«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2012-04-19 | #72, 2012-04-20 | #73, 2012-04-21


ՎԻՐՏՈՒԱԼԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԻ ՄԻՋԵՎ

Հանս Կոխլերը ներկայացրեց նոր սոցիալական մեդիայի ու հաղորդակցության փոխակերպվող բնույթը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացված «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական եւ գործնական հիմնախնդիրներ» թեմայով աննախադեպ միջազգային գիտաժողովի շրջանակներում ապրիլի 15-ին ներկայացված բաց դասախոսություններից մեկը ուսանողներին ու ասպիրանտներին մատուցեց Ինսբրուքի համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայության ֆակուլտետի ղեկավար Հանս Կոխլերը:

Համացանցն ու դրանով պայմանավորված վիրտուալ իրականությունն այսօր այնպիսի ազդեցություն ու դերակատարություն ունեն հասարակության ու անհատի կյանքի առումով, որ փիլիսոփայության պարագայում էլ բազմաթիվ հարցեր են առաջանում, ընդ որում` հետաքրքրական էքսկուրսների հնարավորություն տալով ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս աշխատությունների դիտարկման համար:

Այս ամենին գիտական ուսումնասիրության ու գործնական նշանակության եւ ներգործության համատեքստում անդրադարձավ Հանս Կոխլերը` ներկայացնելով «Նոր սոցիալական մեդիան ու հաղորդակցության փոխակերպվող բնույթը. մարդաբանական ու քաղաքական առնչություններ» թեմայով` առատորեն մեջբերելով տարբեր ժամանակների փիլիսոփաների դատողությունները ինչպես ընդհանրապես մամուլի, այնպես էլ մերօրյա վիրտուալ դրսեւորումների մասին:

Կոխլերի ներկայացմամբ, համացանցի ի հայտ գալը որակվում է վիրտուալ առումով անսահմանափակ հարաբերությունների դարաշրջանի սկիզբ, որտեղ մարդկային ներուժը կարելի է ուսումնասիրել առավել ամբողջական մոտեցմամբ: Սակայն քաղաքական համադրությունների համատեքստում «աշխարհում տարածված», ողջ աշխարհն ընդգրկող իր բնույթով համացանցն իրականությունը ստուգելու նպատակահարմարություն ունի, հատկապես եթե հաշվի առնվեն այն բոլոր ինտերակտիվ միջոցներն ու հնարավորությունները, որոնք ազդում են սոցիալական իրողությունների ընկալման վրա:

Հետաքրքրական էին Կոխլերի ներկայացրած համեմատությունները ամբոխի վարքի եւ վիրտուալ առումով ձեւավորվող ամբոխի վարքի միջեւ: Փիլիսոփայի խոսքերով, ամբոխի վարքի առանձնահատկությունները, ինչպիսիք են` խորհուրդներ տալը, իմպուլսիվ գործունեության հատկությունները կամ դյուրագրգռությունը, կարող են առավել խոր արտահայտվել «թվային կամ վիրտուալ ամբոխի» շրջանակներում: Այս ֆենոմենները, որոնք ավելի քան մեկ դար առաջ բնութագրել է Գուստավ Լեբոնը, կարող են նաեւ ավտոմատացված կապի եւ լուրերի տարածման չմտադրված հետեւանք լինել:

Նորագույն տեխնոլոգիաների որոշ առանձնահատկություններ` «մենք ընդդեմ ուրիշների» հուզական մտածողության հիմքով խրախուսում կամ պաշտպանում են կոմֆորմիստական այնպիսի միտումները, որոնք փոքրացնում են հավասարակշիռ կամ չեզոք վերաբերմունք ձեւավորելու հնարավորությունը: Ընդ որում, ըստ Կոխլերի, խնդրահարույց է այն հանգամանքը, որ այս ամենը կարող է եթե ոչ դիտավորությամբ, ապա թեկուզ պատահաբար, ազդելով սոցիալական փոխակերպումների գործընթացների վրա, անկառավարելի դարձնել պետությունը, հատկապես երբ վերջինս գտնվում է արդյունաբերական հասարակությունը բնորոշող բարդ պայմաններում:

Ժամանակակից ինտերակտիվ մեդիայի համատեքստում, Կոխլերի ներկայացմամբ, ամբոխային վարքի վերլուծությունը բերում է հարցերի մարդաբանական հետեւանքների:

«Արդյո՞ք դրանք անհատի աշխարհընկալման եւ սոցիալական իրականության կառուցման վրա տեւական ազդեցություն կունենան: Արդյո՞ք Մարշալ Մաքլուհանի (1911-1980, կանադացի փիլիսոփա, հաղորդակցության տեսաբան, մամուլի ուսումնասիրության անկյունաքարային աշխատությունների հեղինակ, նաեւ հայտնի, օրինակ, «Մեդիումն է ուղերձը» կամ «գլոբալ գյուղ» արտահայտություններով: Մաքլուհանը համացանցի հայտնագործումից ավելի քան 30 տարի առաջ կանխատեսել է «համաշխարհային ցանց»-ը- Ա.Հ.) «Մեդիումն է ուղերձը» հայտնի կարգախոսն արտահայտում է սոցիալական պարադիգմայի փոփոխությունը: Արդյո՞ք ինտերնետի հաղորդակցային հզորությունը կառուցվածքայնորեն նպաստում է հոգեբանական ամբոխների, ոչ թե միայն տերմինաբանությամբ սահմանված (օրինակ, «ֆեյսբուքյան խմբերի») խմբերի ձեւավորմանը: Ի՞նչ է այս ամենը նշանակում արդի ժողովրդավարության կայունության համար»:

Նշվածները հարցերի միայն մի փոքր մասն է, որ դեռեւս կարիք ունեն պատասխանների, եւ, ինչպես նշեց Կոխլերը, զբաղեցնում են փիլիսոփայական միտքը: Ըստ մասնագետի, փիլիսոփաների պարտականությունն է հետեւել տեղի ունեցող փոփոխություններին ու դրանց հիման վրա ձեւավորվող երեւույթներին: Կոխլերի հիշատակած հարցերը պետք է քննարկվեն նաեւ, եթե ցանկություն կա գնահատելու նոր մեդիայի սոցիալական եւ քաղաքական պատշաճությունը` հատկապես դրանց անկանխատեսելիության տեսանկյունը:

Կոխլերի մատուցմամբ, նորարարությունները, ինչպիսին կարելի է գնահատել նաեւ համացանցը, միշտ չէ, որ նպաստել ու նպաստում են առնվազն հանդուրժողականությանը, հատկապես երբ վիրտուալ եւ իրական հատվածներում մասնավոր եւ հանրային ընկալումների տարբերությունը զգալիորեն մեծանում է, հատկապես երբ վիրտուալ հասարակության բնութագրականները հարցեր են առաջացնում: Մասնավորապես, փիլիսոփայի բերած օրինակներով, վիրտուալ հասարակությունը չունի աշխարհագրական սահմանափակումներ, ազդում է շատ մեծ թվով մարդկանց վրա, շատ դեպքերում անանուն է` դրանից բխող անպատասխանատու եւ անհաշվետու վարքով, անկանխատեսելիությունը բարձր է, վստահության արժանի չէ, չկա ստուգումների ու հավասարակշռման մոտեցում` ամենագլխավոր որպես պահպանելով ռեալ ժամանակում քայլերի ու գործողությունների կատարման ազդեցությունը:

«Արդյոք անանուն գործողությունները կարելի՞ է բնութագրել որպես հասարակական, կամ որքանո՞վ են ժողովրդավարական մասնավորի եւ հանրայինի տարրալուծվող սահմանները», այսպիսի հարցերն, ըստ Կոխլերի, գնալով մեծ նշանակություն են ձեռք բերում: «Մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատել նոր իրողությունների առանձնահատկությունները, քանի որ չպետք է անտեսենք տեղեկատվական տեխնոլոգիաների էական գործիքային բնույթը. անհատական կամ խմբային գործունեության համար այն կարող է աննախադեպ կազմակերպչական հնարավորություններ առաջարկել»:

Դա, ըստ Կոխլերի, սոցիալական եւ քաղաքական ազատագրման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Ինտերնետային գրագիտությունը, այսպիսով, պետք է լրացվի ցանցի սոցիալական ազդեցության եւ հաղորդակցության նոր բարոյագիտության գիտակցմամբ:

Դասախոսության ավարտին ուսանողները փիլիսոփայից հետաքրքրվեցին, թե այս ամենով հանդերձ ինչպիսի ռիսկեր է պարունակում հասարակության վիրտուալացումը: Կոխլերի համոզմամբ, իրավիճակը երկակիությամբ է բնութագրվում, բայց եւ այնպես, հատկապես համացանցային իրողություններում առավել ներգրավված երիտասարդության պարագայում փոխվում են իրականության ընկալումները` երկար ժամանակ վիրտուալ աշխարհում ժամանակ անցկացնելու արդյունքում կորցնելով վիրտուալի եւ իրականի տարբերակումը, իրական կյանքի երեւությները համարժեք դատելու կարողությունը: Նման վիճակն, ըստ Կոխլերի, կարող է նաեւ նաիվություն ձեւավորել, քանի որ համացանցում եւ իրականում քայլեր կատարելը բավականին տարբեր է:

Եվ եթե այս ամենին ավելացնենք նաեւ, որ համացանցային ակտիվության ու շփումների պատճառով մարդ արարածն ուղղակի կորցնում է իր նմանների հետ շփվելու, ասել է թե սոցիալական լինելու դրսեւորումները, ապա նաեւ կարողությունը, ըստ Կոխլերի, հանգում ենք հասարակության տրիվիալացման:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4