«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2012-04-20 | #73, 2012-04-21 | #74, 2012-04-24


ՉՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԽԱՆԳԱՐԻ ԳՈՐԾԻՆ

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, ընդհուպ Թուրքիայի կողմից դրա ընդունումն ընդհանրապես առաջին հանգրվանն է լինելու Հայ դատի արդար լուծման երկար ճանապարհի: Այդ հանգրվանին հաջորդելու են մյուսներըՙ գործած Ոճրի դիմաց բարոյական ու նյութական հատուցումների, ընդհուպ հողային հատուցումների հանգրվանները, մեկնելով այն դաժան ելակետից, որ ի տարբերություն այլ ցեղասպանությունների եւ ի մասնավորիՙ հրեական Շոայի կամ Հոլոքոսթի, արեւմտահայությունը հայրենազրկվել է, կորցրել իր պատմական բնօրրանը եւ դարձել աստանդական:

Մեծ եղեռնի 90-ամյակով սկսված եւ առ այսօր շարունակվող մեր պայքարը հիմնականում եղել եւ մնում է հանցագործության միջազգային ճանաչման եւ Թուրքիայի կողմից, պետություն թե ժողովուրդ, խոստովանության համար մղվող պայքարի հանգրվան, որը, պետք է ընդունել, թերեւս ամենադժվարն է: Եվ այս հանգրվանում մեր ժողովուրդն ու նրա տարբեր հատվածներն ու կազմակերպությունները, ինչպես մեր կառավարությունը, իրար միջեւ չունեն որեւէ տարակարծություն: Մանավանդ որ վերջին 10-15 տարիներին այդ հանգրվանը սկսել է ստանալ առավել արագ թափ եւ ընթացք, որը պահպանելու եւ խթանելու պարագայում մեր պայքարն արդյունավորվելու է անկասկած:

Արդ, իրերի այս դրության մեջ, մտածելու եւ կշռադատելու շատ լուրջ խնդիր է դառնում Հայ դատի հաջորդ հանգրվանների հարցերը ներկա հանգրվան տեղափոխելու, դրանց արագացված տեմպ հաղորդելուՙ մեր մի շարք կազմակերպությունների շտապողականությունը, Անթիլիասից մինչեւ Երեւան եւ այլուր:

Առաջին հերթինՙ այդ շտապողականությունը կարող է դանդաղեցնել հենց ամենակարեւորըՙ ճանաչման գործընթացը: Թուրքիան, օգտագործելով հողային հատուցման մեր արդար պահանջները, կարող է հեշտությամբ նենգափոխել դրանքՙ ի լուր իրեն համախոհ ականջներիՙ հայությանն ամբաստանել ծավալապաշտության մեջ, խանգարելով հենց ճանաչման գործին: Իսկ Մ. Նահանգները, որի վերջին 4 նախագահները համառ խուսանավումներով խուսափում են Ցեղասպանություն բառի կիրառումից (քաջ գիտակցելով այդ բառի իրավաբանական եւ հետեւանքային նշանակությունը), նոր առիթ գտնելու իրենց խուսանավումները շարունակելու...

Այս կացության մեջ եւս մեկ անգամ շեշտվում է համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը, որքան էլ որ դժվար լինի ազգային մեր կազմակերպություններից հատկապես մեկի համար Հայ դատի նկատմամբ մենաշնորհ ունենալու հավակնությունից հրաժարվելը:

Հասկանալի է, բոլորիս համար էլ երկար է տեւել ու տեւում է դեռ ճանաչման այս հանգրվանը, սակայն միջազգային քաղաքական պայքարում հաղթում են երկար շունչ ունեցողները: Դա մարաթոն է, եւ ոչ 100 մետր վազք: Մանավանդ որ այդ երկար վազքի ընթացքում մենք արդեն տեսնում, շոշափում ենք մեր աշխատանքի արդյունքները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4