Վաղուց Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ գիտաժողով չէր անցկացվել: Անդրադառնանք փոխակերպվող հասարակության սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրներին: Գիտաժողովի ընթացքում ընթերցված զեկուցումները առավել հետաքրքրական եւ ընդգրկուն էին` «Մարդու վարքի տեսությունը փոխակերպվող հասարակությունում», «Անձի ինքնաիրացման հնարավորությունները փոխակերպվող հասարակությունում (սոցիալ-հոգեբանական տեսանկյունը)», «Փոխակերպվող հասարակության ինքնազարգացումը որպես նոր հարացույցի բացահայտման միջոց», «Փոխակերպվող հասարակությունը եւ տրանսցենդենտալ մետաֆիզիկան», «Փոխակերպվող հասարակությունը որպես տագնապալիության միջավայր եւ նրա ազդեցությունը մարդկանց վրա»...: Զեկուցումների վերնագրեր, որտեղ ամփոփվում են փոխակերպվող հասարակության հոգեբանական մոտեցումները:
Գիտաժողովը նշանակալից էր, քանի որ հոգեբանական միտքը նոր լիցք ստացավ, ուրվագծվեց եւս մի հետագիծ, որը տեւական ուսումնասիրման կարիք ունի: Երկու օր շարունակ մասնակիցներն ապրում էին հոգեւոր վերելք, շնչում էին գիտությամբ, մթնոլորտն այն աստիճան էր վեհացված, որ ամենուր մեզ շրջապատում էին փիլիսոփայական եւ հոգեբանական մտքերն ու հասկացությունները: Իսկ օտարերկրյա եւ հայ գիտնականների մասնագիտական շփումները եւ մշակութային բազմաթիվ միջոցառումները կարծես թե ի չիք էին դարձնում միջմշակույթային հաղորդակցման դժվարություններն ու լեզվական արգելքները:
Փաստորեն, նույն հիմնախնդիրներն են հառնում ինչպես շոտլանդացի, ֆրանսիացի, արգենտինացի, ամերիկացի, վրացի, այնպես էլ հայ հոգեբանների առջեւ: Եզրակացությունը մեկն է` հոգեբանական գիտության զարգացումը ներկա ժամանակաշրջանում ընթանում է ինտեգրման ճանապարհով: Այստեղ է, որ բոլորիս նպատակները մեկտեղվում են այն առումով, որ փոխակերպվող հասարակության հիմնական բնութագիրը մարդու հիմնախնդրի բազմակողմանի, տարբեր խորությամբ հոգեբանական եւ փիլիսոփայական մեկնաբանությունն է, որի շնորհիվ մարդը հաստատում է իր ինքնությունը ոչ միայն որպես մասնավոր անձ, այլ նաեւ իբրեւ սոցիալականացված անհատականություն:
ԿԱՄՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ