Շատերի հիշողությունից չեն ջնջվում Տավիանի եղբայրների նկարահանած «Արտույտների ագարակը» ֆիլմը, որը Երեւանում առաջին անգամ ցուցադրվեց 2007-ին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման օրը: Այդ օրը նաեւ կայացավ իտալական արդի եւ ժամանակակից գրականության Պադովայի համալսարանի պրոֆեսոր տկն Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Այդ վեպը հեղինակի առաջին խոշորածավալ աշխատությունն էր, որը նրան համաշխարհային ճանաչում բերեց: Իտալերենից-հայերեն վեպը թարգմանել է Վենետիկի համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Սոնա Հարությունյանը: Եվ ահա շատ չանցած, Անտոնիա Արսլանը, տեսնելով վեպի ու ֆիլմի հանդեպ համաշխարհային հետաքրքրությունն ու հնչեղությունը, 2009-ին ավարտում է «Արտույտների ագարակը» վեպի հերոսների ճակատագրերին վերաբերող եռապատումի «Զմյուռնիայի ճանապարհը» վեպը: Այդ վեպի թարգմանությունը հեղինակը կրկին վստահում է Սոնա Հարությունյանին: Եվ ահա, երբ Երեւանը նշում է հայ գրատպության 500-ամյակը, նախարարության հրավերով Երեւանում են Անտոնիա Արսլանը, Սոնա Հարությունյանը:
Երեկ Գաֆէսճեան թանգարանի սրահում կայացավ հանդիպում Անտոնիա Արսլանի եւ թարգմանչուհի Սոնա Հարությունյանի հետ: Հանդիպումը բացեց մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը եւ ներկայացրեց Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» եռագրության 2-րդ գիրքըՙ «Զմյուռնիայի ճանապարհը» վեպի հայերեն տարբերակը, որը հրատարակվել է պետական պատվերով «Զանգակ» եւ «Սահակ Պարթեւ» հրատարակչության կողմից 500 օրինակով: Գրքի խմբագիրն է բան. գիտ. դոկտոր Սոնա Սեֆերյանը: Չնայած «Արտույտների ագարակը» թարգմանվել է 20 լեզվով եւ հինգ անգամ վերահրատարարկվել, «Զմյուռնիայի ճանապարհը» վեպը 2009-ին միայն իտալերենով հրատարակվելուց հետո տկն Անտոնիա Արսլանը պարգեւատրվեց ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով»: Եվ ահա, երբ ընթերցողներին է ներկայացվել այդ վեպի հայերեն թարգմանությունըՙ հեղինակը արժանանում է «Ներսես Շնորհալի» շքանշանի:
Սեյրանուհի Գեղամյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի տկն Անտոնիա Արսլանը ավարտել է ու իտալերեն լեզվով տպագրել «Մշո ճառընտիր» հայկական ամենամեծ ձեռագրի փրկության պատմությունը: «Ազգի» հարցին, թե որ թվականից է շարունակվում «Արտույտների ագարակը» վեպի հերոսների դեգերումները, հեղինակն ասաց. «Սկսել եմ 1916 թվականից, երբ տեղահան արված հայերի ճամփաբաժանը Սիրիայի Հալեպ քաղաքն էր: Ահա այստեղից էլ շարունակվում է նախորդ վեպում անավարտ մնացած պատմության թելը: Ողբերգությունը կատարվել էր, սակայն ճակատագրի բերումով ինչ-որ մեկը փրկվել էր: Բայց սարսափը միայն նոր էր սկսվում: Տղամարդկանց կոտորածներին հետեւում էին դեպի Դեր Զորի անապատ ուղղված քարավաններըՙ մահվան երթի ելած կանայք, երեխաներ ու ծերեր: Նրանց մեջ էին Շուշանիկը, դուստրերը, տալերը ու Նուբարըՙ միակ որդին, որը փրկվել էր աղջկա շոր հագած լինելու շնորհիվ: Ահա այստեղ ավարտվում է «Արտույտների ագարակը»: Ահա այդ երեք աղջիկներըՙ Արուսյակը, Նվարդը, Անրիեթն եւ փոքրիկ Նուբարը հասնում են Իտալիա, որտեղ նրանց էին սպասում Երվանդ հորեղբայրը եւ Էդուարդ ու Քայել զարմիկները: Իսկ թե հետո ինչ եղավ նրանց հետ, կիմանաք, երբ կարդաք վեպս: Կարծում եմ այն ձեզ շատ դուր կգա», ասաց տկն Արսլանը: Նա ավելացրեց, որ վեպը գրել է պատմական փաստերի հիման վրաՙ գեղարվեստական երանգավորմամբ:
Տկն Արսլանը պատմում էր, թե ինչ դժվարություններ ու խոչընդոտներ են ստեղծել Տավիանի եղբայրների համար եւ հինգ անգամ խանգարել նկարահանումներին: Բազմաթիվ բողոքների, նամակների արդյունքում Իտալիայի կառավարությունը դադարեցրել է ֆիլմի ֆինանսավորումը եւ այն ավարտվել է միայն Տավիանի եղբայրների անձնական ֆինանսների շնորհիվ: «Այդ ֆիլմը միակ կինոժապավենն է, որ Հայոց ցեղասպանությունը ներկայացնում են օտարազգի ռեժիսորներ: Սիրտս լի է խինդով եւ այսօր ցանկանում եմ ձեզ մի նոր բան ասել: Մի քանի օր առաջ ձեռքս ընկավ պապիս ծննդականի պատճենը, որը պապս հանձնել էր Պադովա քաղաքում ամուսնության ժամանակ, եւ ես առաջին անգամ տեսա, որ այդ փաստաթղթի մեջ կա գրված պապիս մոր անունըՙ Իսկուհի, որը իմ վեպի հերոսներից մեկի անունն է: Իսկուհի Քարդաշյանը մահացել է ծննդաբերության ժամանակ: Ահա այսպիսի դիպված, երկար տարիներ անց: Գուցե ինչ-որ տեղ հայկական կանչն էր: Ես հպարտ եմ, որ անդրադարձել եմ այդ թեմային, որն էլ ֆիլմի սցենարի հիմք է հանդիսացել: Իսկ թե հավանե՞լ եմ ֆիլմը ձեր հարցին ասեմ. կատարյալ չէ, բայց կատարյալ ոչինչ չկա, կարեւորը որ դա հիմք հանդիսանա այլ ֆիլմերի ծննդին»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ