«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2012-04-19 | #72, 2012-04-20 | #73, 2012-04-21


ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅ ԵՎ ՕՏԱՐ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

2012թվականի ապրիլի 16-17-ին Երեւանում տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի, Համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության եւ փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի եւ Հայոց փիլիսոփայական ակադեմիայի կողմից կազմակերպված «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական եւ գործնական հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովին մասնակցում էին աշխարհի 14 երկրների համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, այդ թվում ակադեմիկոս Գեւորգ Բրուտյանը (Երեւան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ, Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ-ին առընթեր Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության եւ փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն), ակադեմիկոս Եվանգելոս Մոութսոպոուլոսը (Աթենքի համալսարանի պատվավոր ռեկտոր, փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ), Հանս Կոխլերը (փիլիսոփայության պրոֆեսոր, Ինսբրուքի համալսարանի (Ավստրիա) փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար, փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ), Դեյվիդ Կուկը (Գլազգոյի շոտլանդական համալսարանի դատակլինիկական հոգեբանության պրոֆեսոր, հոգեբանության եւ իրավունքի Եվրոպական ընկերության նախագահ), Պիտեր Կեմպը (Կոպենհագենի Աարուսի համալսարանի պրոֆեսոր, կրթության բաժանմունքի էթիկայի եւ իրավունքի կենտրոնի տնօրեն, փիլիսոփայական ընկերության միջազգային ֆեդերացիայի (FISP) նախագահ, փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս), Յուրի Իվլեւը (Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվ. պետ. համալսարանի տրամաբանության ամբիոնի պրեֆեսոր փ.գ.դ.), Ֆրանսուա Նոն (Ֆրանսիայի Դիդրոյի անվ. համալսարանի պրոֆեսոր, հոգեբանության դոկտոր), Իրակլի Իմեդաձեն (Ն. Դ. Ուզնաձեի անվ. հոգեբանության ինստիտուտի տնօրեն, Վրաստանի ԳԱԱ թղթակից անդամ, հ.գ.դ., պրոֆ.): Գիտաժողովին իրենց մասնակցությունն էին բերել նաեւ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մ. Մկրտչյանը, ինչպես նաեւ Խ. Ավովյանի անվան ՀՊՄՀ-ի ռեկտոր պրոֆեսոր Ռ. Միրզախանյանը: Միջազգային գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համալսարանի, ԵՊՀ-ի, Մինսկի պետական համալսարանի, Թբիլիսիի բժշկական պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ-ի, Արգենտինայի` Բոունես-Այրեսի հոգեվերլուծական ինստիտուտի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի, Մ. Հերացու անվ. Երեւանի պետական բժշկական համալսարանի, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ-ի արեւելագիտության ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական ինստիտուտի, «Ինտերլինգվա» լեզվագիտական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտոկան համալսարանի, Վ. Բրյուսովի անվ. Եր. ՊԼՀ-ի, Տուրկայի (Ֆինլանդիա) համալսարանի, Հայաստանում ամերիկայան հումանիտար համալսարանի, Բուխարեստի (Ռումինիա) պոլիտեխնիկական համալսարանի եւ բազում այլ ԲՈւՀ-երի հոգեբանության, սոցիոլոգիայի, փիլիսոփայության, լեզվաբանության, մշակութաբանության, իրավագիտության, քաղաքագիտության ամբիոնների վարիչներ, պրոֆեսորներ, դոցենտներ, ասպիրանտներ ու մագիստրոսներ: Գիտաժողովին մասնակցում էր նաեւ ՀՀ ԳԱԱ «Լրաբեր» հասարակական գիտությունների հանդեսի գլխավոր խմբագիր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Խառատյանը:

Միջազգային գիտաժողովի լիագումար նիստի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ ապրիլի 16-ին, Անի Պլազա հյուրանոցի նիստերի դահլիճում, որը տեւեց մինչեւ կեսօր: Գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ` Գեորգի Բրուտյանը: Գիտաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ, Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ-ի խորհրդի նախագահ` Տիգրան Սարգսյանը: Լիագումար նիստին զեկուցումներով հանդես եկան փիլիսոփայության դոկտոր Եվանգելոս Մոութսոպոուլոսը (Աթենք), փիլիսոփայության պրոֆեսոր Հանս Կոխլերը (Ինսբրուք), Պիտեր Կեմպը (Աարուսի համալսարանի պրոֆեսոր) եւ Դեյվիդ Կուկը (Գլազգոյի շոտլանդական համալսարանի դատակլինիկական հոգեբանության պրոֆեսոր):

Այնուհետեւ ընդմիջումից հետո ժամը 14-ին գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ-ի գիտաժողովների դահլիճում: «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական եւ գործնական հիմնախնդիրներ»-ին վերաբերվող փիլիսոփայական տեսակետները ներկայացնող աշխատանքները զեկուցվեցին գիտաժողովի երկու մասնաճյուղերում: Հիմնախնդրին վերաբերվող հոգեբանության ոլորտի զեկուցումները տեղի ունեցան 4-րդ եւ 5-րդ մասնաճյուղերի աշխատանքներում, միացյալ նիստերի ձեւով: Մասնավորապես քննարկվեցին փոխակերպվող հասարակության զարգացման հիմնախնդիրների փիլիսոփայական եւ հոգեբանական ասպեկտները: Զեկուցողները ներկայացրեցին փոխակերպվող հասարակության զարգացման առանձնահատկությունները, հասարակությունների եւ անձի ձեւափոխման յուրահատկությունները, համաշխարհային զարգացումների միտումներն ու հեռանկարները, անձի զարգացման հիմնահարցերը փոխակերպվող հասարակությունում անձի սոցիալ-հոգեբանական հարմարման առանձնահատկությունները: Աշխատանքներն ունեին տեսական եւ հետազոտական բնույթ, որոնք իրենց բովանդակությամբ լուրջ գիտական հետաքրքրություն էին ներկայացնում:

Գիտաժողովի երկրորդ օրը` ապրիլի 17-ին, ժամը 10-ին կայացավ փիլիսոփայության եւ տրամաբանության առաջին եւ երկրորդ մասնաճյուղերի համապատասխանաբար «Հասարակության համակարգի փոխակերպման առանձնահատկությունները եւ փոխակերպման տրամաբանության խնդիրները» խորագրերով նստաշրջանների աշխատանքները: Մասնաճյուղի աշխատանքները վարում էին փիլիսոփայության բնագավառի համաշխարհային ճանաչում ունեցող անվանի հայ եւ օտարերկրյա գիտնականներ:

Նույն օրը կայացան նաեւ միջազգային գիտաժողովի հոգեբանության ոլորտի 4-րդ եւ 5-րդ մասնաճյուղերի համապատասխանաբար «Փոխակերպվող հասարակության սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրները» եւ «Փոխակերպվող հասարակության եւ կիրառական հոգեբանության հիմնախնդիրները» խորագրերով գիտական հիմնախնդիրներին վերաբերվող զեկուցումների քննարկման աշխատանքները:

Մասնաճյուղերի վարման աշխատանքները իրականացնում էին ինչպես հրավիրված, այնպես էլ ՀՀ ԲՈւՀ-երի անվանի գիտնականները: Հոգեբանության մասնաճյուղերում քննարկվում էին փոխակերպվող հասարակության տեսական եւ կիրառական հիմնախնդիրները, անցումային հասարակությունում անձի հարմարման, սոցիալականացման առանձնահատկությունները, անձի հոգեկան առողջության, հոգեբանական անվտանգության հիմնախնդիրները: Զեկուցվող թեմաները գիտական տեսանկյունից ուինեին հիմնարար տեսական եւ հետազոտական բովանդակություն ունեցող կիրառական բնույթ:

Գիտաժողովում քննարկվող զեկուցումների գիտական նշանակությունը հատկապես հայ իրականության համար չափազանց կարեւոր է, քանզի նախկին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՀՀ պետականության կերտման գործընթացը պահանջում է ժամանակակից հասարակությունների զարգացման հոգեբանական, փիլիսոփայական հիմնախնդիրների իմացություն, որոնք լուսաբանվում են գիտաժողովի աշխատանքներում: Հասարակության զարգացման հեռանկարը պայմանավորված է նաեւ ժամանակի մարտահրավերներին, հավանական եւ առկա սպառնալիքներին դիմակայման նպատակով, այն է` կայուն տնտեսական աճ, ժողովրդի բարեկեցություն, առողջ հասարակություն, որոնց առնչվող հիմնախնդիրների լուծման բազում հարցեր եւս քննարկվեցին երեւանյան միջազգային գիտաժողովում:

Անցումային հասարակություններում տնտեսական, սոցիալական, քաղաքական ոլորտներում տեղի ունեցած զարգացումների ու դժվարություների հետեւանքները անդրադառնում են ինչպես երկրի ընդհանուր զարգացման, այնպես էլ նրանում ապրող ազգաբնակչության ընդհանուր ապրելակերպի, նրանց մշակութային, հոգեւոր, գիտական, կրթական, հասարակական բազում այլ ոլորտների առաջընթացի վրա: Վերջիններս ուղղակիորեն անդրադառնում են անձի հոգեկան առողջության, անձի նարդաշնակ զարգացման գործընթացի վրա: Այս տեսանկյունից կարեւոր են փոխակերպվող հասարակության զարգացման տեսական եւ գործնական հիմնախնդիրներին վերաբերվող հարցերի գիտական մեկնաբանումները, որը հաջողությամբ առաջադրված հարցերի շրջանակներում իրականացրեց միջազգային գիտաժողովը:

ՀՀ-ը, լինելով դեռեւս ձեւավորման շրջանում, ունենալով բազում սոցիալ-տնտեսական, քաղաքական չլուծված հիմնախնդիրներ, համաշխարհային գլոբալիզացիայի պայմաններում որպես ուղեցույց, կարող է օգտագործել գիտաժողովում հնչած գիտական զեկուցումները: Կարծում ենք դրանք հետագայում կտան ռազմավարական հեռանկարային արդյունավետ ծրագրերի մշակման հնարավորություն:

Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ-ի կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի հոգեբանության տեսության եւ պատմության ամբիոնի վարիչ,

Մ. Պ. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ, Հոգեբ. գիտ. դոկ., պրոֆեսոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4