Փիլիսոփայական մտքի դարավոր պատմությունը անվերապահորեն համոզում է, որ նրա զարգացման ուղիներն անիմանալի են: Սակայն հայ փիլիսոփայական միտքըՙ Դավիթ Անհաղթի հանճարեղ երկերի շնորհիվ այնպիսի հստակ ու արագասավոր ավանդույթներ է մշակել, որ այս դեպքում որոշակի կանխատեսումները ճշմարտության մեծ հավանականություն ունեն: Ես առաջին հերթին նկատի ունեմ իմացաբանականի ու տրամաբանականի այն սերտ միասնությունը եւ փոխներգործությունը, որը Դավիթ Անհաղթի փիլիսոփայական ժառանգության ամենացայտուն կողմն է եւ իր անդրադարձն է ունեցել հայ փիլիսոփայական մտքի պատմության բոլոր դպրոցներում:
Մեր օրերին Դավիթ Անհաղթի նշված ավանդույթն առավելապես նկատելի է ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի աշխատություններում: Այս առումով առավել նշանավոր է ակադեմիկոսի «փոխակերպական տրամաբանության» համակարգը: Փոխակերպական տրամաբանության ուսմունքը պատկանում է ձեւական տրամաբանության ոլորտին: Ավելորդ չէ նշել, որ դեռեւս 18-րդ դարում գերմանացի մեծ մտածող Իմանուիլ Կանտը այն կարծիքին էր, որ ձեւական տրամաբանությունը կատարյալ գիտական համակարգ է: Եվ ահա այդ կատարյալ ուսմունքում Գեորգ Բրուտյանը ի հայտ է բերել այնպիսի հարցադրումների մի ամբողջ շերտ, որոնց պատասխանները կազմում են տրամաբանական գիտության մի կարեւոր ոլորտ, որի առանցքային հարցն է, թե ինչպես են փոխհարաբերվում մտքի բացահայտ եւ ոչ-բացահայտ ձեւերն ու կառույցները: Ես միանգամայն վստահորեն կարող եմ կանխագուշակել, որ հայ փիլիսոփայական-տրամաբանական մտքի հետագա զարգացման ուղիներից մեկը հենց փոխակերպական տրամաբանությունն է լինելու: Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ սկսած 1968 թ. ակադեմիկոս Բրուտյանը հրատարակել է մի շարք բարձրարժեք հոդվածներ ու մենագրություններ հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով: Հիմնական փաստարկս այն է, որ Բրուտյանը իր աշակերտների ու հետեւորդների հետ միասին 2008 թ.հրատարակեց «Փոխակերպական տրամաբանություն» երկհատորյակը:
Մյուս փիլիսոփայական-տրամաբանական ուղղությունը, որն, ըստ իս, ոչ միայն հեռանկարային է, այլ նաեւ համապատասխանում է ժամանակակից կյանքի սոցիալ-քաղաքական պահանջմունքներինՙ դա փաստարկման տեսությունն է: Եթե ես ճիշտ եմ հասկանում քաղաքական պայքարի բնույթի ներկայիս միտումը, ապա ինձ համար միանգամայն համոզիչ է, որ մոտակա տարիներին տրամաբանորեն փաստարկված միտքը դառնալու է համախոհներ ներգրավելու առավել ազդեցիկ ուղին: Դա բնականաբար կնպաստի փաստարկման ընդհանուր տեսության եւ նրա արդյունավետ կիրառման եղանակների հետագա զարգացմանը: Հայ փիլիսոփայական մտքի զարգացման այս հեռանկարը բոլոր կասկածներից վեր արգասաբեր կլինի, քանի որ Փիլիսոփայական փաստարկման Երեւանյան դպրոցը, որը հիմնել եւ ղեկավարում է ակադեմիկոս Գեորգ Բրուտյանը, Բելգիայի ու Ֆինլյանդիայի դպրոցների հետ մեկ տեղ փաստարկման տեսության մշակման աշխարհիս ամենաճանաչված կենտրոններից մեկն է:
Հայ փիլիսոփայական մտքի զարգացման երրորդ հեռանկարային ուղին գիտական աշխատանքի տեխնոլոգիայի մշակումն է: Մեր օրերին գիտելիքը դարձավ ամենաբարձր պահանջարկ վայելող ապրանքներից մեկը: Ժամանակակից գիտությունը չի կարող բավարարվել գիտական հետազոտության մեթոդների մասին ընդհանուր տեսական դատողություններով: Այսօրվա գիտելիքների արդյունավետ արտադրությունը պահանջում է ոչ թե գիտելիքի վերացական տեսություններ ու մոդելներ, այլ գիտելիքների արտադրության կոնկրետ տեխնոլոգիաներ:
Հայ փիլիսոփայական մտքի զարգացման ուղին պայծառ է, քանի որ այն լուսավորված է Դավիթ Անհաղթի ժառանգության անմար ջահով:
Պրոֆ. ՌՈԲԵՐՏ ՋԻՋՅԱՆ
(կրճատումներով)