«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2012-04-20 | #73, 2012-04-21 | #74, 2012-04-24


ՎԵՐՋՆԱԳԻՐ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ, ԿԱՄ... ՊԱՏԵՐԱԶՄ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը, որքան էլ ի պաշտոնե ներկայացնում է հենց պաշտոնական տեսակետը, ակնհայտորեն ինչպես պատմության, այնպես էլ ընդհանրապես քաղաքականության իմացությամբ երբեք աչքի չի ընկել: Հերթական անգամ էլ Հասանովն ապացուցել է, որ Ադրբեջանում որոշ պաշտոնյաներ, որոնք, ի դեպ, հավակնում են առավել բարձր տեղերի, թեեւ ստիպված են լինում ներկայացնել ավելի վերեւներում վճռված մոտեցումներն ու գնահատականները, մոռանում են վերեւներից ստանալ նաեւ դրանց հիմնավորումները:

Արդեն մի տեւական ժամանակ Ադրբեջանը, երբեք ոչ նախագահի կամ արտգործնախարարի մակարդակով, բայց մնացյալ գրեթե բոլոր հարթակներում դժգոհում ու դժգոհում է ԵԱՀԿ Մինսկի խմբից: Ալի Հասանովի հնչեցրած հերթական «դժգոհությունն» էլ նորությունների շարքից չէ, սակայն նորություն է, որ Ադրբեջանում մտածում են, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծեն... Մինսկի խմբի համանախագահները:

«Կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծի ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով, կամ Ադրբեջանը կազատի իր հողերը ռազմական տարբերակով», թուրքական թերթերից մեկին տված հարցազրույցում, ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության, հայտարարել է Ալի Հասանովը` միանգամից մի քանի քաղաքական ու զուտ իմացության սխալներ մատուցելով:

Մասնավորապես, ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են հոգնել կրկնելով, թե իրենք խնդիրը լուծողը չեն, այլ միայն միջնորդներ են, այլեւ հենց բանակցությունների ու հակամարտության կողմերն են քանիցս տարբեր ձեւաչափերում հայտարարել, որ հարցի լուծումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասնակցությունն ու որոշումն է` բանակցություններին մասնակից կողմերի քաղաքական կամքի արտահայտմամբ:

Մյուս կողմից, Ադրբեջանը որքան էլ հոխորտա կամ իսրայելական զենք-զինամթերքով զինվի, փորձագիտական ու վերլուծական բոլոր գնահատականներում Ադրբեջանն ի զորու չէ գրավելու Արցախը: Ամեն դեպքում, ռազմական լուծման մասին բարձրաձայնող ադրբեջանցի պաշտոնյային հարկ է հիշեցնել, որ իր վերադաս, տեր, տիրակալ Ալիեւը առնվազն մի քանի փաստաթուղթ է ստորագրել խաղաղ կարգավորման այլընտրանքի անթույլատրելիության մասին:

Առավել ենթատեքստային հայտարարություններ Հասանովը թուրքական մամուլի համար արել է Հայոց ցեղասպանության առնչությամբ, վախեցածի հոգեբանությամբ հայտարարելով, որ անգամ եթե Թուրքիան «իր գիրկը բացի հայերի առաջ, հայերը երբեք չեն հրաժարվի իրենց պահանջներից»: Ու այս ասվածների հետ որքանով է կապվում կամ առնչվում Հասանովի դիտարկումը, թե Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ է կապված, գիտաֆանտաստիկ ոլորտից է:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4