Զմյուռնիայում` Փոքր Ասիայի նշանավոր առեւտրական եւ մշակութային կենտրոններից մեկում, հայերը հաստատվել էին հնագույն ժամանակներից եւ բնակվում էին քաղաքի առանձին հայկական Գետեզերք, Քարափ եւ Հայոց թաղամասերում:
Արդեն 18-19-րդ դարերում քաղաքը դարձավ հայկական մշակութային խոշոր կենտրոն: Այստեղի տպարաններում հրատարակվել են գրքեր ու պարբերականներ, որոնք նշանակալից են եղել հայ մշակութային, հասարակական-քաղաքական կյանքում: Քաղաքում գործում էին դեռ 1799թ. հիմնված Մեսրոպյան եւ օրիորդաց Հռիփսիմյան վարժարաները, ինչպես նաեւ մի շարք մասնավոր դպրոցներ: Զմյուռնիահայ համայնքն ուներ չորս եկեղեցի, (նշանավոր էր Սուրբ Ստեփանոսի եկեղեցին), Ազգային հիվանդանոց եւ թատրոն: Զմյուռնիայի տնտեսական կյանքում կարեւոր տեղ ունեին հայ վաճառականները, որոնք արտահանում էին գորգ, կաշի, բուրդ, չոր մրգեր եւ իրենց առեւտրական տներն ունեին Եվրոպայում, Ռուսաստանում, Հնդկաստանում եւ Եգիպտոսում:
Իր բազմամշակույթ եւ զարգացած քաղաքային կենցաղի համար Զմյուռնիան հայտնի էր «Արեւելքի փոքր Փարիզ» անվամբ: Մինչ 1922թ. Զմյուռիայում ապրում էր շուրջ 30 000 հայ:
1922 թ. սեպտեմբերին քեմալական զորքերն իսկական նախճիր սարքեցին Զմյուռնիայում` հրի ու սրի մատնելով քաղաքի հայկական ու հունական թաղամասերը: Քաղաքի միտումնավոր հրկիզումը նպատակ ուներ ահաբեկել քրիստոնյա բնակչությանը` ստիպելով ընդմիշտ լքել այն: Թաղամասերը ծածկվեցին տասնյակհազարավոր հայերի ու հույների դիակներով: Շատերը, ովքեր փորձեցին փրկություն գտնել ծովում խարիսխ գցած եւ լոկ դիտորդի դեր ստանձնած անգլիական, իտալական ու ամերիկյան ռազմանավերում, ծովասույզ եղան:
Այսպիսով, Զմյուռնիայի աղետը Հայոց ցեղասպանության վերջին դրվագներից մեկը եղավ` ազդարարելով նաեւ «Թուրքիան` թուրքերին» քեմալականների պետականաստեղծ ծրագրի սկիզբը: Ներկայումս Զմյուռնիան հայտնի է թուրքական Իզմիր անունով, իսկ քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են թուրքերը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Զմյուռնիայի աղետի իննսունամյա տարելիցի կապակցությամբ 2012 թ. կազմակերպելու է ժամանակավոր ցուցադրություն` Զմյուռնիայի հրդեհը ներկայացնող բացառիկ բնօրինակ լուսանկարներով ու տեսանյութերով: ՀՑԹԻ-ն նախատեսում է նաեւ մեկօրյա միջազգային գիտաժողով` նվիրված Զմյուռնիայի աղետին:
ԱՐԵՎԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ