«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2012-04-20 | #73, 2012-04-21 | #74, 2012-04-24


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

Դուբայի շախմատի մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրեասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը 6 միավորով գտնվում են առաջատարներին հետապնդող շախմատիստների թվումՙ հավակնելով մրցանակների: Աղյուսակը 6,5-ական միավորով գլխավորում են լատվիացի Նորմունդս Միեզիսը եւ հնդիկ Չանդա Սանդիպանը: Ավարտականՙ 9-րդ տուրում երկու առաջատարները մրցելու են միմյանց հետ: Վիճակահանության քմահաճույքով հայ շախմատիստներից Վլադիմիր Հակոբյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն էլ մրցակիցներ են լինելու ավարտական տուրում: Անդրեասյանի մրցակիցն է Աբհիջեթ Գուպտան, իսկ Պետրոսյանը խաղալու է Եվգենի Միրոշնիչենկոյի հետ: Վերջին 2 տուրերում հայ շախմատիստներից առավել հաջողը Զավեն Անդրեասյանի, Կարեն Գրիգորյանի եւ Մարկ Բասենչյանի ելույթն էր, որոնք 3 հնարավորից 2,5-ական միավոր վաստակեցին: Իսկ ահա Հակոբյանն ու Ավետիք Գրիգորյանը 3 պարտիաներն էլ ավարտեցին ոչ-ոքի: Վերջինս վաստակել է 5 միավոր: Նույնպիսի արդյունք ունեն Դավիթ Պետրոսյանը, Գեւորգ Հարությունյանը եւ Վահե Բաղդասարյանը: Կարեն Գրիգորյանի հաշվին գրանցված է 5,5 միավոր: Գրիգոր Դիլանյանն ու Մարկ Բասենչյանն ունեն 4,5-ական միավոր:

Մրցաշարի հանգստյան օրը մասնակիցներից շատերն իրենց ուժերը չափեցին կայծակնային խաղում: 9 հնարավորից վաստակած 7,5 միավորով հաղթող ճանաչվեց վրացի Բայադուր Ջոբավան: Ավետիք Գրիգորյանը, Միխեիլ Մչեդլիշվիլին, Վլադիմիր Բակլանը եւ Ալեքսանդր Կովչանը հաղթողին զիջեցին կես միավորով: Գրիգորյանը տոնեց 6 հաղթանակ, 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի, միակ պարտությունը կրեց չինացի Վեյգի Ժոուից:

6,5 միավորով Զավեն Անդրեասյանը գրավեց 6-րդ տեղը, որին հաջորդեց Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ Վահե Բաղդասարյանը նույնպիսի արդյունքով 9-րդն էր: 6-ական միավոր վաստակեցին Տիգրան Պետրոսյանը, Գեւորգ Հարությունյանն ու Գրիգոր Դիլանյանը: Կարեն Գրիգորյանը վաստակեց 5,5, Դավիթ Պետրոսյանըՙ 5, Մարկ Բասենչյանըՙ 4 միավոր: Վլադիմիր Հակոբյանը կայծակնային մրցաշարին չմասնակցեց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4