Նախօրեին տոնական տրամադրությունն էր իշխում Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ նախընտրական քարոզարշավի շրջանակներում բազմամարդ հանրահավաք էր անցկացնում «Օրինաց երկիր» կուսակցությունը: Ներկաները առանձնակի ոգեւորությամբ եւ ծափողջույներով դիմավորեցին իրենց համայնքի ներկայացուցիչ, կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանին, ով իր ուղերձում շնորհակալություն հայտնեց կուսակցության համակիրներին` իրենց ամուր վստահության եւ նվիրվածության համար:
Դիմելով ներկաներին` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ կուսակցությունը գնում է դեպի ընտրություններ մրցունակ ծրագրով, հզոր թիմով եւ հաղթողի վճռականությամբ: Արթուր Բաղդասարյանը ընտրողներին ներկայացրեց առաջարկվող նորարարական մոտեցումներով հարուստ նախընտրական ծրագրի մի շարք կետեր, որոնք ուղղակիորեն առնչվում են հասարակ մարդու հոգսերին եւ վերջ են դնելու այսօր տարբեր սոցիալական խավերի դեմ ծառացած խնդիրներին:
«Մենք ցանկանում ենք ժողովրդին ազատագրել տան վարձ կոչվող լծից եւ հիմնովին վերափոխել կոմունալ վարձերի առկա համակարգը: Մարդը պետք է վճարի միմիայն մատուցված ծառայությունների դիմաց», - ասել է Արթուր Բաղդասարյանը: Իսկ տանիք վերանորոգելը, մուտքերը բարեկարգելը կուսակցությունների կամ առանձին անհատների գործը չէ: Այս խնդիրներին պետք է համալիր համակարգային լուծում տալ: Կուսակցության նախընտրական ծրագրում տեղ գտած կարեւոր մոտեցումների թվում է կոմունալ բնակարանային տնտեսության համակարգում ծառայությունների մատուցման ոլորտի ազատականացումը: Արդյունքում կստեղծվեն փոքր ընկերություններ` որոնք կգործեն մրցակցային պայմաններում` մի կողմից քաղաքացիներին ապահովելով առավել որակյալ ծառայություն իրենց վճարի դիմաց, իսկ մյուս կողմից զբաղվածության խնդիրը լուծում կստանա հազարավոր մեր հայրենակիցների համար:
«Օրինաց երկիր» կուսակցությունը առաջարկում է մեծացնել անվճար միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության ծավալները: Անհրաժեշտ է բարելավել առաջադիմության հիման վրա անվճար ուսման համակարգը, որը նույնպես Հայաստանում իրականություն է դարձրել Օրինաց երկիր կուսակցության գործուն մասնակցությամբ: Այժմ արդեն անվճար կրթության ապահովման գործընթացում հաշվի է պետք առնել նաեւ սոցիալական գործոնը` հաշմանդամների, սոցիալական անապահով ընտանիքների երեխաների եւ խոցելի այլ խմբերի կրթությունն իրականացնել պետական բյուջեի հաշվին: Անհրաժեշտ է նաեւ ներդնել քաղաքակիրթ աշխարհում այսօր լայնորեն կիրառվող երկարաժամկետ ուսանողական վարկավորման համակարգը:
Արթուր Բաղդասարյանի խոսքով ծրագրերը բազմաթիվ են` փոքր եւ միջին բիզնեսի խթանմանն ուղղված բանկային երաշխիքներ ապահովող պետական հիմնադրամների ստեղծում, օրենքի ուժով բազմահազար մեր հայրենակիցներին չհաշվառված աշխատանքային ստաժի վերականգնում, պետական ծառայության նոր տեսակի` բյուջետային ծառայության հիմնում, որում ընդգրկված կրթության եւ գիտության ոլորտի աշխատողները կստանան հավելյալ իրավական, նյութական եւ սոցիալական երաշխիքներ, ուղղիչ աշխատանքային գաղութներում գտնվող մարդկանց իրենց հարազատների կողմից այցելությունների սահմանափակումների վերացում, փոքր չափերի, հիմնականում տնտեսական հանցանքների համար հսկողության ժամանակակից եւ քաղաքակիրթ մեխանիզմների ներդրմամբ այլընտրանքային պատիժների սահմանում: Կուսակցության ղեկավարը Մալաթիա Սեբաստիա համայնքի ներկայացուցիչներին եւս կոչ արեց քվեարկել խղճի մտոք` որպեսզի կյանքի կոչվեն այս եւ բազում այլ լուսավոր ծրագրեր, որոնք մեր երկիրը տանելու են առաջընթացի եւ զարգացման ճանապարհով: