Գիտաժողովի բացմանը ելույթ ունենալով մասնակիցներիՙ հայ եւ օտարազգի գիտնականների առջեւ, նրանց ողջունելուց եւ հաջողություն մաղթելուց հետո, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետեւյալ խոսքերով ներկայացրեց գոյաբանական այս սկզբունքները, որոնցով ղեկավարվում է իր գլխավորած կառավարությունը:
Թեման, որ մենք այսօր ձեզ հետ միասին պետք է քննարկենք, ունի մի շարք առանձնահատկություններ:
Ես ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել այն գոյաբանական սկզբունքները, որոնցով ղեկավարվում է ՀՀ գործադիր իշխանությունը, եւ բարձրացնել հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում ենք ստանալ այստեղ ներկա գիտնականներից:
Համաշխարհային ճգնաժամն առավել սուր ձեւով է ներկայացնում փոխակերպվող հասարակության խնդիրները եւ պահանջում արդյունավետ լուծումներ, որոնք թույլ չեն նվազեցնել քաղաքացիների կենսամակարդակը:
Մյուս կողմից` քաղաքական գործիչները քաջ գիտակցում են, որ գիտությունն ի վիճակի չէ պատասխանելու շատ հարցերի:
Մենք փորձել ենք դուրս բերել այն հիմնարար, կարեւորագույն առանձնահատկությունները, որոնք բնորոշում են մեր ներկան:
Առաջին` մենք ապրում ենք մի աշխարհում, որի առաջնային բնութագրիչը արագ փոփոխությունն է: Երբեւէ մարդկությունը չի ապրել այնպիսի ժամանակներում, երբ փոփոխություններն այդքան ակնհայտ են: Մի սերունդը չի հասցնում ամբողջությամբ այն յուրացնել, հասկանալ հենքային գործընթացները, բացահայտել օրինաչափություններ, դրանից ելնելով ձեւակերպել խնդիրներ եւ դրանց լուծումներ տալ:
Ժամանակակից աշխարհի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ էապես ուժգնացել են փոխադարձ ազդեցությունները: Աշխարհն այսօր շատ ավելի բաց է, քան քսան կամ հիսուն տարի առաջ. պետությունների փոխազդեցություններն էական նշանակություն ունեն:
Երրորդ առանձնահատկությունն այն է, որ ակնհայտորեն ձեւավորվում է որակապես նոր տիպի հասարակություն, որին շատ հաճախ անվանվում են պոստինդուստրիալ:
Հասարակության հիմնական հարաբերությունների ձեւավորման առանցքում պետք է լինի ոչ թե ապրանքների, այլ գիտելիքի արտադրությունը:
Հաջորդ առանձնահատկությունը բխում է նախորդից. եթե հենքային գործընթացի հիմքում ընկած լինի գիտելիքի արտադրությունը, ապա հասկանալի է, որ հիմնական ռեսուրսը կլինի մարդը: Ժամանակակից կհամարվի այն հասարակությունը, որը կստեղծի առավել բարենպաստ պայմաններ մարդու` նոր գիտելիքներ ստեղծելու համար:
Փոխակեպվող հասարակության մյուս առանձնահատկությունը արժեքային համակարգի ճիշտ կողմնորոշումն է:
Պետք է ճշգրտել ժամանակակից հասարակությանը բնորոշ արժեքները, գրված եւ չգրված կանոնները եւ հասկանալ մարդկության զարգացմանը խոչընդոտող հնամաշ արժեքները:
Կան բավականին բուռն շրջադարձեր, որոնց լուծումները միանաշնակ չեն:
Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ աշխարհը գնում է ոչ միայն միաձուլման եւ միասնական ստանդարտների ներկրման, այլեւ պայքարում է իր տեսակի եւ առնձնահատկությունների` արժեքների համար:
Այդ տեսակետից ազգային մշակույթի զարգացումը, ազգային ինքնության պահպանումը նույնպես ունի ֆունդամենտալ նշանակություն:
Մենք պետք է գտնենք եզրեր փոքրացող աշխարհի միասնական ստանդարտների եւ բազմազանության միջեւ:
Մի քանի տարի առաջ տեղի ունեցած տնտեսագիտության համաշխարհային մեծության ֆինանսական հավաքի ժամանակ բոլոր գիտնականները խոսում էին սպասվելիք ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի մասին: Նրանցից ոչ մեկը համարձակություն չունեցավ բացատրելու դրա հիմնական պատճառները. համերաշխությունը ձեւավորվեց միայն հետեւյալ հարցի շուրջ` ճգնաժամից հետո մենք կբացատրենք, թե որոնք են ճգնաժամի պատճառները եւ ինչ է պետք անել:
Մարդկությունը թեւակոխել է զարգացման մի նոր փուլ, որը ենթադրում է շարունակական փոխակերպումներ:
Այս առանձնահատկությունը մշտապես հետապնդելու է մեզ: Պետք է ստեղծել նախադրյալներ, որ քաղաքացիները պատրաստ լինեն ընկալելու մշտապես փոփոխվող հասարակությանը:
Այդ տեսակետից մեր սպասելիքները գիտաժողովից մեծ են: Բոլորիս ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք հավաստիացնելով, որ գիտաժողովի արդյունքները լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում: