Կարեն Սմբատյանի 80-ամյակին
Հիշողությունը Կարեն Սմբատյանի մասին տանում է ետ, միտքդ ճամփորդում է անցյալի հետքերով, եւ առաջինը որ «երեւում է», ի՜նչ զարմանալի զգացում_գույների անձրեւն է այն ցուցահանդեսի, որ 2002-ի աշնանը Նկարչի տանն էր կայանում: Մարդկային հայացքից «ազատված» նկարները նիրհում էին բակունցյան աշնանային փափուկ սրսփուքներում (այսպես երեւի ես էի միայն լսում): Նկարիչը մենակ էր, մեծ սրահում նստած, գլուխըՙ կախ, քթի տակ մեղեդի էր դնդնեցնում: Սրահը դրսից խուժած արեւի լույսի ու ներսի գույնի շռայլությունից շփոթված-շառագունած էր. այնքա՜ն տարածություն կար ազատ զգալու-ի՜նչ երանություն: Մեղեդին դնդնում, օդում պտտվում, լույսի հետ մտերմանում ու կամաց-կամաց մարում է. օրը փոխվում է, տարին հետը: Շարունակում է պտտվել ժապավենը:
Երբ նկարիչը այլեւս մեզ հետ չէ, եւ իր հրաժեշտի ձմեռվանից անցել է 3 տարի, մենք այստեղ շարունակում ենք այդ կյանքը մեր հիշողություններով. վերադարձող պատկերները մաքուր ու բարեմիտ են, ինչպես ապրեց այս կյանքը Կարեն Սմբատյանը, իր գույնի պես անխառն, իր արվեստի իրականության արանքներում թաքցված պահելով մանկական թանկ երազը...
Մտավորական-նկարիչՙ ազգային ընդգծված նկարագրով հայ մարդ, արմատների, հողի ուժը արյամբ զգացող, կայուն գաղափարների ու համոզմունքների տեր արվեստագետ-մտածող, հայերեն լեզվի կենսական անհրաժեշտությունը սեփական ժողովրդի գոյաբանական տեսակի պահպանման մեջ գիտակցող, որ թողեց արժանապատիվ հիշողություն ու լուսավոր արվեստ: Կ. Սմբատյանի արվեստը հայրենի հողի ձայնն է, նրա թարգմանը, նրանով ներշնչված ու սնված: Մտքի, մտածողության մարդ էր եւ չէր կարող իր ժամանակին, իրականությանը, իրադարձություններին անտարբեր ապրել, միաժամանակ մնում էր նկարչիՙ իր ստեղծած երեւակայական ամրոցի օդեղեն տեսիլքներում:
Նա հանրային շարժումների փոթորկումների կիզակետում էր միշտ, կրքոտ վերաբերմունքով, մանավանդՙ ազգային-գաղափարական դրսեւորումների: Վրձինը դարձել էր իր մտքի ու զգացմունքի «մատնիչը»: Դեռ նոր-նոր էր ազգային զարթոնք ապրումՙ 88-ին հայ մարդը, մինչդեռ նկարիչը վաղուց իր երակներում պահում էր ազատության շունչը ու պայքարի խորհրդանիշներն արդեն արվեստի էր վերածել: Նա շատ սուր էր զգում ժամանակի տագնապները եւ արձագանքում դրանց հատկապես ազգային ինքնության վտանգման պարագայում, ինչ էլ լիներՙ քաղաքական, սոցիալական, լեզվական, հոգեւոր, մշակութային: Եվ նկարչությունը որպես պատվար էր գործածում, որպես զենք: Դա ներքին պաշտպանական բնազդ էր, նրա գույնի, գծի «թիկունքում» տրոփում էին այդ նույն խոհը, զգացումը, միտքը: Եվ հենց սա է ճշմարիտ արվեստի ուժը, նրա տեւականության գաղտնիքը: Նրա նկարչությունը եթե այս կամ այն գաղափարախոսության արտահայտությունն էր անգամ եւ կամ հստակ թեմատիկ ուղղվածություն ուներ, միեւնույն էՙ նկարագրական-պատմողական տարրերից զերծ էր, ազգային-ազատագրական շարժման հերոս-ֆիդայիների դիմաշար կլիներ, թե քրիստոնեական-հոգեւոր խորհրդանիշեր կրող կտավներ, միեւնույն է:
Նկարչական այս մտածողությունը առարկայական-իրեղեն կանոններին չի ենթարկվում. նա սիրում էր սիմվոլներով մտածել, գուցե եւՙ ապրել: Ինքնարտահայտման որոնումներն արվեստում վաղ շրջանիցՙ դեռ հեռավոր Դագո կղզում ծառայելու տարիներից են սկսվում: Յուղաներկի պինդ, թանձր քսվածքներըՙ կտավներին ռեալիստական շունչ հաղորդող, հետագայում փոփոխությունների տարբեր փուլերով անցանՙ պայմանավորված հեղինակի մտային զարգացումներով: Հայ եւ համաշխարհային մշակույթի պատմության ուսումնասիրությունը, հաղորդակցումը տարբեր դարաշրջանների արվեստի մեծ վարպետներին շարժումներին եւ ուղղություններին հարստացրին նկարչի միտքը. այս ճանապարհին նրա բոլոր փորձերը, որոնումները ուղղված էին կյանքն ու աշխարհը պատկերելու սեփական ձեւերը գտնելուն:
Ստեղծագործական իր մեթոդը սեփական բանաձեւումներին հետեւողՙ «օգտագործել բնորդին եւ բնությունըՙ հնարավորին չափ պարզեցնելով ձեւերը», «ամենաշքեղ շքեղությունը պարզությունն է», նա կարողացել է գտնել նկարչական տարբեր ուղղությունների ու ձեւերի մեջՙ սեփական ձեռագիրը փորձել-փորձարկելով: Համաշխարհային կերպարվեստի պատմության ճանաչողությունը այն դպրոցը եղավ, որի դասերին նա հետեւեց կյանքի ողջ ընթացքում: Ակնածանքի հասնող վերաբերմունքը անցյալի ժառանգության հանդեպ, արժանավորը տեսնելու ու գնահատելու շնորհը նրա միտքը դարձրել են բաց, այնպես, որ նա շատ հստակ է ըմբռնել գեղարվեստի դերն ու զարգացման ձեւերը տվյալ ժամանակի տիրույթումՙ Վերածննդի վարպետների դասական արժեքներից մինչեւ իմպրեսիոնիստների վարակիչ իմպուլսիվ զգայականություն, աշխարհի երկրաչափական մոդելավորման շարժումներից մինչեւ գունապատկերային վերացարկումներ: Այդուհանդերձ, հին վարպետները մնացին նրա ամենամեծ ուսուցիչներըՙ «Մատիսի ներգործությունը նույնքան ուժեղ է, որքան Ռեմբրանդտինը», կամՙ «Հետզհետե համոզվում եմ, որ այսօր ոչ թե Պիկասոն է իմ բոլոր հարցերի պատասխանը, այլ անցյալի հին վարպետներըՙ Կարավաջիոն, Ռեմբրանդտը, Գոյան»:
Լինելով գաղափարի մարդ, քաղաքացիական հստակ դիրքորոշումներով գեղագետ, որքան էլ որ նկարչությունը համարում էր հոգեվիճակ, աշխարհայացք ու բնավորություն, այդուհանդերձ, խորքում մաքուր նկարչության կողմնակիցն էրՙ արվեստի մեջ կարեւոր տեղ վերապահելով պայմանականությանը, ձեւի, գծի, պատկերի, լուսաստվերի, գեղարվեստական բոլոր տարրերի ամբողջական կիրառման մեջ տեսնելով նկարի հաջողությունը. «Ձեւը մեզ շրջապատող աշխարհն է: Նկարիչը, որ արհամարհում է ձեւը, իր ստեղծագործությունը զրկում է կյանքից»: Սմբատյանի համար, սակայն, նկարչության ամենամեծ խորհուրդը գույնն է, Դելակրուայի խոսքերովՙ գեղանկարչության խրախճանքը, նրա գույներըՙ կոնտրաստային ու հնչեղ, կյանքի լավատեսության հիմն են: Կարեն Սմբատյանը գույնի նկարիչ է, եթե ձեւը հիմքն է կերպարվեստի, բայց հոգին գույնի մեջ է հայտնի դառնում: Մեր ամենօրյա հայացքի ներքո աշխարհի լողացող գույները նկարչի կտավին իջնում են բոլորովին այլ կերպ, խոսում միանգամայն այլ կոնտեքստումՙ մերթ որպես հույզ ու հուզականություն, մերթ ոգի ու կամք, մերթ կյանքի անցողիկության կարոտ, բայց ոչ երբեքՙ վհատություն, այլ որպես հավատքի վահանՙ ժամանակ-առեղծվածի դեմ-հանդիման:
Սմբատյանի արվեստի հայկական արմատները շատ խորն ենՙ միջնադարյան մանրանկարիչների գունամտածողությունից սերված, նրա հայկականությունը խորապես կապված է իր ժողովրդի պատմության, ավանդույթների, մշակույթի հետ եւ հատկապեսՙ գրականության: Գրի, գրչի մարդ էր Կ. Սմբատյանը, վկա նրա օրագրությունները, նրա մաքուր հայերեն լեզուն, դասական ուղղագրությանը կողմնակից լինելը: Ուրիշ էլ ում մտքով կանցներ Դանիել Վարուժանի «Հացին երգը» համեմատել Վան Գոգի նկարչության հետ:
Կերպարվեստի նրա սերը դժվար է վերարտահայտել. միայն մեկ հիշատակում փարիզյան իր տպավորություններից. «Լուվր: Կարավաջիո, Գոյա, Վելասկեզ, Էլ Գրեկո, Դելակրուա, Ռեմբրանդտ: Նկարները դիտելիս զգում էի, թե ինչպես են սնում ինձ այս աստվածաշնորհ ստեղծագործությունները: Իմ հարազատ Դելակրուան, որ սնում է ինձ մանկությանս տարիներից, Գոյան, որի սեւ-մոխրագույն, երբեմն-երբեմն երեւացող սպիտակ-վարդագույն բծերով կանացի դիմանկարները թվում է ես եմ նկարել, Ռեմբրանդտի Վիրսավիային սիրահարվեցի առաջին հայացքից:
Էքս-ան-Պրովանս քաղաք, ուր ծնվել ու մահացել է մեծ Սեզանը: Նրա տունըՙ շրջապատված քարե բարձր ցանկապատով: Ես կարո՞ղ էի երբեւէ երազել, որ բախտ կունենամ լինել Պրովանսի կենտրոնում, սոճիներով ու կաղնիներով անտառապատված բարձունքի վրա, ուր միայնակ ու հպարտ կանգնած է այն ծեր հողմաղացը, որտեղից իր նամակներն է գրել հռչակավոր Ալֆոնս Դոդեն»:
Օրագրություններում Կարեն Սմբատյանը այսպիսի խոսքեր է թողել. «Մեկի համար գեղանկարչությունը խրախճանք է, մյուսի համարՙ տառապանք, երրորդի համարՙ պայքարի միջոց: Երեքն էլ հոգեհարազատ են ինձ»: Վկաՙ իր նկարչությունը, հետահայաց այս ցուցահանդեսըՙ գույնի, որ կբացվի այսօր, Նկարչի տան սրահում:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ