Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը հաղթող ճանաչվեց Բեյրութի շախմատի մրցաշարումՙ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր: 79 մասնակիցների մեջ Քոթանջյանն իր վարկանիշով (2522) առաջինն էր ու կարողացավ զբաղեցնել աղյուսակի ամենավերին հորիզոնականը: Նա կես միավորով գերազանցեց Ուզբեկստանը ներկայացնող Ալեքսեյ Բարսովին: 3-րդ տեղը գրավեց Չեխիայի ներկայացուցիչ Իգոր Ռաուսիսը:
Քոթանջյանը վստահ անցկացրեց ողջ մրցաշարըՙ մնալով անպարտելի: Նա մեկնարկեց 5 անընդմեջ հաղթանակովՙ հաջորդաբար պարտության մատնելով լիբանանցիներ Վաել Աթիեհին եւ Ժիրայր Օհանյանին, գերմանացի Ֆրիդեման Բրոքին, հորդանանցի Սամի Խադերին եւ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Բարսովին: Միայն 6-րդ տուրում Չեխիայի պատվիրակ Իգոր Ռաուսիսին հաջողվեց կանգնեցնել Քոթանջյանի հաղթարշավը ու պարտիան ավարտել ոչ-ոքի: Ավարտական 3 տուրերում հայ շախմատիստը հաղթեց սիրիացի Ժվան Բաքրին, ոչ-ոքի խաղաց ուկրաինուհի Լիզա Սոլովյովայի հետ եւ պարտության մատնեց լիբանանցի Ֆայսալ Խաիրալահին: