի եւ դրա արդարացի լուծման վրա»: Միջոցառմանը կարող է մասնակցել ամեն ոք` «նախապես անցնելով հաշվառում, որը կսկվի ապրիլի 27-ին»:
Վստահաբար կարելի է ասել, որ այդ գաղափարի հեղինակը Իլհամ Ալիեւի աշխատակազմն է, եւ միջոցառումը «կազմակերպված եւ բարձր մակարդակով անցկացնելու համար» միջոցներ չեն խնայվի: Ըստ երեւույթին, ադրբեջանական հասարակությունը մեծ մասով անտարբեր է ղարաբաղյան խնդրի հանդեպ: Նրան ավելի շատ հուզում են իր առօրյա հոգսերը: Թովուզի 37-ամյա բնակիչ Աքշին Մուսաեւը, օրինակ, իրեն չի կարողանում ներել, որ «անուժ է բուժել ի ծնե սրտի արատ ունեցող ութամյա որդուն»: Հուսահատության դուռը հասած Մուսաեւը նամակ է հղել ադրբեջանական լրատվամիջոցներին: Նա ասել է, որ ինքը եւ կինը գործազուրկ են, ստանում են 100 մանաթ սոցիալական նպաստ: «Դա շատ չնչին գումար է, որպեսզի տղային անհրաժեշտ դեղերը գնենք, էլ չխոսած սնվելու մասին»,- գրել է Մուսաեւը եւ լրագրողներին խնդրել, որ այցելեն իրեն, տեսնեն իր թշվառ վիճակը, պատմեն` «գուցե կգտնվեն խղճով մարդիկ»:
Այս պայմաններում ապրող մարդուն, բնական է, ղարաբաղյան թեման բոլորովին էլ չի հետաքրքրում: Բայց իշխանություններին էլ մի առիթ է պետք, որ «հայրենասիրական զգացմունքներ» բորբոքեն: Նրանց կարծիքով, դա թույլ է տալիս հասարակության ուշադրությունը «վերադարձնել ղարաբաղյան կարգավորմանը»: Այսինքն` մարդկանց պահել մշտական «հոգեգարության» մեջ, որպեսզի նրանք հնարավորություն չունենան սոցիալապես կազմակերպվելու եւ ներկայացնելու սեփական խնդիրները: Երեք եւ ավելի մարդու մի վայրում համատեղ գտնվելը ոստիկանության ուժերով դաժանորեն սահմանափակող իշխանությունը եթե արտոնում է հազարավոր «հայրենասեր» երիտասարդների եռօրյա քայլերթ, ուրեմն հենց ինքն էլ գլխավոր կազմակերպիչն է: Եվ նախօրոք գիտի, թե ովքեր են «կամավոր գրանցվելու», ինչպես է անցնելու երթը եւ ինչ է տեղի ունենալու մայիսի 8-ին Աղդամի շրջանի Հուսանլի գյուղում, որը «գտնվում է ռազմաճակատային գծի հարեւանությամբ»:
Դեպի Ստեփանակերտ «քայլարշավից» անցել է 24 տարի: Այդ ընթացքում Ադրբեջանի իշխանությունները մի քանի անգամ փոխվել են: Բայց, ինչպես տեսնում ենք, «երթ» կազմակերպելու նպատակադրվածությունը որեւէ կերպ դրանից չի փոխվել: Չնայած «երթ»-ի ամանածանր հետեւանքները բաժին են ընկել ադրբեջանական ժողովրդին:
Վ. Ա.