Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը միացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի «Այլեւս երբեք» խորագիրը կրող նախագծին: Այն նպատակ ունի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռել Հայոց ցեղասպանությանը եւ մարդկության նկատմամբ իրագործվող բռնություններին, միաժամանակ աշխարհին հույսի եւ խաղաղության կոչ հղել:
Իր մամուլի քարտուղարությանն Արթուր Աբրահամն հետեւյալն է ասել. «Միանում եմ «Այլեւս երբեք» նախագծինՙ դատապարտելով մարդկության հանդեպ ոճրագործությունները, այդ թվում նաեւ Հայոց մեծ եղեռնը: Ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման նպատակով պատրաստ եմ գործադրել ողջ ջանքերս: Բոլորս դեպի խաղաղություն»:
Երեւանում Արթուր Աբրահամը հանդիպել է Ֆլորա Մարտիրոսյանի հետ ու ծանոթացել նախագծի մանրամասներին, առաջիկա ծրագրերին: Երգչուհին նշել է, որ Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում 2011-ի նոյեմբերի 1-ին մեկնարկած խաղաղության համերգաշարը շարունակություն կունենա Ռուսաստանում, Եվրոպայում, Արեւելքի երկրներում, իսկ 2015-ինՙ Հայաստանում: Նշենք, որ Լոս Անջելեսի համերգին Հայոց ցեղասպանությանը «ոչ» են ասել մի շարք հանրահռչակ երգիչ-երգչուհիներ: