Կիրակի օրը, ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակման պաշտոնական արարողության ժամանակ տեղի ունեցավ «Հայ գրատպության 500-ամյակը. Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» թեմայով գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը: Մարումն իրականացրին Վենետիկի եւ Երեւանի քաղաքապետեր Ջորջիո Օրսոնին, Տարոն Մարգարյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը եւ «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Մարված գեղաթերթիկը զարդարված է մանրանկարներով, Մատենադարանի, Վենետիկի պատկերներով: Գեղաթերթիկի կենտրոնում տեղադրված նամականիշի վրա պատկերված է հայ առաջին տպագրիչ, հայկական տպագրության սկզբնավորող եւ հիմնադիր Հակոբ Մեղապարտը` իր հիմնադրած տպարանի նշանով: Նամականիշի խորքում հայերեն առաջին տպագիր գիրքն է` Ուրբաթագիրքը, վերեւի աջ անկյունում պատկերված է «Երեւանը` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի պատկերանշանը:
2012թ.-ից Հայփոստը սկսում է նույնատիպ թողարկումների նոր շարք` նվիրված Հայ գրատպության 500-ամյակին: 2007թ.-ից նույնատիպ թողարկման նամականիշների վրա պատկերված է Տիգրան Մեծի դիմանկարը, սակայն այս տարվանից դրանք պատկերելու են հայկական այբուբենի տառերը: 2012 թ.-ի ընթացքում շրջանառության մեջ կդրվեն Այբ տառից Է տառը պատկերող 7 նամականիշեր: Մնացյալ տառերի պատկերներով նամականիշերը կթողարկվեն հաջորդող տարիներին:
Ի թիվս այլոց, այս տարի կթողարկվեն «Հնագիտական գտածո» թեմայով նամականիշներ, որոնք նվիրված կլինեն Հայաստանում հայտնաբերված հնագույն կոշիկին, ինչպես նաեւ ավելի քան 5900 տարեկան կանացի ծղոտե փեշին:
Կթողարկվեն Կոնյակագործության հիմնադրման 125-ամյակին, Լուսինե Զաքարյանի 75-ամյակին նվիրված եւ այլ նամականիշներ:
2012թ. կշարունակվի անցյալ տարի սկիզբ դրված մանկական ֆիլատելիայի թեման:
Այս տարի առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել նոր փոստային վճարման միջոց` նամականիշով ծրար: Առաջին նամականիշով ծրարը նվիրված է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Ընդհանուր առմամբ, 2012 թ.-ին նախատեսված է թողարկել 6 հատ փոստային բացիկ, 29 թեմա նամականիշ (55 հատ), 1 նամականիշով ծրար:
Հայփոստ թրասթ մենեջմենթ, ՀԱՅՓՈՍՏ ՓԲԸ