«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2012-04-20 | #73, 2012-04-21 | #74, 2012-04-24


ՄՐՑԱՆԱԿՙ ՀԱՅԱԶԳԻ ԼՐԱԳՐՈՂՈՒՀՈՒՆ

ԱՄՆ-ի Կոնգրեսի քննարկումների համապարփակ լուսաբանման համար լավագույն թղթակցի պատվավոր մրցանակին է արժանացել «Լաս Վեգաս Սան» թերթի աշխատակից Գարուն Դեմիրճյանը , տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի մարտի 24-ի համարը: Տարածաշրջանային իրադարձությունների լուսաբանման համար սահմանված «Դեյվիդ Լինչի հիշատակի» մրցանակը շնորհվում է Վաշինգտոնի մամուլի ակումբի հաստատության կողմից այն լրագրողին, որ կարողանում է ներթափանցել Կոնգրեսի աշխատանքների ներքին ոլորտների մեջ եւ մատչելի կերպով ներկայացնել դրանք հանրությանը:

«Սան» թերթը կոնգրեսի եւ նրա ընդունած որոշումների Նեւադայի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ Գարունի լուսաբանություններով է տարբերվում մյուս թերթերից, եւ մենք ուրախ ենք, որ Վաշինգտոնում մյուս լրագրողները հենց նրան են ճանաչել որպես լավագույնի», նշել է այդ առթիվ թերթի հրատարակիչ եւ խմբագիր Բրայան Գրինսպանը :

Դեմիրճյանը Երուսաղեմից է եկել 2010-ինՙ միանալու «Սանի» լրագրողների խմբին եւ միայն 2011 թվին 473 լրատվություն է հաղորդել Կոնգրեսից, որոնք խիստ տարբերվել են իրենց բնույթով այլ թերթերի աշխատակիցների գրածներից: «Նա իր գործի վարպետն է», ավելացրել է թերթի խմբագիրը:

Երուսաղեմում Գարունը թղթակցել է Ասոշիեյթեդ պրես գործակալությանըՙ լուսաբանելով Մերձավոր Արեւելքի եւ Աֆղանստանի իրադարձությունները:

Մրցանակի շնորհման արարողությանը մասնակցել են ավելի քան 750 հրավիրյալներ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4