Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում երկրի չեմպիոն «Ուլիսը» շարունակում է տհաճ անակնկալներ մատուցել իր երկրպագուներին: Հերթական տուրում չեմպիոնը 1-2 հաշվով պարտվեց առաջնության հետնապահ «Արարատին» ու եզրափակեց աղյուսակը: Արդեն 14-րդ րոպեին ուլիսցի Շոթա Ջիքիան բացեց հաշիվը: Թվում էր, թե վերջապես «Ուլիսն» առաջին հաղթանակը կտոնի, սակայն հետագայում Տիգրան Ղարաբաղցյանն ու Տիգրան Ոսկանյանը գրավեցին մրցակցի դարպասն ու «Արարատին» 3 միավոր պարգեւեցին:
Իսկ ահա «Միկան» իր երկրպագուներին շարունակում է ուրախություն պատճառել: Թիմը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ 2-1 հաշվով առավելության հասնելով «Բանանցի» նկատմամբ, որին վերջին 7 հանդիպումներում չէր կարողանում հաղթել: Ընդ որում պարտությունում մեղավոր էին «Բանանցի» ֆուտբոլիստները, որոնք նախ չօգտագործեցին գոլ խփելու հիանալի պահերը, ապա խաղավերջում կոպտորեն սխալվեցին: Առաջին խաղակեսի ավարտին Գեւորգ Կարապետյանը գլխի հարվածով բացեց հաշիվը: Ընդմիջումից հետո նա կարող էր 2-րդ անգամ գրավել «Միկայի» դարպասը, սակայն մոտ տարածությունից վրիպեց: Իսկ ահա դաշտի տերերը օգտագործեցին իրենց հնարավորությունը: Նախ Ալեքսն անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով վերականգնեց հավասարակշռությունը, ապա վերջին րոպեին օգտվելով մրցակցի պաշտպանի կոպիտ սխալից, Սեմյոն Մուրադյանը խփեց հաղթական գնդակը:
Վերջապես հաղթանակ տոնեց «Փյունիկը», որն Իջեւանում պարտության մատնեց «Շիրակին»: Խաղի ելքը վճռեց Կամո Հովհաննիսյանի խփած միակ գնդակը: Կապանում էլ իմպուլսցի Նորայր Գյոզալյանի խփած միակ գոլը թիմին հաղթանակ պարգեւեց «Գանձասարի» հետ մրցավեճում:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Միկա | 4 | 4 | 0 | 0 | 9-3 | 12 |
2. Իմպուլս | 4 | 3 | 0 | 1 | 9-4 | 9 |
3. Գանձասար | 4 | 2 | 1 | 1 | 4-1 | 7 |
4. Շիրակ | 4 | 2 | 0 | 2 | 3-5 | 6 |
5. Բանանց | 4 | 1 | 1 | 2 | 5-6 | 4 |
6. Փյունիկ | 4 | 1 | 1 | 2 | 3-5 | 4 |
7. Արարատ | 4 | 1 | 0 | 3 | 4-10 | 3 |
8. Ուլիս | 4 | 0 | 1 | 3 | 2-5 | 1 |
Ռմբարկուները
Աղվան | Մկրտչյան «Միկա» 3 |
Նորայր | Գյոզալյան «Իմպուլս» 3 |