Դատական կլինիկայի հոգեբանության պրոֆեսոր, Գլազգոյի Կալեդոնյան համալսարանի հոգեբանության եւ իրավունքի կենտրոն եվրոպական ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Կուկը գիտաժողովում մանկավարժական համալսարանի ուսանողներին ներկայացրեց անձի բռնության ռիսկի գնահատման առանձնահատկություններն ու մոտեցումները:
Դեյվիդ Կուկը խոստովանում է, որ տարիներ առաջ, երբ սկսել է անձի բռնության եւ ռիսկի գործոնների գնահատման մասին հետազոտություններ կատարել, չկար համակարգ: «Այդ ժամանակ հետազոտում էինք տարբեր դեպքերի որոշ դրվագներ եւ միմյանց համադրելով հանգում եզրակացության: Պարզ չէր, թե ինչ դեպքի հետ գործ ունենք: Երբեմն հարց էր առաջանումՙ դա բռնությա՞ն դեպք է, թե՞ սովորական, եւ նման դեպքում շատ դժվար էր հասնել որոշակի գնահատման համակարգի եւ ճիշտ վերլուծություն կատարել», ասում է Կուկըՙ հավելելով, որ հենց այդ ժամանակահատվածում անձի բռնության ռիսկի գնահատումը դարձավ հոգեբանների թիվ մեկ խնդիրը:
Կուկը հիշում է, որ Մեծ Բրիտանիայում բռնության ռիսկի գնահատման բազմաթիվ ձեւեր կային, սակայն իրենք ցանկանում էին այնպիսի համակարգ ստեղծել, որ կկիրառվեր ամբողջ աշխարհում: Կուկի գնահատմամբՙ ներկայացվելիք գնահատման համակարգը լավագունն է, որովհետեւ բերում է նոր մոտեցումը նաեւ բժշկական տեսանկյունից: Գնահատման նոր համակարգը ենթադրում է հավանական միջոցը եւ անհատական մոտեցումներ, որոնց շնորհիվ կարելի է գնահատելՙ անձը հակվա՞ծ է բռնության, թե՞ ոչ: Այդ մոտեցումը հնարավորություն է տալիս գնահատելու անձիՙ նաեւ մեղանչելու հավանականությունը: Կուկը հիշում է, որ մինչ այս ոլորտում աշխատելը ուսումնասիրել է հայտնի դատական հոգեբույժների ուսումնասիրությունները եւ վերլուծելով ստեղծել գնահատման համակարգ:
Ընդհանուր մոտեցումներից բացի, քրեական ռիսկի նվազման համար Կուկն անհարաժեշտ է համարում կիրառել նաեւ հոգեբանական տարբեր մոտեցումներՙ նախ պարզել անձի կենսագրությունը, նրա դժգոհությունները, ֆիզիկական վիճակը, բանտի կամ հոգեբուժարանի վիճակն ու անվտանգության երաշխիքները:
Գիտնականը համոզած էՙ առավել հանգիստ եւ ոչ ծայրահեղ հասարակությունում եւ միջավայրում ապրող անձնավորությունն ավելի քիչ է հակված բռնության, քան ծայրահեղ միջավայրում ապրողը:
«Ես իմ ուսանողներին միշտ ասում եմՙ «երբեք մի ասեք երբեք», որովհետեւ եթե անգամ հանդիպում ես մոլորակի ամենավտանգավոր մարդուն, ապա մի բացառիր հավանականությունը, որ նրանից ավելի վտանգավորն էլ կա: Եվ հենց այդ մոտեցումը պետք է ստիպի, որ յուրաքանչյուր դեպքի մոտենաս անհատական տեսանկյունից եւ անհատական վերլուծություն կատարես», ասաց գիտնականըՙ խոստովանելով, որ տարիների կատարած աշխատանքից ու դժվարություններից հետո հանգել է եզրակացության, որ ավելի հեշտ է լինել հոլիվուդյան աստղ, քան զբաղվել անձի մեջ բռնության ռիսկի գնահատմամբ:
Գնահատելու համար կերպաների մեջ ագրեսիանՙ Կուկը հաշվի է առնում երեք չափանիշՙ տարիք, պատճառ եւ վարքագիծ: Երկրորդ փուլում արդեն գիտնականը առանձնացնում է սեռային պատկանելությունը, կարգավիճակը, հասարակությունից մեկուսացած լինելու փաստն ու պատճառները:
Ավելի քան մեկ ժամ տեւած դասախոսության ընթացքում շոտլանդացի գիտնականը ներկայացրեց հատվածներ այլ հոգեբանների կատարած ուսումնասիրություններից, օրինակներ Գլազգոյի կալանավայրերի, եւ հոգեբուժարանների վերաբերմունքից եւ մթնոլորտից: Կուկը քննադատում է մոտեցումը, որ կալանավայրերում եւ հոգեբուժարաններում բոլորին ցուցաբերվում է հավասար վերաբերմունք: «Սա սխալ է, որովհետեւ միայն անհատական մոտեցմամբ հնարավոր կլինի հասնել ճիշտ կանխագուշակման եւ եզրահանգման, թե որքանով է նա վտանգավոր հասարակության համար»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ