«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2012-04-20 | #73, 2012-04-21 | #74, 2012-04-24


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ 4 ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑԻՆ

Սոֆիայում անցկացված ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում հաջող հանդես եկան ՀՀ հավաքականի անդամներըՙ նվաճելով օլիմպիական ուղեգրեր: Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի մասնակիցներ դարձան ազատոճային ըմբիշներ Դավիթ Սաֆարյանն (66 կգ) եւ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ), հունահռոմեական ոճի ըմբշամարտի ներկայացուցիչներ Արթուր Ալեքսանյանը (96 կգ) եւ գերծանրքաշային Յուրի Պատրիկեեւը: Օլիմպիական ուղեգրերին արժանանալու համար ըմբիշներին անհրաժեշտ էր մտնել եզրափակիչ:

Առաջինը մրցասպարեզ դուրս եկան ազատոճայինները: Դավիթ Սաֆարյանը հաջորդաբար պարտության մատնելով շվեյցարացի Սթիվեն Գրաֆին, ռումինացի Յան Կեաբանին եւ գերմանացի Սեբաստիան Դաումին, մտավ եզրափակիչ ու ապահովեց ուղեգիրը: Վճռորոշ գոտեմարտում Սաֆարյանը 0-3 հաշվով զիջեց Բելառուսի ներկայացուցիչ Ալի Շաբանաուին:

Իսկ ահա Հաջիմուրադ Նուրմագոմեդովը ոչ միայն օլիմպիական ուղեգիր նվաճեց, այլեւ հաղթող դարձավ մինչեւ 84 կգ քաշայինների մրցավեճում: Նա պարտության մատնեց իր բոլոր մրցակիցներինՙ ալբանացի Էգզոն Շալային, մոլդովացի Պյոտր Յանուլովին, շվեյցարացի Լուկաս Ռիսենին եւ թուրք Իբրահիմ Բոլուկբասիին:

Ազատոճային մեր մյուս ըմբիշներըՙ Նարեկ Սանոյանը (60 կգ), Սուրեն Մարկոսյանը (74 կգ), Էդգար Ենոքյանը (96 կգ) եւ Ռուսլան Բասիեւը (գերծանր քաշ) անհաջող հանդես եկան: Մարկոսյանն ու Բասիեւն իրավունք էին ստացել վիճարկելու բրոնզե մեդալը, սակայն մրցանակակիր դառնալ էլ չհաջողվեց:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի համար ընթացիկ մրցաշրջանը հաջող է: Վերջերս նա Եվրոպայի չեմպիոն հռչակվեց, Սոֆիայում էլ օլիմպիական ուղեգիր նվաճեց: Ալեքսանյանը դարձավ մրցաշարի հաղթողՙ առավելության հասնելով Սլովակիայի ներկայացուցիչ Ֆիլիպ Կոժեգնու, նորվեգացի Մարտին Նիլսենի, լիտվացի Վիլյուս Լաուրինայտիսի, Ադրբեջանը ներկայացնող վրացի Շալվա Գադաբաձեի եւ էստոնացի Արդո Արուսարի նկատմամբ:

Գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւն էլ մրցակցությունից դուրս էր: Նա էլ հաղթեց իր բոլոր մրցակիցներինՙ հույն Քսենոֆոն Կուտսիոմպասին, ռուսաստանցի Հասան Բարոեւին, վրացի Սերգո Գոգիսվանիձեին եւ ուկրաինացի Եվգենի Օռլովին:

Մեր մյուս ըմբիշներըՙ Ռոման Ամոյանը (55 կգ), Ալեքսան Միքայելյանը (60 կգ), Սասուն Ղամբարյանը (66 կգ) եւ Հրաչյա Հովհաննիսյանը (84 կգ) մնացին ձեռնունայն: Ընդ որում Ռոման Ամոյանը դարձավ բրոնզե մեդալակիրՙ վճռորոշ գոտեմարտում հաղթելով ֆինն Յանի Հապամակիին: Հովհաննիսյանն էլ իրավունք էր ստացել վիճարկելու բրոնզե պարգեւը, սակայն մրցանակակիր դառնալ չհաջողվեց:

Այսպիսով, հայ ըմբիշները յուրաքանչյուր ոճում օլիմպիական 3 ուղեգիր ունեն: Նրանց թիվը Լոնդոնում կարող է աճել առաջիկա 2 վարկանիշային մրցաշարերում հաջողության հասնելու դեպքում: Ապրիլի 27-ին հաջորդ մրցաշարը կմեկնարկի Չինաստանում, որտեղ քաշային յուրաքանչյուր կարգում 3 ուղեգիր կխաղարկվի: Իսկ մայիսի 4-6-ը Հելսինկիում կխաղարկվեն վերջին ուղեգրերը: Ֆինլանդիայի մայրաքաղաքում ուղեգրեր կստանան եզրափակիչ մտած ըմբիշները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4