«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2012-04-20 | #73, 2012-04-21 | #74, 2012-04-24


«ՎԱՐՔ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ»-Ը ՈՐՊԵՍ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՕՐԻՆԱԿ

«Մշո ճառընտիրը» հայերեն ամենամեծ ձեռագիր մագաղաթն է: Այն գրվել եւ ծաղկվել է 1200-1202թթ. Երզնկայի Ավագ վանքում: Գրիչը Վարդան Կարնեցին է, ծաղկողըՙ Ստեփանոսը: Մատյանն ունեցել է 660 թերթ, կշռել է 28 կիլոգրամ:

Գրքի պատմությունը շատ նման է իր ժողովրդի պատմությանը. գողացել են առեւանգել, սակայն հետագայում տուն է վերադարձել:

1202թ. «Մշո ճառընտիրը» հափշտակել է Բաբերդի այլազգի դատավորն ու երկու տարի Խլաթում թաքցնելուց հետո 4000 արծաթով վաճառել Մշո Առաքելոց վանքին: Հանգանակությունը կատարել էին գյուղացիները: Ձեռագիրը որպես սուրբ մասունք երեք դար պահվել է վանքում, սակայն Մեծ եղեռնի օրերին, բազմաթիվ մագաղաթների օրինակով վտանգված էր նաեւ «Մշո ճառընտիրի» ճակատագիրը: Երկու գեղջուկ հայուհիներ անգին ձեռագիրը գտնում են քանդված վանքում: Նրանք գիտակցում են ձեռագրի արժեքն ու կարեւորությունը եւ որոշում փրկել թուրք զավթիչներից: Բայց քանի որ գիրքը ծանր էր, «Մշո ճառընտիրը» երկու մասի են բաժանում եւ բերում Արեւելյան Հայաստանՙ այդ կերպ փրկելով ձեռագիրը թուրք մարդասպաններից:

Սա հավատքի եւ հայրենասիրության մասին լավագույնն օրինակն է, որն ուսուցողական պետք է լինի նաեւ այսօր: Այս երկու կանանց հավատն ու անձնազոհությունն է խորհրդանշում Դավիթ Երեւանցու նորաբաց քանդակը, որը տեղադրված է Տերյան-Մոսկովյան խաչմերուկումՙ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առթիվ: Քանդակը շրջապատված էր հայ մեծանուն բանաստեղծներիՙ Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի, Վիլյամ Սարոյանի արձաններով, վերածվելով մեկ ամբողջության:

Երեք մետր բարձրությամբ բրոնզաձույլ արձանը կոչված է մեծարելու հայ կնոջըՙ ազգային ինքնության եւ մշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած բացառիկ դերակատարման համար: Քանդակագործն ինքն էլ նշանակալի ներդրում ունի Սփյուռքում հայապահպանության եւ Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման եւ զարգացման մեջ: Երեանցու գործերը կարելի է տեսնել աշխարհի բազմաթիվ երկրներում: Միայն Փարիզում եւ նրա արվարձաններում Երեւանցին Հայոց ցեղասպանության թեմայով մի քանի գործեր է ստեղծել, որոնցից «Կոմիտասը» բարձր գովասանքների է արժանացել ոչ միայն հայ, այլեւ արտասահմանցի արվեստագետների կողմից: Երեւանցու ստեղծագործություններին ծանոթ են նաեւ մայրաքաղաքում: Մասնավորապես հայտնի է նրա «Վիլյամ Սարոյան» արձանըՙ տեղադրված Օպերայի եւ Կասկադի հարեւանությամբ: Երեւանցին խոստովանում էՙ ստեղծագործելիս ոգեշնչվում է գեղեցկությունից, հայրենասիրությունից, սիրուց ու գեղեցիկ կնոջից, սակայն այս քանդակը ստեղծելիս բացառապես ոգեշնչվել է Չարենցով: «Քանդակը կոչվում է «Վարք հավերժության»: Ես կարող էի այլ լուծում տալ, սակայն հիշելով Չարենցի միասնական հաղթանակի գաղափարը, հենց այս քանդակը ստացաՙ կանայք բաժանում են գիրքը ու մեջք մեջքի կանգնած, միասնական ջանքերով փրկում հայոց հավատքի վաղվա լուսաբացը», ասում է Երեւանցին:

«Նրանց քայլն ուղղված է հավերժության: Սա ոչ այլ ինչ է, քան անձնվեր հայ կանանց վարքն առ հավերժության», հուշարձանի բացմանն ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանըՙ հավելելով, որ հայ ժողովուրդը ստեղծել է մի քանի տասնյակ հազարից ավելի ձեռագրեր, որոնք սփռված են աշխարհով մեկ եւ պահվում են տարբեր գրադարաններում ու թանգարաններում:

«Հայրենիքից դուրս գտնվելու պատճառը մեկն էՙ հայկական ձեռագրերն իր ժողովրդի նման կրել են պատմական ողբերգական իրադարձության ազդեցությունը: Հայը սրբությամբ է վերաբերվել իր ձեռագրերին: Պատմություններ կան, թե ինչպես են դժվարին պահերին փրկել ոչ թե տարիների ընթացքում կուտակած հարստությունը, այլ հոգեւոր արժեքները, գրքերը, քանի որ այնտեղ էին ամրագրված հայ լեզուն, մտածողությունը, ազգային ինքնությունն ու հարատեւելու յուրահատուկ կոդը», ասաց նախարարը:

Արձանի բացմանը, որ տեղի էր ունենում Հայ գրատպության 500-ամյակի եւ Երեւանը 2012թ. գրքի մայրաքաղաք հռչակվելու միջոցառումների շրջանակներում, ներկա էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4