Վրաստանում ՀՀ դեսպանության եւ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի հովանավորությամբ եւ նախաձեռնությամբ, «Վրաստանի հայ համայնք», «Վրաստանի հայերի ազգային կոնգրես» եւ «Թբիլիսյան հայերի ասամբլեա» կազմակերպությունների աջակցությամբ Թբիլիսիում մեկնարկեց Հայոց մեծ եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:
Ապրիլի 21-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ դասական երաժշտության երեկոն, որի ընթացքում կատարումներով հանդես եկավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախումբը:
Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Երանյանի, Բախի, Շուբերտի, Պերգոլեզիի, Կաչինինի ստեղծագործությունները:
Հայոց Մեծ եղեռնի 97-րդ տարելիցին էր նվիրված երիտասարդ երգահան Հովհաննես Համբարձումյանի «Պատարագի» պրեմիերան, որը կատարվեց Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան երաժշտանոցի ուսանողների նվագակցությամբ:
Երեկոյի ավարտին իր օրհնության ու գնահատանքի խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը: Անդրադառնալով Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա խորհրդին` Սրբազան հայրը նշեց, որ դա բոլորին համախմբելու եւ անմարդկային խոշտանգումներով զոհված ու առանց շիրիմի եւ տապանաքարի մնացած հայերի հիշատակին աղոթք բարձրացնելու օր է:
Միջոցառման տեսանյութը կարելի է բեռնել հետեւյալ ինտերնետային կայքից` http://www.mfa.am/video/video.html: