«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2012-04-19 | #72, 2012-04-20 | #73, 2012-04-21


ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ ԿԲԱՑՎԻ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների համար բացառիկ դասախոսությամբ հանդես եկավ ռուսաստանաբնակ հայ մտավորական, բարերար, «AVA Group of Companies Oil & Gas Projects»-ի նախագահ Վլադիմիր Հարությունյանը : Նա բազմաթիվ բարեգործական ձեռնարկներ է ունեցել հայրենիքում, եւ հենց նրա միջոցներով է վերանորոգվել Ծաղկաձորի Կեչառիսի միջնադարյան վանական համալիրը:

Վլադիմիր Հարությունյանը Երեւան է եկել հատուկ Մանկավարժական համալսարանի հրավերով եւ ուսանողներին ներկայացրեց «Ռուսաստանը երեկ, այսօր, վաղը» թեմայով դասախոսություն:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը , ողջունելով ներկաներին, կենսագրական մանրամասներ ներկայացրեց հյուրի մասին եւ ընդգծեց, որ մեծ պատիվ է համարում նրա ներկայությունը Մանկավարժականում: «Ի դեմս նրա` մենք ունենք ամենատարբեր ասպարեզներում բացառիկ գիտելիքներ ունեցող, բազմաթիվ գեղարվեստական երկերի հեղինակ եւ մեծ բարերար հայրենակից»,- ասաց ռեկտորը:

Այնուհետեւ Ռուբեն Միրզախանյանը, համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, Վլադիմիր Հարությունյանին շնորհեց ՀՊՄՀ պատվավոր դոկտորի կոչում:

Վլադիմիր Հարությունյանը բավականին մանրամասն ներկայացրեց ՌԴ-ի պատմությունը, նշելով, որ առանց անցյալի պատմության դժվար է դիմակայել եւ հասկանալ այսօրվա բարդ մարտահրավերները: «Ներկան նաեւ անցյալի պատմության արժեքների պահպանումն է»,- ասաց բանախոսն ու ներկայացրեց 300 տարվա պատմություն ունեցող Ռոմանովների դինաստիան, խոսեց նաեւ մինչ նրանց հաստատումը Իվան Ահեղի, Բորիս Գոդունովի, Դմիտրի 1-ին եւ մյուս ցարերի ծավալած գործունեության մասին, եւ հատկապես շեշտադրեց Պետրոս Առաջինին: Խոսելով վերջինիս գործունեության մասին, Վլադիմիր Հարությունյանն ընդգծեց, որ մինչ այդ Ռուսաստանը մեկուսացած էր աշխարհից, եւ Պետրոս Առաջինի շնորհիվ բացվեց պատուհան դեպի աշխարհ. նա «հեղափոխություն» կատարեց բոլոր ոլորտներում:

Վլադիմիր Հարությունյանն այնուհետեւ անդրադարձավ խորհրդային իշխանության եւ վերակառուցման տարիներին: Իսկ Ռուսաստանի ապագայի մասին խոսելիս ընդգծեց, որ անհրաժեշտ է ստեղծել ղեկավարման ժամանակակից համակարգ, ազատ եւ արդար հասարակություն, որտեղ կլինեն հավասար իրավունքներ եւ հնարավորություններ բոլորի համար: Դրան հասնելու ճանապարհը, ըստ բանախոսի` երկար է ու դժվար:

Վլադիմիր Հարությունյանը ընդգծեց, որ այսօրվա կարեւորագույն խնդիրը կիրթ հասարակություն ունենալն է, իսկ դրան հասնելու լավագույն տարբերակը` սոցիալիստական համակարգին վերադարձը, որը կապահովի անվճար ուսուցման իրավունք մանկապարտեզից մինչեւ բարձրագույն ուսումնական հաստատություն: Այս ամենի առկայության դեպքում ոչ ոք չի ցանկանա լքել հայրենիքն ու հեռանալ:

Վերջում Վլադիմիր Հարությունյանն անդրադարձավ նաեւ Մանկավարժական համալսարանի հետ համագործակցության հեռանկարներին, նշելով, որ ծրագիր է մշակվում, ըստ որի Մոսկվայում կբացվի դպրոց, որտեղ առաջին 4 դասարաններում աշակերտները կսովորեն մայրենին` հայոց լեզու, իսկ արդեն բարձր դասարաններում հայ ժողովրդի պատմություն ու Հայ եկեղեցու պատմություն` հայերենով: Դպրոցին համապատասխան մասնագետներով եւ մասնագիտական գրականությամբ կապահովի մանկավարժական համալսարանը:

Հ. Գ. Մեր հայրենակից Վլադիմիր Հարությունյանը արմատներով Արեւմտյան Հայաստանից է, ծնվել է Ռուսաստանում եւ զբաղեցրել բարձր ու խիստ պատասխանատու պաշտոններ:

1961 թվականին ավարտելով Մոսկվայի արտաքին հարաբերությունների պետական ինստիտուտը` Վլադիրմիր Հարությունյանն աշխատանքի է անցել ԽՍՀՄ արտաքին առեւտրի նախարարությունում` համամիութենական «Սոյուզնեֆտէքսպորտ»-միավորումում: Ապա 1965-1971 թվականներին Լոնդոնում եղել է «Նաֆտա» բաժնետիրական ընկերության տնօրենը: 1972-1974 թվականներին աշխատել է որպես «Սոյուզնեֆտէքսպորտ»-ի արեւելյան մասնաճյուղի տնօրեն, իսկ 1974-1981 թվականներին կրկին Լոնդոնում գլխավորել է «Նաֆտա» բաժնետիրական ընկերությունը` հանդիսանալով գլխավոր տնօրենը: Այնուհետեւ աշխատել է որպես համամիութենական «Սոյուզնեֆտէքսպորտ» միավորման փոխնախագահ: Իսկ 1986-1992 թվականը ղեկավարել է այդ հսկայական կառույցը`«Սոյուզնեֆտէքսպորտը»: 1992-1995 թվականներին նա հանդիսացել է «Ավստրիական արդյունաբերողների միության» նախագահի ավագ խորհրդատու, իսկ 1996 թվականից մինչ օրս ղեկավարում է «AVA Group of Companies Oil & Gas Projects» ընկերությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4