«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2012-04-20 | #73, 2012-04-21 | #74, 2012-04-24


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻՆ, ՋԵՖՐԻ ՌՈԲԵՐՏՍՈՆԻՆ ԵՎ ՅՈՒՍՍԻ ԲՅՈՐՆԻՆ

Թանգարան-ինստիտուտին աջակցություն ցուցաբերած եւ Հայոց ցեղասպանության ուսումասիրության ոլորտում ավանդ ունեցող անհատներ արժանացել են «Երախտագիտություն» անվանակարգով թողարկված Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալի

Հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացվել է «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրություն, որը որոշակիորեն ամփոփում է թանգարան-ինստիտուտի հետ երախտավորների համագործակցության արդյունքները:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ամփոփել է 2006-2011 թթ.ընթացքում իր գործունեության հիմնական արդյունքներն ու նախանշել Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների ընդհանուր ռազմավարությունը:

Ասուլիսին մասնակցել են Հայոց ցեղասպանությանն առնչվող պատմական փաստերին ու քաղաքական շահարկումներին նվիրված «Արդյոք եղե՞լ է հայկական ցեղասպանություն» զեկույցի հեղինակ Ջեֆրի Ռոբերտսոնը եւ նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնի թոռըՙ Յուսսի Բյորնը: Նա, ի դեպ, վերջերս հայտնաբերել է Բոդիլ Բյորնի ձեռագիր այն հուշագրությունները, որոնք նկարագրում են 1915 թ. Մուշում տեղի ունեցած կոտորածները եւ համարվում էին կորած:

Ասուլիսին հաջորդել է հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրությունը: Այն ներառում է շուրջ 300 միավոր հնատիպ սկզբնաղբյուրային գրականություն, որը ձեռք է բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ջեւան Չելոյանցի (Մոսկվա), «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ Տիգրան Քալայջյանի (Կիպրոս) աջակցությամբ:

Ցուցադրության մեջ ներառված գրականությունը բաշխված է տարբեր խորագրերի ներքո: Ներկայացված են ճանապարհորդական նոթեր, դասագրքեր, արեւմտահայոց հասարակական, մշակութային, գործարար կյանքին վերաբերող հրատարակություններ:

Առանձին ներկայացված են համիդյան ու Ադանայի կոտորածներին վերաբերող եւ դրանց հաջորդած հայասիրական բնույթի հրատարակությունները, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, սկանդինավյան եւ այլ երկրներում լույս տեսած եզակի հրատարակությունները:

Դրանք ամբողջությամբ մարդկության ու քաղաքակրթության դեմ թուրքական քաղաքական վարչակարգերի կողմից իրագործած հանցագործությունների լուրջ ու անհերքելի վկայություն են: Ցուցադրության մեջ ներառնված որոշ գրքեր առկա են միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուի մեջ:

Հայոց ցեղասպանության թանգարանի գիտխորհրդի որոշմամբ, ՀՑԹԻ-ի ցուցաբերած աջակցության եւ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ունեցած ավանդի համար Ռալֆ Յիրիկյանը, Ջեֆրի Ռոբերտսոնը եւ Յուսսի Բյորնը արժանացել են Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալին, որը թողարկվել է «Երախտագիտություն» անվանակարգով:

Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ, ՀՑԹԻ-ն հաստատել է նախատեսվող ծրագրի ընդհանուր ռազմավարությունը: Միջոցառումների ժամանակացույցը հետեւյալն է`

2012 թ. մայիս - հանդիսավոր միջոցառումՙ նվիրված ԱՄՆ Կարմիր խաչի հիմնադիր եւ հայասեր Կլարա Բարտոնի հիշատակին: Ներկայացվելու է Կլարա Բարտոնի պաշտոնական զեկույցը` համիդյան ջարդերից տուժած հայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին: Զեկույցի հայերեն թարգմանությունն ու տպագրությունն իրականացվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

Սեպտեմբեր-միջազգային գիտաժողով եւ ժամանակավոր ցուցադրությունՙ նվիրված Զմյուռնիայի աղետի 90-րդ տարելիցին:

2012 թ. ընթացքում-հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն լեզուներով հրատարակվելու է շուրջ 25 անուն գիրքՙ նվիրված Հայոց ցեղասպանության մինչ օրս չուսումնասիրված դրվագներին:

2012 թ.-լույս են տեսնելու անգլիալեզու «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսի» առաջին երկու համարները: Հանդեսի միջոցով միջազգային գիտական շրջանակներին ՀՑԹԻ-ն ներկայացնելու է իր գործունեության արդյունքները:

ՀՑԹԻ-ն աշխատանքներ է սկսել Հայոց ցեղասպանության հանրագիտարանի, Հայոց ցեղասպանության ատլասի եւ Հայոց ցեղասպանության պատկերազարդ պատմության հատորի պատրաստման ուղղությամբ:

2012 թ. ընթացքում - արտագնա շրջիկ ցուցադրություններ Լիբանանում, Դանիայում, Շվեդիայում եւ ԱՄՆ-ում:

2012 թ. - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքի կառուցման եւ հին մասնաշենքի հիմնավերանորոգման աշխատանքները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4