«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2012-04-19 | #72, 2012-04-20 | #73, 2012-04-21


ՆԱԽԱԳԱՀԻՆ ԷԼ «ՔՑԵՑԻՆ» 20 ՐՈՊԵՈՒՄ

Ավտոմեքենաների 20-րոպեանոց հաշվառման լուրը կայծակի պես տարածվեց հայոց երկրով մեկ: Մարդիկ ապշած էին. այդ ի՜նչ պատահեց, որ կոռուպցիայից հոգնած հանրապետությունում չինովնիկները, այն էլ ոստիկանները, հանկարծ որոշել էին հեշտացնել մարդկանց կյանքը: Նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանին էին հրավիրել էրեբունիական նոր ստորաբաժանման բացմանը: Տարբեր մակարդակների ոստիկանապետեր հուզված լուսաբանում էին հրաշք-երեւույթը: Այդ նույն պետերը հեռուստազրույցներում էլ նույնքան կասկածամիտ հաղորդավարներին կրքոտ հավաստիացնում էին 20-րոպեանոցի իրական բնույթը:

Եվ հենց հաջորդ օրը հարյուրավոր հուսավառված առնող-ծախողներ հեղեղեցին նորաբաց հաստատությունը. պարզվեց, որ 20 րոպեն սկսվում է միայն արդիական տեխնիկայով հագեցած շինության շեմին ոտք դնելուց հետո: Իսկ մինչ այդ մի քանի ժամն աչքիդ առաջ ունեցիր:

Սակայն առաջին օրերին շատերը ներողամիտ էին, դե, գայթակղությունը շատ մեծ էր, եւ մարդիկ միանգամից վրա տվին, մեծ ծանրաբեռնվածություն ստեղծվեց, եւ բարիացած ոստիկանները դրա տակ ճկռեցին: Գուցե դեռ որոշ ժամանակ էլ կարելի էր հանդուրժել արդեն քրոնիկականի վերածվող «բեռնվածությունը», եթե չհայտնվեր վաղուց հայտնի այն սինդրոմը, որը միշտ ուղեկցում է հայրենի ոստիկանության աշխատանքին մարդկանց սպասարկումը կանխակալ կերպով դժվարացնելու ուղղությամբ: Խոսքը վերաբերում է ճարպիկ ու ամենահաս միջնորդների ի հայտ գալուն: 20 րոպեո՞ւմ, հարց չկա, միայն թե «մուծիր» 15 հազար դրամ: Զարմանում ես, թե ինչու ամեն ինչ այսքան արագ է վերադառնում, ինչպես ասում են, ի շրջանս յուր: Անխիղճները գոնե սպասեին խորհրդարանական խոստումնառատ նախընտրական քարոզարշավի ավարտին:

Ոչինչ չի փոխվում: 20 րոպեում նախագահին էլ «քցեցին»: Մեր դասականներից ով էր ասելՙ փո՜ղ, փո՜ղ, փո՜ղ...

Ռ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4