«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2012-04-19 | #72, 2012-04-20 | #73, 2012-04-21


ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՐԻՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԴՈՒԲԼԻՆՈՒՄ

Ապրիլի 27-ին Դուբլինում մեկնարկելու է ԵԱՀԿ գործող նախագահ հանդիսացող Իռլանդիայի արտաքին գործերի ու առեւտրի նախարար, փոխվարչապետ Էամոն Գիլմորի դեռեւս ամիսներ առաջ հայտարարած ԵԱՀԿ կոնֆերանսը` նվիրված Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ գործընթացին:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կոնֆերանսի նպատակը Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ գործընթացի ներկայացումն է որպես մյուս հակամարտություններում, այդ թվում` ԵԱՀԿ տարածքի, ներգրավված կողմերի խրախուսման օրինակ: Հավաքի մասնակիցներին կմատուցվի քաղաքական այն գործընթացը, որ հանգեցրեց կարգավորման` իր բոլոր ասպեկտներով ու դրսեւորումներով հանդերձ:

Կոնֆերանսը նախագահելու է Ֆինլանդիայի նախկին նախագահ, Նոբելյան մրցանակակիր Մարթի Ահթիսաարին` ներկայացնելով հակամարտության կարգավորման սեփական փորձը:

Գիտակցելով, որ չկա նույնանման երկու հակամարտություն, այդուհանդերձ, ԵԱՀԿ-ում ներկայիս նախագահող Իռլանդիան չի էլ փորձի գործողությունների մոդելներ ներկայացնել, դրա փոխարեն կենտրոնանալով այն իրողությունների վրա, թե ինչպես հյուսիսիռլանդական հակամարտության առումով գործընթացները հասցվեցին կարգավորման, թե որքան անհրաժեշտ է քաղաքական վստահությունը, ինչպես նաեւ թե ինչ հետհակամարտային գործընթացներն են այսօր տեղի ունենում:

Ինչպես նախապես հայտարարել էր Իռլանդիայի փոխվարչապետը, փաստացի այս կոնֆերանսը փորձ կլինի անդրադառնալու ԵԱՀԿ տարածքի հակամարտություններին, այդ թվում` ղարաբաղյան խնդրին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4