Այսօր Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրենը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կներկայացնի թանգարանի նոր մասնաշենքի նախագիծը: ֆինանսական միջոցները բավարարում են, շինարարությունը կսկսվի մայիսին, նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն 2014-ին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստն էլ կկայանա շուտով: Հանդիպմանը կքննարկվեն նախորդ տարվա կատարած աշխատանքն ու հետագայի ծրագրերը: Իսկ երեկ ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց այս տարի կատարվելիք աշխատանքները:
«Հիմնական շեշտը դրվել է շարժական ցուցադրությունների մշակման, պատրաստման եւ դրանք տարբեր երկրներում ցուցադրելու աշխատանքների վրա», ասաց Դեմոյանըՙ հավելելով, որ շրջիկ ցուցադրությունները կկազմակերպվեն ԱՄՆ-ում, Շվեդիայում, Լիբանանում, Դանիայում: Մայիսին ԱՄՆ Կարմիր խաչի հիմնադիր եւ հայասեր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված միջոցառում կանցկացվի, իսկ սեպտեմբերինՙ Զմյուռնիայի աղետի 90-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով եւ ժամանակավոր ցուցադրություն: Այս տարի թանգարան-ինստիտուտը նախատեսել է հրատարակել Ցեղասպանության վերաբերյալ շուրջ 25 անուն գրականություն:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցինՙ Հայկ Դեմոյանը շեշտում է, որ 2015-ը խորհրդանշական սահմանագիծ է: Կլինեն բացառիկ միջոցառումներ, սակայն թվականը սիլմվոլիկ է, քանի որ չկա որեւէ փաստաթուղթ, որը կսահմանափակի հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հնարավորությունները 2015-ից հետո էլ պայքարելու պատմական արդարության հաստատման համար: Դեմոյանն ընդգծում է, որ պայքարը պետք է շարունակվի նաեւ այլ ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ: Դրա համար պետք է մշակվի ընդհանուր ռազմավարություն, եւ ցեղասպանության թեման պետք է հասցվի բոլորին:
Հ. Հ.